
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ու «ՀԺ»-ն խմբագրել են գրառումը, կամ ինչպե՞ս և ինչո՞ւ «կալանավորելը» դարձավ «ձերբակալել»

«Ողջունելի է սառնասրտությունն ու խոհեմությունը, որ դրսևորեցին իրավապահները՝ թույլ չտալով տեռորիստների աջակիցներին իրականացնել Մայր Աթոռում բախում հրահրելու իրենց փափագը։
Զինված հեղաշրջման կոչ արած Աջապահյանը, իհարկե, կձերբակալվի, բայց բախում ու տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի»,- այս պահին ՀՀ Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջում այս գրառումն է:
Այս գրառումը հրապարակում դարձած հայտնվել է նաև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթի կայքում:
Բանն այն է, սակայն, որ գրառումն իր նախնական տեսքով բոլորովին էլ այդպիսին չէր:
Վահագն Ալեքսանյանն ի սկզբանե ավելի ակտիվ էր գտնվել ու գրել էր այն, ինչ գիտի՝ Միքայել Աջապահյանը կկալանավորվի: Ինքը, բնականաբար, հստակ գիտի, որ Սրբազանը կալանավորվելու է. իրեն այդ մասին հավանաբար ասել է իր քաղաքական ղեկավարը, երաշխիք տվել են համապատասխան կառույցների ղեկավարները: Ինքը իհարկե, վստահ է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվելու է:
Բայց քանի որ շատերն էին արդեն գլխի ընկել, թիմի տառաճանաչ իրավաբանները կամ հենց պատվերը կատարողները նրան գլխի էին գցել «խմբագրել» իր գրառումը: Եվ «կալանավորելը» դարձավ «ձերբակալել»:
Ամեն դեպքում արձանագրենք, որ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը տեղեկացված է ու հստակ գիտի՝ Միքայել սրբազանը կկալանավորվի: Մնում է՝ դատավորը հասկանա՝ ինչի տակ է մտնում: