Փաշինյանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, խեղաթյուրում է փաստերը. 150 քկմ-ն՝ հնարավոր նոր առևտրի առարկա
ՀՀ իշխանություններն ամեն պատեհ առիթի հայտարարում են, թե Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չունի: Այս պնդումը կոնկրետ դեպքում հնչեցրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Բահրեյնում կազմակերպված խաղաղության և անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովի ժամանակ:
Մյուս կողմից՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե 2021 թվականի մայիսի 12-ից հարևան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Իսկ թե ինչ է արել Հայաստանը՝ կանխելու առաջին իսկ նման փորձը, բնականաբար, ոչ մի խոսք:
Այսօր՝ մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ինքնիշխան տարածքից 150 քկմ-ի չափով օկուպացված լինելու և դրա դեօկուպացիայի խնդրի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նշել է, թե նման խնդիրների մեկքայլանի լուծում չի պատկերացնում:
«Պետք չի անել ափալ-թափալ քայլեր: Պետք է հետևողական ռազմավարական մոտեցմամբ գնալ առաջ,- շեշտել է Փաշինյանը՝ միաժամանակ վստահեցնելով, թե ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է իրենց համար, սակայն հետո շարունակել է,- 1994 թվականից ի վեր ՀՀ-ն ունի օկուպացված տարածքներ՝ Արծվաշենը, Տավուշի մարզի Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, Բերքաբերի ջրամբարի ձախ ափը՝ մինչև Օդնդախ լեռ, որը ՀՀ ինքնիշխան տարածքն է, նաև՝ Այգեհովիտ գյուղի տարածքները, Վազաշեն գյուղի և այլն: Այսինքն, 1994 թվից ունենք օկուպացված տարածքներ»:
Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ նշենք, որ Արծվաշենն Ադրբեջանի Զինված ուժերի կողմից օկուպացվել է 1992 թվականի օգոստոսի 8-ից, երբ պատերազմ էր գնում, ավելին, եղել են գյուղի ինքնապաշտպանական մարտեր: Տավուշի գյուղերի դեպքում դարձյալ իրավիճակը համեմատելի չէ 2021-2022 թվականի հետ, երբ ադրբեջանական առաջխաղացումների պատճառով ՀՀ վերահսկողությունից դուրս մնաց մոտ 150 քկմ տարածք: Ավելին, 168.am-ի հետ զրույցում 1990-1998 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն ասել էր, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը շատ սխալ է անում, երբ մատնանշում է 29.800 քկմ տարածք, քանի որ այդ տարածքի մեջ չի մտնելու Տիգրանաշենը և Տավուշի մարզի 6 գյուղերը՝ «անկլավները»։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, որ ժամանակ առ ժամանակ խոսում են ՀՀ 28.900 քկմ տարածքի պահպանումից, ՀՀ տարածքային ամբողջականությունից, վաղուց հատել են այդ կարմիր գիծը, փոխարենը՝ հստակորեն և անշեղորեն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ այսօրվա ասուլիսի ընթացքում վերը նշված պատասխանում հստակ ցույց տվեց՝ չի շտապելու պահանջել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնում, չի փորձելու հասնել դրան՝ նախքան խաղաղության պայմանագրի կնքումը: Այսինքն, երբ իշխանության ներկայացուցիչները պահանջում են ադրբեջանական զորքերի հեռացում ՀՀ օկուպացված տարածքներից, դա զուտ դեկլարատիվ բնույթ է կրում, և միայն առաջին հայացքից է տարածքայինպահանջ, բայց ոչ իրականում:
Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանը ոչ պատերազմական պայմաններում է, մեծ հաշվով, օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ, ինչպես նաև՝ 44-օրյա պատերազմից հետո չի կարողացել պահպանելնոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս հայկական կամ արցախյան տարածքները, և հետ չի պահանջել:
Ի դեպ, օրերս Ադրբեջանի նախագահը հրապարակել է 44-օրյա պատերազմում գրաված տարածքների մասշտաբը: Մասնավորապես, մարտի 9-ին «Աշխարհն այսօր. մարտահրավերներ և հույսեր» թեմայովԲաքվի գլոբալ ֆորումի ժամանակ Ալիևը նշել է.
«Արդեն մոտ 2.5 տարի մենք վերականգնում ենք ահռելի տարածք՝ 10.000 քկմ…»:
Վերադառնալով ՀՀ տարածքային պահանջներին, նշենք, որ ՀՀ նախկին ոչ մի իշխանություն, ըստ էության, տարածքային պահանջ չի ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում Ադրբեջանին:
Բայց պարբերաբար փորձագիտական և քաղաքական որոշ շրջանակներից կարծիքներ էին հնչում, որ հայկական կողմը բանակցային սեղանին պիտի դնի Գետաշենի և Շահումյանի, Մարտունաշենի հարցը: Այս մասին նույնիսկ արցախյան կողմն էր խոսում՝ նշելով, որ Շահումյանի շրջանը ԼՂՀ անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը:
Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերին՝ նախքան պատերազմը, 168.am-ի հետ զրույցում այդ ժամանակ Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը նշել էր.
«Շահումյանի և Գետաշենի խնդիրը պիտի լինի բանակցային սեղանին՝ և՛ իրավական տեսանկյունից՝ 1991-ի սեպտեմբերի 2-ի Հռչակագիր, և՛ պատմական ու էթնիկական, ինչպես նաև՝ անվտանգության տեսակետից: Այն կարող է նաև տարածքների հետ կապված հարցի քննարկման ժամանակ պետք գալ: Այսինքն, հարցը կլուծվի փոխզիջումայի՞ն տարբերակով, թե՞ մեկ այլ, այս խնդիրն անպայման պետք է մեջտեղ գա»:
Ի դեպ, նույն ժամանակ, 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից առաջ, այդ ժամանակ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը երիտասարդության հետ հանդիպմանն ասել էր, որ Շահումյանի շրջանը հետ վերցնելը շահեկան չէ:
«Վաղը, որ, Աստված չանի, պատերազմ սկսի, մեզ հաջողություն լինի առաջ գնալ, ես Շահումյանի շրջանը չեմ վերցնելու, որովհետև ես կուզենայի դեպի Կասպից ծով, քան, ասենք, գնալ Կիրովաբադի տակը: Հետաքրքիր չի՝ թե հետագայում սահման պահելու համար, թե տնտեսական շահերից, թե էդ հողերի բերքատվության, թե մի շարք այլ հարցերով, թե նավթ ունենալու»,- նշել էր նա:
Այնուհետ Արցախի խորհրդարանում Սամվել Բաբայանը պարզաբանել էր, որ դա եղել է իր անձնական կարծիքը, ոչ թե պետության, քանի որ հանդիպումն անձնական է եղել:
«Ինձ հարց են ուղղել ռազմական, ես ասել եմ՝ եթե ինձ ընտրություն տան Կիրովաբադի շրջանը գրավել, թե Լյանքյարանը (Լենքոր) կամ մի այլ տեղ, ես կընտրեի Լյանքյարանի տարածաշրջանը, այլ ոչ թե Կիրովաբադը: Սա էր ամբողջ իմաստը: Ասեցի՝ ռազմական սահման չենք մեծացնում, եթե գնում ենք այս ուղղությամբ, սահման չի մեծանում, դա՝ մեկ, երկրորդ՝ էս, երրորդ՝ էն… բայց դա երիտասարդների հետ խոսակցության թեմա էր, ոչ թե հրապարակայնացնել, թե Բաբայանը դեմ է Շահումյանի շրջանն ազատագրելուն: 1993-ին փետով ծեծում էինք, չէինք կարողանում շահումյանցիք հավաքեինք, որ գնային իրենց շրջանում նստեին: Այնպես որ՝ այդ հարցը ճիշտ չեն ձևակերպում, էդ միտքը չենք ունեցել, մենք ունեցել ենք այն, ինչի մասին խոսեցինք»,- վստահեցրել էր Բաբայանը:
Հավելենք,որ 44-օրյա պատերազմի օրերին ինչ-ինչ շրջանակներից լուր շրջանառվեց, թե հայկական կողմը գրավել է Գետաշենն ու Շահումյանը, իսկ այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը բրիֆինգի ընթացքում այս մասին ուղիղ հարցին չտվեց ուղիղ պատասխան՝ լավ իմանալով, որ այն սուտ է:
Հիշեցնենք, որ Շուշիի փայլուն հաղթանակից հետո՝ 1992-ի հունիսի 13-ին, խորհրդաադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը:
Մեկ անգամ չէ, որ շահումյանցիները պնդել են, թե «Ադրբեջանին չէր հաջողվի գրավել Շահումյանն ու Գետաշենը 1992թ.՝ առանց խորհրդային բանակի աջակցության»:
Միաժամանակ, տարբեր առիթներով նշվել է, որ Շահումյանի անկումը քաղաքական որոշման արդյունք էր, որ Հայաստանի իշխանություններից չի եղել համապատասխան աջակցություն, որ «կրակադիլ» տանկերն այդպես էլ տեղ չեն հասել:
Շահեն Մեղրյանն ինքն էլ ժամանակին հայտարարել էր՝ Շահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր:
«Ես գտնում եմ, որ դա ավելի շուտ ռազմաքաղաքական պարտություն է, և ոչ թե շահումյանցիների կամ ղարաբաղցիների: Սա Հայաստանի քաղաքականության ինչ-որ բացթողումների, քաղաքական ինչ-որ հավկուրության արդյունք է, ինչը հասցրեց նրան, որ այդպիսի ուժեր մեկ շաբաթվա ընթացքում ներգրավվեցին խաղի մեջ և դաժան ռազմական պարտության հասցրին Արցախի հյուսիսում»,- նշել էր Մեղրյանը:
Ժամանակին Շահումյանի անկման պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով է ստեղծված եղել, որի հետ կապված՝ սկզբում հույս է եղել, թե այն չի կրկնի տարբեր դեպքերի և սադրանքների քննությամբ զբաղված հանձնաժողովի ճակատագիրը, բայց այդհույսերը չեն արդարացվել:
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ըստ էության, նախկին իշխանությունները գոնե աշխատել են արկածախնդիր հայտարարություններ չանել, այսինքն, ինչին չեն կարող հասնել բանակցային գործընթացում գոնե այդ պահին, կամ կարող են վնասել հասած որոշակի հաջողությանը:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շատ հստակ և արագ բանակցային սեղան Արցախի վերադարձ էր խոստանում, այլ նոր տարածքներ խոստանում հնարավոր պատերազմի դեպքում:
168.am-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ըստ էության, Փաշինյանի արտաքին քաղաքական «դավադրության» զոհը դարձավ: Այն Փաշինյանի, որը շատ արագ«նոր պատերազմ, նոր տարածքներից» անցում կատարեց «չկան տարածքներ, կա անվտանգություն» բանաձևի: Այն Փաշինյանի, որը 2019-ին հայտարարում էր՝ «1.5 տարվա ընթացքում ձեռք բերված աննախադեպ ծավալի սպառազինությունը մեզ պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար»:
«Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն։ Ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև այն ագրեսիվ քաղաքականությունը, որը տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, այդ ագրեսիվ քաղաքականությանը ՀՀ-ն պետք է հակադրի և հակակշռի զսպողքաղաքականությամբ։ Մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության ոլորտում, Զինված ուժերի զարգացման բնագավառում, իսկ սպառազինությունների ձեռքբերումըմեր վարած քաղաքականության մի հատվածն է»,- 2019-ին պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ նշել էր Փաշինյանը:
Իրականում, եթե Զինված ուժերին թույլ տրվեր զսպել թշնամուն, այսօր այլ իրավիճակ կունենայինք: Ըստ այդմ՝ ստիպված ենք թերահավատորեն մոտենալ Փաշինյանի՝ 29.800 քկմ տարածք պահելու և կարմիր գծերը չհատելու խոստումներին, հատկապես, երբ դրանք արդեն հատվել են, իսկ արագ վերականգնել Փաշինյանը չի շտապում: Ավելին, նա փորձում է այդ 150 քկմ-ն առևտրի առարկա դարձնել:
Կարճ ասած՝ ՀԱՊԿ-ին ՀՀ սահմանը չճանաչելու մեջ մեղադրող Փաշինյանն ինքը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը…