2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը դասալքության դրվագներով քանի՞ քրեական գործ է հարուցվել. մանրամասներ
Օգոստոսի 25-ին 168.am-ը ՀՀ գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների (2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում) կամ պատերազմական քրեական գործերի շրջանակում դասալքության դրվագներով քրեական քանի գործ է հարուցվել, ինչ փուլում են դրանք, քանիսն է ուղարկվել դատարան:
Պատասխանելով մեր հարցադրմանը՝ Գլխավոր դատախազությունն իր գրության մեջ նշել է, որ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների, դրանցով քրեական շարժընթացի վերաբերյալ վիճակագրական տվյալների առանձին հաշվառում ՀՀ գլխավոր դատախազությունում չի վարվում, և, որ դատախազությունում վիճակագրություն վարվում է միայն դատախազական գործառույթների կտրվածքով:
«Հանցագործությունների ծնող պայման-պատճառների վերհանման, դրանց նախականխման և կանխման, հանցագործությունների դեմ պայքարի գործուն միջոցներ ձեռնարկելու և միասնական քրեական քաղաքականություն մշակելու, ՀՀ Ազգային ժողովին ներկայացվող ՀՀ դատախազության գործունեության մասին ամենամյա հաղորդման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ բնույթի հաղորդումների ներկայացման և հրապարակման նպատակով ՀՀ դատախազությունում ուսումնասիրություններ և ամփոփումներ կատարելու համար հիմք են հանդիսանում ՀՀ ոստիկանությունից և քննչական մարմիններից ստացվող վիճակագրական և այլ տվյալները:
Վերոնշյալ նպատակներով հավաքագրված և մշակված տեղեկատվության առկայության դեպքում միայն դրանք տրամադրվում են տվյալ պահին ստացված հարցումներին ի պատասխան, կամ հրապարակվում են ՀՀ դատախազության կողմից պաշտոնական հաղորդագրությունների տեսքով:
Ըստ այդմ՝ հարցմամբ հայցվող՝ վերոնշալ նպատակներով որոշակի ձևաչափով հավաքագրված տվյալներ ՀՀ գլխավոր դատախազությունում առկա են միայն 2022թ. հունիսի 1-ի դրությամբ:
Համաձայն վերջինիս՝ խնդրո առարկա ժամանակահատվածում գործող ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) հատկանիշներով հարուցվել է 214 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 59 զինծառայող, այդ թվում՝ 1 շարքային և 58 պահեստազորային:
Դատարան է ուղարկվել նշված հոդվածով 1 քրեական գործ, իսկ 11 գործով նախաքննությունը 2022թ. հունիսի 1-ի դրությամբ շարունակվել է:
Բացի այդ, ՀՀ քրեական նախկին (տվյալ ժամանակահատվածում գործող) օրենսգրքի 361-րդ հոդվածի 6-րդ մասի (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) հատկանիշներով հարուցվել է 192 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 71 զինծառայող, այդ թվում՝ 2 սպա, 12 պայմանագրային, 50 շարքային և սերժանտ, 7 պահեստազորային: Նշված քրեական գործերից 10-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 47 քրեական գործով նախաքննությունը 2022թ. հունիսի 1-ի դրությամբ շարունակվել է»,- մանրամասնել է դատախազությունը: