
Ի՞նչ պատժաչափ կընտրվի Միքայել սրբազանի համար. հայտնի է որոշումը հրապարակելու օրն ու ժամը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր հրապարակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը: Սրբազանը, հիշեցնենք, մեղադրվում է հեղաշրջման կոչ անելու մեջ:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում մեղադրանքը: Հանրային մեղադրողներն այդպես էլ ողջ դատաքննության ընթացքում չկարողացան ապացուցել, որ կոչ եղել է:
Նախորդ դատական նիստին դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր ճանաչեց Միքայել սրբազանին՝ խափանման միջոցը թողնելով նույնը:
Այսօր լրացուցիչ դատալսումների փուլն է. կորոշվեն Միքայել սրբազանի պատժի տեսակն ու պատժաչափը:
Մինչ բուն գործընթացին անցնելը, սակայն, պաշտպան Արա Զոհրաբյանը կրկին բացարկ հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին՝ նախորդ դատական նիստից հետո քրեադատավարական օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջները խախտելու համար:
«Ինչո՞ւ չեք ուզում սրբազանին «արև դիպչի», ունեք խտրական վերաբերմունք»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Դատավորը մերժեց բացարկի միջնորդությունը, ինչից հետո հանրային մեղադրողը միջնորդեց դատարանին Միքայել սրբազանի նկատամամբ որպես պատիժ կիրառել 2 տարի 6 ամիս ազատազրկումը:
Պաշտպան Երեմ Սարգսյանը տարակուսած էր դատախազի պահանջից:
«Միքայել սրբազանը հայ հավատքի սյուներից մեկն է, թեմի առաջնորդը, և սա ազդեցություն չունի: Վստահ ենք, որ Դուք ազատազրկում եք նշանակելու»,- ասաց Երեմ Սարգսյանը դատավորին:
Նա նշեց, որ ազատազրկումն այս հոդվածով ծանրագույն պատիժ է, և սա այն դեպքում, երբ կան նվազ ծանր պատժամիջոցներ, ընդհուպ՝ կարճաժամկետ ազատազրկում, սակայն դատախազն ընտրել է ծանրագույն պատիժը:
Երեմ Սարգսյանը հիշեցրեց Վազգեն Մանուկյանի հետ կապված դատաքննությունը, երբ վերջինիս նկատմամբ կիրառվեց ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:
Պաշտպանական կողմի ելույթներից հետո դատարանը հեռացավ առանձին սենյակ: Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 15:30-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: