Մեղք է տեղական արտադրողը. թող ցույց տան մի ոլորտ, որն ամեն տարի 10 տոկոս աճ է ունենում. Թռչնաբույծների միության նախագահ
Թռչնամիս, մասնավորապես՝ հավի միս, Հայաստանում սկսել են ավելի շատ արտադրել, սակայն ներմուծումը շարունակում է զգալիորեն գերազանցել տեղական արտադրությունը:
«Վրաստանից այնքան են թռչնամիս ներմուծել, որ սառեցվածը վերածել են թարմ պաղեցվածի, որի իրավունքը չունեն: Հիմա մենք դիմել ենք Արբիտրաժային դատարան, քանի որ ստեղծում են անհավասար մրցակցություն՝ տեղական և ներկրված թռչնամսի միջև»,- 168.am–ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
«Եթե վրացական թռչնամիսը թարմ պաղեցված է, անվտանգ է ու սալմոնելա չի պարունակում, հակաբիոտիկները նորմայից բարձր չեն, ապա ինչո՞ւ սպառման կետերում խուսափում են գրել, որ Վրաստանի արտադրություն է, արտադրողն էլ այս ընկերությունն է: Չեն գրում, որ տեղականի անվան տակ վաճառե՞ն»,- ասաց Սերգեյ Ստեփանյանը:
Մեր դիտարկմանը, որ որոշ խանութներում վաճառվող թռչնամսի վրա գրված է, որ վրացական է, Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը պարզաբանեց. «Մեր դժգոհության արդյունքում գրել են, բայց մի 10 օր անցնի՝ էլի կհանեն»:
Սերգեյ Ստեփանյանի փոխանցմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրներից միայն մեզ մոտ է, որ թռչնամսի քվոտան զրոյական դրույքաչափով է մաքսազերծվում և այն դեպքում, որ երրորդ երկրները համարվում են ռիսկային:
«Այստեղից առաջանում է անհավասար մրցակցություն: Եթե դու քվոտավորում ես, նշանակում է, որ տեղական շուկան դու շատ խիստ պետք է վերահսկես, որովհետև քվոտա որ տալիս ես, շուկան արդեն բալանսից գցում ես: Որպես տեղական արտադրող՝ թարմ պաղեցված թռչնամիսն ամբողջությամբ ապահովում ենք: Բայց ինքնարժեքով այն ավելի բարձր է, քան ԵԱՏՄ երկրներինը, որովհետև հացահատիկն ամբողջությամբ ներկրում ենք, դրան գումարած՝ դժվարացել է նաև Լարսով բերելը: Այնուհանդերձ, 2022թ. 1400 տոննա ավելին է եղել, քան 2021 թվականին: Մեզ ասացին՝ աճեք, 2023 թվականին կպրծնի քվոտավորումը, կսահմանվեն դրույքաչափեր, որը նշանակում է 50-80 տոկոս ներկրում՝ երրորդ երկրներից, իսկ հիմա զրոյական են սարքել: Դե արի, տեղական արտադրող՝ դիմացի: Մեղք է տեղական արտադրողը, ահագին փող է ներդրել, ուզում են ավելացնել տեղական թռչնամսի քանակը: 10 տարում մենք ամեն տարի 10 տոկոս աճ ենք ունեցել՝ բացի 2020 թվականից, երբ կորոնավիրուս էր: Թող ցույց տան մի ոլորտ, որն ամեն տարի 10 տոկոս աճ է ունենում. բա լավ, ի՞նչ եք ուզում: Մենակ շուկան վերահսկեք»,- ընդգծեց Թռչնաբույծների միության նախագահը:
Նշենք, որ դեռևս 2021թ. հունվարի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%։ Ըստ նախարարի՝ դա Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ։
«Դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ այսօր, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել»: Վահան Քերոբյանն այս գրառմամբ տեղեկացրել էր նաև, որ Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 15 հազար տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44 հազար տոննա: