
6 միլիոն դրամ՝ Մարսելի քաղաքապետի այցի համար․ գնումը կատարվել է մեկ անձից եղանակով

Սույն թվականի մայիսի 1-6-ը Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի երևանյան այցը քաղաքապետարանի վրա արժեցել է 6 միլիոն դրամ։
Ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացված պայմանագրի՝ մատակարար ընկերությունը «Էլիտար» ՍՊԸ-ն է, գնումը կատարվել է ոչ մրցակցային՝ մեկ անձ գնման ընթացակարգով։
Ընկերությունը 6 միլիոն դրամի շրջանակում պարտավորվել է կազմակերպել մինչև 30 անձի համար նախատեսված պաշտոնական ճաշ, մինչև 60 անձի համար՝ ֆուրշետ, ապահովել ներկայացուցչական մեքենա՝ S դասի, մինչև 15 անձի համար նախատեսված միկրոավտոբուս՝ համապատասխան փորձ ունեցող վարորդով, վառելիքը՝ ներառյալ, ինչպես նաև՝ պատվիրակության 9 անդամի անունով նվերներ։
Մատակարար ընկերությանը՝ «Էլիտար» ՍՊԸ-ին 168․am-ն անդրադարձել էր 2023 թվականին, երբ Էկոնոմիկայի այդ ժամանակվա նախարար Վահան Քերոբյանն «Էլիտար» ՍՊԸ-ին էր հատկացրել 48 միլիոն 890 հազար դրամ՝ «Միջազգային ճանաչողական այցերի կազմակերպում միջոցառում»-ն իրականացնելու համար:
Հենց այդ ժամանակ տեղեկացրել էինք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալներով՝ 1997 թվականին գրանցված ընկերության իրական շահառուներն են Լորիտա Հակոբյանը՝ ուղղակի մասնակցությունը՝ 80 տոկոս, և Սամվել Կարաբեկյանը՝ 20 տոկոս: ՍՊԸ տնօրենը Սամվել Կարաբեկյանն է:
Ըստ 2025 թվականի հունվարին ներկայացրած վերջին հայտարարագրի՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Ռոբերտ Հակոբյանին, սակայն տնօրենը դարձյալ Սամվել Կարաբեկյանն է։
Ընկերությունը պետգնումներում սկսել է գերակտիվություն ցուցաբերել 2022 թվականից. մինչև 2018 թվականի հայտնի իրադարձությունները՝ «Էլիտար» ՍՊԸ-ի հետ կնքվել է 1 պայմանագիր՝ 2016 թվականին ԲԸԱՀ (բանակցային ընթացակարգի հայտարարություններ) ընթացակարգով:
Պետգնումներում նոր պայմանագրերն ի հայտ են գալիս արդեն 2022 թվականից, և հետաքրքրական է, որ 2018 թվականից ցայսօր կատարված 8 խոշոր գնումները ոչ մրցակցային՝ մեկ անձից կամ դրամաշնորհային եղանակով են եղել։ Այդ թվում՝
2024 թվականին ընկերությունը 5․000․000 դրամով դարձյալ մեկ անձից գնման եղանակով Երևանի քաղաքապետարանին մատուցել է պատվիրակության ընդունելության ծառայություններ,
2024 թվականին այս ընկերության հետ դրամաշնորհի ևս մեկ պայմանագիր էլ կնքել է Էկոնոմիկայի նախարարությունը՝ Հորդանանում, Ճապոնիայում և Իսպանիայում գովազդային երեք արշավի իրականացման համար հատկացնելով 74 միլիոն 880 000 դրամ։