
ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանն ու որդին՝ ծեծի մասնակից․ ի՞նչ է կատարվել Պարոնյան փողոցում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին` Շանթ Բագրատյանը, որն արդեն հասցրել է աչքի ընկնել քրեական պատմություններով, 168.am-ի տեղեկություններով՝ այսօր ծեծկռտուք է հրահրել։
Ըստ մեզ հասած տեղեկությունների` ծեծի պատճառը եղել է քաղաքացու լեգիտիմ պահանջը` պատգամավորի 888 86 համարներով Տոյոտա մակնիշի մեքենան փողոցի սխալ կայանված հատվածից հեռացնելու մասին: Հայր և որդի Բագրատյանները չեն հանդուրժել դիտողությունը, և դիտողություն արած քաղաքացուն ծեծի են ենթարկել, որին փորձել են միջամտել պարեկները, որոնց ևս Շանթ Բագրատյանը քաշքշել է։
Միջադեպին ականատես քաղաքացիները թեև տեսել էին ոստիկանների գալը, սակայն մանրամասների չէին տիրապետում, քաղաքացիներից մեկն ասաց, որ գիտի՝ այդ շենքում պատգամավորի տղա է ապրում, բայց չգիտի, թե ով է։
168․am-ը ՆԳՆ-ից փորձեց ճշտել, թե ի՞նչ մանրամասներ ունեն միջադեպի առնչությամբ, ի պատասխան՝ մեզ վստահեցրին, որ ավելի ուշ կտրվի տեղեկություն։