«Եթե Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմի մեջ, ապա մեր հողի յուրաքանչյուր սանտիմետրը պետք է ուսումնասիրենք ու կազմակերպենք պաշտպանություն». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածք ներխուժմանը:

«Եթե Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է, իրականում դա իրենք տեղում տեսել են և ներկայացրել են մեր հանրությանը, ապա դա նշանակում է, որ դեպքը տեղի է ունեցել։ Բայց սա պետք է տեսնել այլ համատեքստում, առաջին հերթին՝ ըստ էության մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, որովհետև 44-օրյա պատերազմից հետո խաղաղության դարաշրջան հայտարարած երկու կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ականատես ենք լինում Ադրբեջանի մշտական սադրանքներին և հարձակողական գործողություններին»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն սեղմում է օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ, որով երկու նպատակ է հետապնդում։ Նախ, ստանալ «միջանցքը», որին իրենք նախատեսում են և ձգտում են Սյունիքի հատվածում, և երկրորդը՝ հայաթափել Արցախը։ Հետևաբար՝ Ադրբեջանը կարող է ամեն ինչ հայտարարել, որ իբր պատրաստ են ապահովել արցախահայության բոլոր իրավունքներն ու ազատությունները, բայց իրականում հայությունը տեսել է այն ամենը, ինչ եղել է և՛ Խորհրդային Միության  տարիներին, և՛ Արցախի առաջին պատերազմի ժամանակ։

«Եթե հիմա մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմի մեջ, ապա մեր հողի յուրաքանչյուր սանտիմետրը պետք է ուսումնասիրենք ու կազմակերպենք մեր պաշտպանությունը, և այդ պաշտպանության կազմակերպման խնդիրն առաջին հերթին՝ բանակի խնդիրն է։ Այսօր Հայաստանի իշխանությունն ասում է՝ մենք բանակի ստորաբաժանումները պիտի փոխարինենք ԱԱԾ ստորաբաժանումներով, բայց դա կարող են անել այն դեպքում, երբ երկու հակառակորդ պետությունները դարձել են հարևան պետություններ և ուզում են խաղաղ համակեցությամբ ապրել իրար հետ։ Բայց տեսնելով Ադրբեջանի հռետորաբանությունը, ճնշումները Հայաստանի վրա, մենք տեսնում ենք, որ դեռևս գտնվում ենք պատերազմական իրավիճակում։ ԱԱԾ-ն այսօր իր սահմանափակ կարողություններով չի կարող պաշտպանություն իրականացնել ՀՀ սահմանին, սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ այսօրվա իշխանություններն ապրում են մի կյանքով, որ կարծես Հայաստանի ու Արցախի հետ որևէ բան չի պատահել»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։

Կարդացեք նաև

Միաժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծված հարց ուղղեց, թե ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիները Բաքվից եկել ու հասել են Տեղ գյուղ, իրենց հետևում չունենալով ադրբեջանական որևէ բնակավայր՝ ամրապնդվում են, իսկ հայկական կողմն իր հետևում ունենալով բնակավայրեր, սահմանապահ գյուղացիներին միայնակ է թողել ադրբեջանցիների հետ ու ասում է՝ տապակվեք ձեր յուղի մեջ։ Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ այս ամենը մեծ բացթողում է Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարության կողմից։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս