«Շահումյանի և Գետաշենի խնդիրը պիտի լինի բանակցային սեղանին. այն կարող է տարածքների հետ կապված հարցի քննարկման ժամանակ պետք գալ». Բորիս Առուշանյան

168.am-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի հետ:

Բորիս Առուշանյանը 1992-1995թթ ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր: Օգոստոսից նշանակվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի անդամ: Միաժամանակ ղեկավարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող աշխատանքներն Արցախում: 1992-1993թթ. ղեկավարել է Արցախի պատվիրակությունը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Հռոմի բանակցություններում:

Պարոն Առուշանյան, ԼՂ հակամարտության պատմության ընթացքում եղե՞լ է արդյոք կարգավորման հարմար պահ, որը բաց ենք թողել:  

– Եթե չհաշվենք 1988-ի առաջին կեսը, ապա միայն 1994-ի մայիսին, երբ հակառակորդը ջախջախված էր գլխովին և զինադադար էր խնդրում: Իսկ մեր բանակը ռազմավարական կոմունիկացիաներից գտնվում էր մոտ 40 կմ հեռավորության վրա՝ ապագա նավթամուղ, գազամուղ և Վրաստանին կապող ճանապարհ և երկաթգիծ: Այդ պահին նրանք կարող էին գնալ զիջումների, թեպետ Ռուսաստանը և Թուրքիան, որ այն ժամանակ Արևմուտքի թելադրանքով էին գործում, հնարավոր է՝ ընդդիմանային: Ինչպես, ի դեպ, դա եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա ճնշման ձևով, բայց մենք չպետք է նահանջեինք մեր դիրքերից: Իսկ վերջնական կարգավորում մոտ ապագայում, իմ կարծիքով, հնարավոր չէ:

–  Արցախի վերադարձը բանակցային սեղան ե՞րբ և ինչպե՞ս եք պատկերացնում:

– Քանի որ ժամանակին հայր Ալիևի և ՀՀ նախկին նախագահի բանակցությունների ժամանակ թվում էր, թե մոտ է հարցի կարգավորումը «փոխզիջումային» տարբերակով, այսինքն՝ Մեղրիի միջանցքի հաշվառումով, ապա եռաչափ տարբերակում Արցախի մասնակցությունը չի կայացել, նա դուրս է մնացել գործընթացից: Ավագ Ալիևը փաստորեն խաբեց ՀՀ ղեկավարին և հետագայում մերժեց այն: Հետագայում ՀՀ-ն կարող էր պնդել Արցախի մասնակցությունը, քանի որ քիչ ժամանակ էր անցել, բայց դա չարվեց: Եվ քանի որ այսօր շատ ժամանակ է անցել, և Ադրբեջանին ձեռնտու չէ Արցախի Հանրապետության մասնակցությունը, ապա միայն ՀՀ-ի՝ առանց Արցախի բանակցություններից հրաժարման դեպքում հնարավոր է՝ Արցախը վերադառնա բանակցային սեղան: Ադրբեջանի հիմնական դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ն տարածքներ է «գրավել» Ադրբեջանից: Իսկ եթե Արցախը նորից վերադառնա բանակցային սեղան, ապա խնդիրը կբարդանա. Ադրբեջանի համար այն կդառնա ինքնորոշման իրավունքի ճանաչման խնդիր, և հարցի իրավական կողմը նորից դուրս կգա ասպարեզ, դրա համար նրանք ամեն կերպ խոչընդոտում են Արցախի վերադարձին բանակցային սեղան:

Մեկ ճշտում՝ քանի որ Արցախը բանակցային գործընթացից դուրս մղելու և Մեղրին հանձնելու հետ կապված տարբեր կողմերից տարբեր պնդումներ են հնչեցվում, կխնդրեի կոնկրետացնել՝ ՀՀ նախկին նախագահ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանին:

 Քոչարյանն է ավագ Ալիևի հետ բանակցություններ վարել: Ի դեպ, նախքան հրադադարը նա վստահ էր, որ կարող է հասնել փոխզիջման, այն է՝ տարածքներ՝ հակառակորդի կողմից քաղաքական զիջումների դիմաց: Նույնիսկ մի առիթով հարցրել է ինձ, թե ինչ եմ մտածում, և ես կասկածանք եմ արտահայտել և դեմ եմ եղել հրադադարին առանց մեր կողմից որևէ պահանջի:

– Ստացվում է՝ Տեր-Պետրոսյանի մեղքը միայն առանց պահանջի հրադադարի գնա՞լն էր:

– Ոչ միայն դա, այլ միակողմանի զիջումների մշտական ձգտումը:

Այսօրվա դրությամբ բանակցային սեղան ի՞նչ պահանջներով պետք է վերադառնալ:

– 2016-ի Ապրիլյան պատերազմը և այս տարվա հուլիսյան կամ տավուշյան մարտական գործողությունները հուշում են, որ Ադրբեջանը զինվում է և սպասում հարմար պահի՝ հուժկու հարված հասցնելու համար: Այսինքն, նա պատրաստ չէ փոխզիջումների, հետևաբար՝ մենք ևս պետք է հանդես գանք մաքսիմալիստական դիրքերից և հրաժարվենք նախկինում մեր վզին փաթաթված մադրիդյան, կազանյան և այլ փաստաթղթերի քննարկումից: Այսինքն, պետք է սկսել մաքուր էջից՝ Արցախի Հանրապետության մասնակցությամբ և նոր փաստաթղթի մշակմամբ, որտեղ պիտի անպայման ընդգրկված լինի Արցախի անկախության ճանաչման և անվտանգության երաշխիքների հարցը:

– Վերջերս նորից ակտիվորեն շոշափվեց Շահումյանի հարցը, դրա վերադարձի կարևորության, ըստ Ձեզ՝ Շահումյանի, Գետաշենի հարցը պիտի լինի՞ կամ չպե՞տք է լինի բանակցային սեղանին:

 – Անպայման Շահումյանի և Գետաշենի խնդիրը պիտի լինի՝ և՛ իրավական տեսանկյունից՝ 1991-ի սեպտեմբերի 2-ի Հռչակագիր, և՛ պատմական ու էթնիկական, ինչպես նաև՝ անվտանգության տեսակետից: Այն կարող է նաև տարածքների հետ կապված հարցի քննարկման ժամանակ պետք գալ: Այսինքն, հարցը կլուծվի փոխզիջումայի՞ն տարբերակով, թե՞ մեկ այլ, այս խնդիրն անպայման պետք է մեջտեղ գա: Նապոլեոնն ասում էր՝ «պահանջիր անհնարինը, որ ստանաս առավելագույնը»․ Ադրբեջանի ղեկավարությունը հենց այս կարգախոսով է ղեկավարվում, նա հաշվի է առնում նաև Թուրքիայի շահերն ու պահանջները: Թուրքիային ձեռնտու չէ Հայաստանի հզորացումը, իսկ ցանկացած փոխզիջում հասցնելու է ՀՀ-ի հզորացմանը, և ՀՀ-ն կարող է տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային, դրա համար Թուրքիան ամեն ինչ անելու է՝ թույլ չտալու ՀՀ-ի հզորացումը: Իսկ Արցախի հարցի հայանպաստ լուծումը, իհարկե, բերելու է Հայաստանի հզորացմանը, դրա համար Թուրքիան ամեն կերպ խոչընդոտելու է, որ Ադրբեջանը չգնա փոխզիջումների:

Տեսանյութեր

Լրահոս