«1993-ին փետով ծեծում էինք, չէինք կարողանում շահումյանցիք հավաքեինք, որ գնային իրենց շրջանում նստեին». Սամվել Բաբայան

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել էր հավաք, որտեղ ներգրավված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։

Այսօր Արցախի խորհրդարանում կին պատգամավորներից մեկը, ով ևս մասնակցել է այդ զորահավաքին, այս առնչությամբ հարց է ուղղել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին, նաև հավելել, թե չի կարծում, որ ՀՀ-ում աշխարհազորի մասին օրենքի ընդունումից հետո պետք է պետական և զանգվածային մակարդակով կազմակերպել պատանի աղջիկների ուսուցումը:

«Ես կարծում եմ, որ աղջիկների մասնակցության հարցը կարելի է թողնել կամավոր հիմունքների, ոչ պարտադիր, ոչ պարտադրող: Ինչ վերաբերում է քաղաքական արձագանքին, եթե վարչապետի կինը չմասնակցեր ձեզ հետ, այդ արձագանքը չէր լինի: Բնական է՝ եթե վարչապետի կինը մասնակցել է, քաղաքական մեծ արձագանք էր ունենալու, ոչ մի արտառոց բան չկա»,- պատասխանել է Բաբայանը:

Օրեր առաջ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը երիտասարդության հետ հանդիպմանն ասել էր, որ Շահումյանի շրջանը հետ վերցնելը շահեկան չէ:

«Վաղը, որ, Աստված չանի, պատերազմ սկսի, մեզ հաջողություն լինի առաջ գնալ, ես Շահումյանի շրջանը չեմ վերցնելու, որովհետև ես կուզենայի դեպի Կասպից ծով, քան, ասենք, գնալ Կիրովաբադի տակը: Հետաքրքիր չի՝ թե հետագայում սահման պահելու համար, թե տնտեսական շահերից, թե էդ հողերի բերքատվության, թե մի շարք այլ հարցերով, թե նավթ ունենալու»,- նշել էր նա:

Այսօր Արցախի խորհրդարանում չի շրջանցվել նաև այդ հայտարարությունը, Սամվել Բաբայանը պարզաբանել է, որ դա եղել է իր անձնական կարծիքը, ոչ թե պետության, քանի որ հանդիպումն անձնական է եղել:

«Ինձ հարց են ուղղել ռազմական, ես ասել եմ՝ եթե ինձ ընտրություն տան Կիրովաբադի շրջանը գրավել, թե Լյանքյարանը (Լենքոր) կամ մի այլ տեղ, ես կընտրեի Լյանքյարանի տարածաշրջանը, այլ ոչ թե Կիրովաբադը: Սա էր ամբողջ իմաստը: Ասեցի՝ ռազմական սահման չենք մեծացնում, եթե գնում ենք այս ուղղությամբ, սահման չի մեծանում, դա՝ մեկ, երկրորդ՝ էս, երրորդ՝ էն… բայց դա երիտասարդների հետ խոսակցության թեմա էր, ոչ թե հրապարակայնացնել, թե Բաբայանը դեմ է Շահումյանի շրջանն ազատագրելուն: 1993-ին փետով ծեծում էինք, չէինք կարողանում շահումյանցիք հավաքեինք, որ գնային իրենց շրջանում նստեին: Այնպես որ՝  այդ հարցը ճիշտ չեն ձևակերպում, էդ միտքը չենք ունեցել, մենք ունեցել ենք այն, ինչի մասին խոսեցինք»,- վստահեցրել է ԱԽ քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս