«Ես՝ որպես բժիշկ, չեմ կարող լռել. Թող գնան Ուռուցքաբանության ազգային կենտրոն ու բերեն իրենց սակուրաները շարեն». Քրիստինա Վարդանյան

Մարտի 23-ից մեկնարկել է երկար սպասված` կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով: Այս մասին տեղեկություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ քաղաքի կանաչ ֆոնդն առողջացնելու համար քաղաքում կփոխարինվի ու կտեղադրվի 10 տարեկան ավելի քան 2000 արժեքավոր և գեղազարդ ծառ:

Առաջին հասցեն Կասկադի հարակից տարածքն է, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշել է, որ Քաղաքապետարանը ծառերի փոխարինման հետ կապված կազմակերպել է գիտաժողով, որին մասնակցել են ոլորտի մասնագետներ՝ թեկնածուներ, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ:

«Միաբերան պահանջել են, որպեսզի քաղաքում իրենց կենսունակության ավարտին հասած ծառերը փոխարինենք»,- մանրամասնել է Տիգրան Ավինյանը:

Կարդացեք նաև

Ավելի վաղ Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը գրել էր. «Եթե Երևանի քաղաքապետարանն ուզում է ինքնաոչնչացման կնոպկան սեղմի՝ թող շարունակի Կասկադի ծառերի ոչնչացման կասկածելի ու անգրագետ որոշումը փորձել իրականացնել»:

Նա հիշեցրել է, որ Կասկադը քաղաքի և Կենտրոնի ամենաճանաչված և սիրված վայրերից է նաև տուրիստների համար:

ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ և Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Քրիստինա Վարդանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս գործընթացին՝ ասաց.

«Սակուրայի փոքրիկ ծառեր են, փոքրիկ այգիների համար: Սրանք Ճապոնիայի խոշոր սակուրաները չեն: Այս ծառերը ոչ մի ֆունկցիա չեն կատարում, դեկոր է, մշտադալար ծառերի հետ միասին՝ այգու ինչ-որ հատվածում կոմպոզիցիա են անում: Դա փողոցային կանաչապատման ծառ չի: Օրինակ, թեղին բոլոր տեսակների մեջ ամենաուժեղ փոշեկլանող հատկանիշներն ունի և Երևանի համար լավագույն ծառատեսակն է: Ի դեպ, ես գրավոր բացատրություն եմ ուզել քաղաքապետարանից: Ուզել եմ ծրագրի ամբողջական փաթեթը, գիտական հիմնավորումները, եզրակացությունը, որ սակուրան շատ լավ է: Ինձ պետք է ցույց տան, որ` ըստ այս կամ այն գիտական աշխատանքի՝ թեղին կլանում է միավոր զանգվածով 2 գրամ փոշի, իսկ սակուրան, օրինակ, կլանելու է 12-ը»:

Քրիստինա Վարդանյանը հիշեցրեց՝ հավելյալ ուլտրամանուշակագույն ճառագայթներն ուռուցքային հիվանդությունների պատճառներից մեկն են:

«Ես ուզում եմ, որ իմ քաղաքում լեյկոզի քանակը քչանա: Մենք հասել ենք աշխարհի առաջատարներին, իրավունք չունենք գեղեցկության մասին խոսել: Մենք շատ մեծ ստվերի կարիք ունենք, որովհետև հավելյալ ուլտրամանուշակագույն ճառագայթներն ուռուցքային հիվանդությունների պատճառներից մեկն է: Երևանը հիշեք հուլիս ամսին: Պատկերացնո՞ւմ եք՝ Թամանյանի արձանի մոտ հուլիս ամսին կանգնես: Հացենիներն ինչո՞ւ կտրեցին: Սա հանցագործություն է ամբողջ ազգաբնակչության համար, իսկ ես՝ որպես բժիշկ, չեմ կարող լռել: Թող իրենք բոլորն ասեն, որ անգրագետ եմ, բայց չեմ լռելու: Ես բժիշկ եմ, քաղաքականությունից դուրս: Երբ մտնում եմ օնկոլոգիայի բաժանմունք՝ հերթերից սարսափում եմ: Թող գնան Ուռուցքաբանության ազգային կենտրոն ու բերեն իրենց սակուրաները շարեն»,- ընդգծեց ավագանու անդամը:

 

Տեսանյութեր

Լրահոս