Վլադիմիր Վարդանյանին մի քանի անգամ դիտողություն արեցի, որ իրեն նորմալ պահի. Մհեր Սահակյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Մարտի 31-ին Ազգային ժողովի (ԱԺ) Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր գրանցվել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, որից հետո «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:
Ըստ ականատեսների՝ միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ոստիկանության աշխատակիցները, որոնք անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ընդդիմադիր պատգամավորին:
Պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում էր Ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ): Ինչպես ավելի վաղ ներկայացրել էր նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը, Մհեր Սահակյանի նկատմամբ կիրառված ձերբակալման ժամկետը լրանում է այսօր՝ ժամը 12:10-ին։
Այս պահին նրա ընկերները, կուսակիցներն ու համակիրները հավաքվել են ՁՊՎ-ի բակում ու սպասում են պատգամավորին:
Հիշեցնենք, որ Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու (քրեական հետապնդում հարուցելու) համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը, և առայժմ այն առկա չէ։ Քրեական հետապնդում հարուցելու կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար Ազգային ժողովին միջնորդելու բացառիկ լիազորությամբ օժտված է գլխավոր դատախազը։ Պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման միակ ձևը սա է, և առայժմ նման միջնորդագիր ներկայացված չէ։ Համաձայն օրենքի՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը պետք է քննարկվի «Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» (ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենք, 108-րդ հոդված). ԱԺ առաջիկա հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 11-ին։
Լրագրողների հետ ճեպազրույցում Մհեր Սահակյանը ներկայացրեց դեպքի իր տարբերակը:
«Մի քանի անգամ դիտողություն արեցի, որ իրեն նորմալ պահի: Ու դա առաջին դեպքը չէր: Դիմել եմ անհրաժեշտ ինքնապաշտպանության ու մեկ անգամ հարվածել եմ: Հարվածել եմ ձեռքով, ձեռքս էլ կոտրվել է: Հեռացել եմ դահլիճից ու գնացել եմ մեր փորձագետների սենյակ»,- ասաց Մհեր Սահակյանը:
Ըստ նրա՝ եթե վարույթն իրականացնող մարմինը կգտնի, որ ինքն անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանը, ինքը պատրաստ է պատասխան տալ:
Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ Մհեր Սահակյանին կալանավորելու որևէ հիմք չկա:
«Այս պահին անգամ մեղադրանք չկա, որովհետև անձեռնմխելիության խնդիր կա»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Մհեր Սահակյանի գործողություններում խուլիգանության որևէ հանցակազմ չկա:
«Վլադիմիր Վարդանյանը հանրությանը ներկայացրել է, որ չգիտի՝ ինչ-որ առարկայո՞վ են հարվածել, թե՞ ոչ, բայց քննիչի ձերբակալման որոշման մեջ գրված է, որ նա հաղորդում տալիս ասել է, որ ինչ-որ առարկայով են իրեն հարվածել»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը: