«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել»–3

168.am-ը շարունակում է ուսումնասիրել, 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում տեղադրված տարբեր գրառումները, հրապարակային ելույթները, հարցազրույցները, այսպես ասած, ուղերձներն ու կոչերը, առանձնացնելով հատկապես այն հայտարարությունները, որոնցում առկա են ռազմական կամ պետական գաղտնիք պարունակող տարրեր:

Պատերազմից ամիսներ առաջ՝ 2020 թվականի մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի շրջանակում, երբ հերթական 100 փաստն էր ներկայացնում Նոր Հայաստանի մասին, հրապարակել էր գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություններ:

«Առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական (կրակային) դիրքեր։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր՝ ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ: Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական (կրակային) դիրքեր և հենակետ, մշտական ջրով՝ 235, տեղադրվել են արևային էներգիայով սնուցվող 330 վահանակներ: Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով»,- ասուլիսի ժամանակ մանրամասնել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2021թ․ մայիսի 5-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց՝ բանակի հետ կապված՝ հրապարակելու է գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություն, ընդ որում՝ հեռախոսից:

«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «2018-2020 թվականների ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ: Բացի այս, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները 55 անգամ են ավելացել, քառաթև հավաքովի գետնատնակները՝ 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակները՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1.3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1.4 անգամ,- գաղտնազերծել էր նա և անցել զինատեսակների թվաքանակի ներկայացմանը,- Հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն աճել է 1.8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7.3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3.5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկայի քանակն աճել է 2.3 անգամ, ինքնաթիռային և «Կոպտեր» տեսակի ԱԹՍ-ներ՝ 6.8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»:

2020, հոկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել ռուսական РБК հեռուստաալիքին, որտեղ մի շարք պետական և ռազմական գաղտնիք պարունակող տվյալների շարքում, որոնց ավելի վաղ անդրադարձել ենք, խոսել էր նաև պատերազմի օրերին ՀՀ տարածքում ՀՕՊ միջոցների կիրառման մասին:

РБК – Իսկ ՀՕՊ-ն այժմ գործի՞ է դրված:

Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե։

РБК Եվ մարտակա՞ն գործողություններում:

Նիկոլ ՓաշինյանՈչ, ոչ մարտական: Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Բայց եթե ՀՕՊ-ի գծով սպառնալիք լինի Հայաստանի տարածքի համար, այդ դեպքում մեր համատեղ ուժերը պետք է գործի դրվեն։ Եվ դա նախատեսված է մեր պայմանագրերով, կանոնադրություններով և այլ փաստաթղթերով։

Բնականաբար, մարտական գործողությունները ՀՀ տարածքում չէին, և Փաշինյանը պետք է ասեր՝ ոչ, մյուս կողմից, նա, ըստ էության, չի բացառում պատերազմի օրերին դրանց կիրառման փաստը՝ սլաքն ուղղելով ՀՀ տարածքի վրա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբից սկսած Ադրբեջանը սկսեց մեղադրանքներ հնչեցնել, թե իբր ՀՀ-ի տարածքից թիրախավորվում են ադրբեջանական բնակավայրերը, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքել էր: Մասնավորապես.

Հոկտեմբեր 52020ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու հիմա էլ հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները։ Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում»:

Հոկտեմբեր 172020Ադրբեջանը հաղորդել էր, որ գիշերը «Հայաստանը երկու հրթիռային հարված է հասցրել Գյանջային, կան զանգվածային ավերածություններ, առնվազն 12 զոհ, չորս տասնյակ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում»:

 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր ադրբեջանական կողմի պնդումը. «Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ»:

Հոկտեմբեր 13, 2020- ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը: Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»։

Հիշեցնենք, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված է՝ ռազմական բնագավառում որ տեղեկությունները կարող են համարվել պետական գաղտնիք: Դրանք են՝

1. Ռազմական բնագավառում`

ա) զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության մասին.

բ) ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին.

գ) հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին.

ե) ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:

Տեսանյութեր

Լրահոս