Սրանց թվում էր, որ ինձ տարան, 2 օր պահեցին ՁՊՎ-ում, ես էլ պիտի խոտակերի պես խեղճանայի, գլուխս կախեի, ձեն չհանեի, ասեի՝ ինչ ուզում եք, արե՞ք. Գևորգ Պետրոսյան
«Շատ է լինում, որ հետևիցս եկող մեքենան լույսեր արձակելով՝ ճանապարհ է ուզում, աջ եմ քաշում, ճանապարհ տալիս: Այս անգամ էլ մտածեցի, որ նույն իրավիճակն է, շարասյուն է գնում, կամ ինչ-որ մեկին ուղեկցում են, աջ քաշեցի, կանգնեցի: Սրանք (պարեկները.- Գ.Ս.) եկան, դեմս փակեցին, իջան. Ես չհասկացա՝ ինչ է կատարվում»,- անդրադառնալով մարտի 12-ի գիշերը պարեկների կողմից իր ձերբակալման դեպքին՝ ասաց ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով՝ պահանջեցին իջնել մեքենայից:
Վերջինս պնդում է՝ ինքը որևէ խախտում չի արել:
«Պարեկը նախ իրավունք չունի մեքենայի դուռը բացել, եթե ինֆորմացիա չունի, որ մեքենայի մեջ հետախուզվող հանցագործ կա: Ինչևէ, բացել է, ասում է՝ իջեք մեքենայից: Ես էլ ասում եմ՝ խախտում արե՞լ եմ, թե բա՝ անկանոն ես վարում: Ասում եմ՝ դա ո՞րն է, բա՝ իջիր, կգնանք բաժին, կասեմ: Այ այստեղ ես կասկածեցի, որ հետապնդում է: Ի դեպ, ամոթ իրենց, որ տեսանյութը կրճատված են հրապարակել: Այ իմ նկարագրած հատվածը, օրինակ, չկա տեսանյութում»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը:
Վերջինս մեջբերեց վերաբերելի օրենքները, որոնց մեջ որևէ նորմատիվ ակտով «անկանոն երթևեկություն» ձևակերպում չկար:
«Այն պահին, երբ երկու հոգով ինձ քաշում էին, որ մեքենայից դուրս բերեն, միայն այդ ժամանակ եմ ասել՝ խնդիր կունենաս, որովհետև չէի ուզում խփել, և իսկապես, ես բռնցքամարտով եմ զբաղվում, եթե խփեի, խնդիր կունենար: Էդ որ ասում են՝ դիմել է փախուստի, ես չեմ փախել, եկել եմ իմ բակ, կանգնել: Միայնակ եմ եղել: Երբ ավտոմեքենայի դուռը փակեցի, իջա, սրանք արդեն մի քանի ավտոյով եկան հետևիցս»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ երբ ինքն իր շենքի մուտքի մոտ է եղել ու փորձել է բացել դուռը, իր հետևից եկել են ու ասել՝ կանգնեք:
«Հետո ասացին՝ փչե՛ք: Ասացի՝ փչողը դու ես: Դու, լինելով, ոստիկանության աշխատող, չգիտես, որ «փչել» ձևակերպում չկա, պիտի ասես՝ «արտաշնչե՛ք»: Ի դեպ, սա էլ են հանել տեսանյութից: Արտաշնչեցի, ասում է՝ լավ չեք արտաշնչում: Ասացի՝ կներե՛ք, հարգելի ոստիկան, արտաշնչելու լավ ու վատի չափանիշնե՞ր կան: Դուք օրինակ ծառայեք, ես էլ տենց անեմ: Դրանից հետո հայտարարեցին, որ ես ձերբակալված եմ, ինձ տանում են նարկոլոգիական դիսպանսեր»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ շեշտելով, որ սարքը խմածություն իր մոտ ցույց չի տվել, և հետագայում էլ, 45 րոպե գտնվելով նարկոդիսպանսերում, իրեն որևէ մեկը չի մոտեցել, որ խմածություն ստուգի:
Փաստաբանը նշում է՝ այդ ընթացքում ինքն առողջական խնդիր է ունեցել, շտապ բուժօգնության մեքենա են հրավիրել, որն իրեն ստուգելով՝ արձանագրել է՝ ինքն առողջական խնդիր ունի սրտի հետ կապված, և պետք է տեղափոխվի հիվանդանոց:
«Բժիշկներն ասացին՝ ինքը շտապ հոսպիտալացման կարիք ունի: Եվ Աբովյանի բաժնում Հովհաննիսյան ազգանունով ոստիկանը, ումով ես անպայման զբաղվելու եմ, և ինքը չի աշխատելու որպես ոստիկան, ասաց՝ չէ՛, տարե՛ք, ձերբակալե՛ք: Նման անմարդկային վերաբերմունքն անպատկերացնելի է մի մարդու նկատմամբ, ով ոչ մի հանցանք չէր կատարել: Դուք հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր է հասել խուժանապետությունը: Ձեռքերիցս քաշելով՝ շտապօգնության մեքենայի միջից, պատգարակից իջեցրին, նստեցրեցին իրենց մեքենան, ձեռնաշղթաները հագցրեցին ու տարան ոստիկանության Մասիվի բաժին: Սենց խուժանություն ոչ մի ոստիկանության օրոք չի եղել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Փաստաբանը տարակուսում է՝ եթե խմածություն, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում չի հայտնաբերվել, ինչո՞ւ են եկել, իր ավտոմեքենան ինքնակամ իր շենքի բակից տարել:
«Ինչո՞ւ է իմ ավտոմեքենան արդեն 3 օր գտնվում տուգանային հրապարակում… Ոչ ոք այդ հարցի պատասխանն ինձ չի տալիս»,- ասաց նա:
Հարցին՝ երբ նրան ասել են, որ իջնի մեքենայից, ինչո՞ւ չի իջել, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց՝ եթե մի բան ոստիկանն է ասում, դա ինքնին չի ենթադրում, որ նա օրինական պահանջ է ներկայացրել:
«Կարող է՝ դուռը բացեի, իջնեի, ասեր՝ չոքի՛ր դեմս, պիտի չոքեի՞… Իրավաբանության մեջ գոյություն ունի իրավունքի ինքնապաշտպանության սկզբունք, և դու իրավունք ունես չկատարել քեզ ներկայացված ակնհայտ օրինական պահանջներ: Նորից կրկնեմ՝ ես ասել եմ՝ մատնանշեք խախտումը, գալիս եմ, ասել են՝ բաժնում կասենք»,- ասաց ԵՊՀ դասախոսը:
Հարցին՝ ինչո՞ւ էին ուզում իրեն համառորեն ոստիկանության բաժին տանել, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց՝ չգիտի, ինքը հակված է կարծել՝ իր քաղաքական կեցվածքն է պատճառը:
«Այսօր ՔՊ-ական Վահագն Ալեքսյանյանը հանձնաժողովի նիստի ժամանակ ասում է՝ պիտի գնան, «5-րդ շարասյան» գլուխը ջարդեն: Հիմա հարց՝ ինչո՞ւ նրա արտահայտությունների վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվում: Մարդը բացահայտ սպառնում է»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Վերջինս պնդեց՝ իր մեքենան հարկադրաբար չեն կանգնեցրել:
«Ես կանգնել եմ իմ շենքի բակում, իջել եմ, եկել, ընկել են թևերս»,- ասաց նա:
Գևորգ Պետրոսյանը շեշտեց՝ ինքը հետևողական է լինելու, որ իրավախախտ պարեկները պատժվեն:
«Էդ որ Պետրոսյան Գևորգին տարաք, երկու օր պահեցիք, ի՞նչ… Իրենց թվում էր, որ ինձ տարան, 2 օր պահեցին ՁՊՎ-ում, ես էլ պիտի խոտակերի պես խեղճանայի, գլուխս կախեի, ձեն չհանեի, ասեի՝ ինչ ուզում եք, արե՞ք… Սրանից հետո ավելի խիստ եմ քննադատելու, որ հանկարծ այս ապիկարների մտքով չանցնի, որ իմ նմաններին հնարավոր է լռեցնել բացահայտ ապօրինությունների միջոցով»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: