«Եթե լռենք, մի օր էլ այս ամենը չոքելու է Երևանի առաջ, մինչև ե՞րբ կարող ենք լռել». Կամո Հարությունյան
Շուշիի փայլուն հաղթանակից հետո՝ 1992-ի հունիսի 13-ին, խորհրդաադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը:
Մեկ անգամ չէ, որ շահումյանցիները պնդել են, թե «Ադրբեջանին չէր հաջողվի գրավել Շահումյանն ու Գետաշենը 1992թ.՝ առանց խորհրդային բանակի աջակցության»:
Միաժամանակ, տարբեր առիթներով նշվել է, որ Շահումյանի անկումը քաղաքական որոշման արդյունք էր, որ Հայաստանի իշխանություններից չի եղել համապատասխան աջակցություն, որ «կրակադիլ» տանկերն այդպես էլ տեղ չեն հասել:
Շահեն Մեղրյանն ինքն էլ ժամանակին հայտարարել է՝ Շահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր:
«Ես գտնում եմ, որ դա ավելի շուտ ռազմաքաղաքական պարտություն է, և ոչ թե շահումյանցիների կամ ղարաբաղցիների: Սա Հայաստանի քաղաքականության ինչ-որ բացթողումների, քաղաքական ինչ-որ հավկուրության արդյունք է, ինչը հասցրեց նրան, որ այդպիսի ուժեր մեկ շաբաթվա ընթացքում ներգրավվեցին խաղի մեջ և դաժան ռազմական պարտության հասցրին Արցախի հյուսիսում»,- նշել է Մեղրյանը:
Ի դեպ, ժամանակին Շահումյանի անկման պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով է ստեղծված եղել, որի հետ կապված՝ սկզբում հույս է եղել, թե այն չի կրկնի տարբեր դեպքերի և սադրանքների քննությամբ զբաղված հանձնաժողովի ճակատագիրը, բայց այս հույսերը չարդարացվեցին, և ոչ մի լուրջ բան տեղի չունեցավ այդպես էլ:
Արդեն 28 տարի է անցել այդ պարտությունից, սակայն ոչ Շահումյանի, և ոչ էլ Գետաշենի, Մարտունաշենի հարցը, այդ թվում՝ տեղի փախստականների, չի ներառվել բանակցային փաթեթում, ցանկություն էլ մի տեսակ կարծես թե չկա: Մինչդեռ միայն Շահումյանից մոտ 15.000 մարդ փախստական է դարձել:
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Կամո Հարությունյանը նշեց, որ առաջին հերթին՝ պիտի լուծվի շահումյանցիների կարգավիճակի հարցը:
«Առաջինը շահումյանցիներին պետք է, որ ՀՀ իշխանությունները մի որոշում կայացնեն, որով նրանց կտրվի փախստականի կարգավիճակ, բայց ոչ թե այն, ինչ Բաքվի փախստականներն են ստացել կամ Գանձակի հայությունը, այլ պիտի հաշվի առնեն հանգամանքը, որ սովետական ուժերի հետ մեկտեղ՝ ադրբեջանական ուժերը զավթել են Շահումյանի շրջանը, և ժողովուրդը ստիպված է դիմել փախուստի: Այդքանը միայն ապացուցում է, որ շահումյանցիները դուրս են եկել Շահումյանից ոչ թե զուտ նրա համար, որ Ադրբեջանի իշխանությունն ուզել է նրանց հանի այդտեղից, կամ, ինչպես ադրբեջանցիք Հայաստանից են քոչել, այլ շահումյանցիք պայքարել են իրենց հողի ու ջրի համար իրենց իսկ տարածքում, և այս ամենը տեղի է ունեցել մարտական գործողությունների ընթացքում: Մենք՝ շահումյանցիներս, պայքարել ենք և մինչ օրս էլ պայքարում ենք մեր բնօրրանը, մեր հողն ու ջուրը հետ բերելու համար՝ Գետաշենն ու Մարտունաշենն էլ հետը»,- նշեց մեր զրուցակիցը և շարունակեց, թե՝ եթե լռում ենք Գետաշենի, Շահումյանի, Մարտունաշենի մասին, ապա էլ ի՞նչ կարող ենք խոսել Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի մասին:
«Եթե լռենք, մի օր էլ այս ամենը չոքելու է Երևանի առաջ, մինչև ե՞րբ կարող ենք լռել: Մենք ազատագրել ենք Արցախի շրջանները, մեզ ասում են՝ պիտի այն վերադարձնենք: Մենք դա ազատագրել ենք արյունով, արյունով ազատագրված հողը ո՞նց է հնարավոր վերադարձնել, ես դա չեմ հասկանում: Ինչ վերաբերում է Շահումյանին, այդ հարցի բանակցային սեղանին լինելուն, ապա մենք չենք ասում՝ Շահումյանը տվեք մեզ, փոխարենը՝ Ջաբրաիլը վերցրեք, կամ փոխեք Շուշիի կամ Լաչինի հետ, ոչ, նման բան չկա: Այս ամենը պատերազմի արդյունք է, և մենք կարողացել ենք ազատագրել այն, ինչը մեզ է պատկանում: Մենք պիտի պատրաստ լինենք և պահանջենք, որ ուշ թե շուտ կգա նաև Շահումյանի ազատագրման հերթը, Շահումյան ասելով՝ նկատի ունեմ ընդհանուր Գյուլիստանի մելիքությունը, որը ներառում է Հյուսիսային Արցախը, և՝ ոչ միայն: Սա մեր հայրենիքն է: Մեր դիվանագիտությունը պիտի հարց դնի Ադրբեջանի առաջ՝ բա յոթ շրջան ես ուզում, բա արի Շահումյանի, Հյուսիսային Արցախի հարցերի շուրջ խոսենք, ի վերջո, սկզբից դուք եք դրանք զավթել, հետո նոր՝ մենք Ջաբրաիլ ազատագրել…
Մենք լռում ենք նրա համար, որ՝ տեսեք, տեսեք, հանկարծ մեզ չասեն՝ ագրեսոր, թե 7 շրջան ենք «զավթել»: Մենք 7 շրջան չենք գրավել, մենք լռեցրել ենք ցանկացած կրակակետ՝ անվտանգության ապահովման նպատակով: Ոչ մեկը չի ստիպել Ադրբեջանին, որ Ջաբրաիլից կրակի, «Գրադ» կայանքներ կանգնեցնի և հրթիռակոծի Աղդամից Ստեփանակերտ, արել են, մենք էլ լռեցրել ենք կրակակետերը, ազատագրել Տիգրանակերտը, ինչի՞ մասին է խոսքը: Կրկնում եմ՝ մենք չենք գրավել, մենք ազատագրել ենք: Եթե իրենք ասում են մեզ, որ, եթե հարցը չլուծվի խաղաղ ճանապարհով, ապա այն կարվի պատերազմով, թող լինի, դա ինչ-որ տեղ մեզ համար շանս է մեր հայրենիքը վերադարձնելու»,- շեշտեց ազատամարտիկը՝ հավելելով, որ Ադրբեջանը խոսում է իր, այսպես ասած, մեկ միլիոն փախստականներից, մինչդեռ հարյուր-հազարավոր Բաքվից հայ փախստականներ են եղել, մոտ 15.000-ը՝ Շահումյանից, չհաշված՝ Մարտունաշենի, Գետաշենի փախստականները:
Ըստ Կամո Հարությունյանի՝ այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար խոսում է Զանգեզուրը և Երևանը գրավելու մասին, դա մեր լռության հետևանքով է՝ Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի և նրանց հսկողության տակ մնացած այլ տարածքների հետ կապված:
«Ադրբեջանն ամեն օր խոսում է Զանգեզուրը, Երևանը վերցնելուց, սա մեր լռության պատասխանն է»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, որ, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնքը» բավականին ակտիվորեն բարձրացնում է իր խնդիրները միջազգային հարթակում և ընդունվում, մինչդեռ հայկական կողմը պասիվ է այս առումով, միջազգային կազմակերպությունները միայն Բաքվի փախստականների հետ են լավագույն դեպքում հանդիպում, ազատամարտիկը նշեց, որ նման առաջընթացի համար շահումյանցիները, գետաշենցիները պետք է ունենան ՀՀ իշխանությունների աջակցությունը, որի առկայության դեպքում անգամ ՀՀ-ից արտագաղթած շահումյանցիները կմիանան այդ պայքարին, թեպետ երկրի սահմաններից դուրս այն չի դադարել երբեք:
«Նրանք սպասում են ՀՀ իշխանության աջակցությանը: ՀՀ իշխանությունները պիտի համապատասխան հանդիպումներ կազմակերպեն, որպեսզի միջազգային կազմակերպությունները լսեն նաև մեր խնդիրները, թե մենք ինչ ենք ուզում: Գուցե շահումյանցիները չե՞ն ուզում վերադառնալ, ինչը, իհարկե, այդպես չէ: Չմոռանանք, որ շահումյանցիները Շահումյանի բռնազավթումից հետո պարտիզանական ջոկատ են ստեղծել և մինչև 1994-ը կարևոր մարտական խնդիրներ են կատարել: Քարվաճառը մեզ հենց այնպես ափսեի վրա չի մատուցվել, «Եղնիկներ» ջոկատին հիշենք: Մի խոսքով, մենք՝ շահումյանցիներս, չենք հրաժարվում մեր բնօրրանից, հայրենիքից, և շատ ճիշտ կլինի, եթե նաև մեզ լսեն, եթե ադրբեջանցիներն իրենց այդպես ակտիվացնում են տարբեր հարթակներում, չգիտեմ ինչ հարթակներ են սարքել, ինչն է մեզ հետ պահում, որ չենք կարողանում նույնն անել»,- շեշտեց մեր զրուցակիցը:
168.am-ի հետ զրույցում Շահեն Մեղրյանի որդին՝ փաստաբան, Շահումյան-Գետաշեն միության ներկայացուցիչ Զինավոր Մեղրյանն իր հերթին՝ հիշեցրեց, որ արդեն գրեթե երեք տասնամյակ է, ինչ շահումյանցիների տները զավթված են, իրավունքները՝ ոտնահարված, ինչն այսպես չի կարող շարունակվել:
Նրա խոսքով՝ շահումյանցիներն այս տարիներին չեն ձուլվել և կորել, ավելին՝ ամրացել են և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում, և՛ դրանից դուրս, հատկապես՝ ՌԴ-ում: Այսինքն՝ սերնդեսերունդ գիտեն իրենց ով լինելն ու պահանջները: Այսօր շահումյանցիներից շատերը ծառայում են Շահումյանի շրջանին աշխարհագրորեն հնարավոր ամենամոտ դիրքերում գտնվող զորամասերում, ոմանք ջանք ու եռանդ չեն խնայում մեր զինվորներին անհրաժեշտ ամեն ինչով մատակարարելու, նրանց ծառայությունն առավել անվտանգ ու դյուրին դարձնելու համար։
«Շատերը շարունակում են բնակվել Շահումյանին մոտ գտնվող գյուղերում: Շահումյանցիները երբեք Արցախի տարածքը, մասնավորապես՝ հյուսիսը, որը սահմանակցում է գրավյալ Շահումյանի շրջանին, չեն երբեք լքել, խիտ բնակեցված գյուղ կա՝ Ակնաբերդ»,- հավելեց Մեղրյանը:
Նրա խոսքով, ժամանակն է՝ շահումյանցիների ու հարակից հայկական շրջանների մեր հայրենակիցների հիմնախնդիրները բարոյական, իրավական և քաղաքական օրակարգ վերադարձնել:
«Եթե այս հարցը բերվի քաղաքական օրակարգ, բնականաբար, դրանից կբխեն նաև սրա իրավական հետևանքները, ինչը կարող է առաջին հերթին՝ ՀՀ իշխանությունների ուղղակի և առանցքային մասնակցությամբ տեղի ունենալ: Ես սա երկու ձևով եմ տեսնում. առաջին՝ դա այն է, որ մեր հանրային դիսկուրսում Շահումյանի, դրա ողբերգության, պահանջատիրության թեման պիտի զարգացնել, կազմակերպել շատ քննարկումներ, խնդրի ճանաչողության իմաստով դրանց ծավալները պիտի մեծանան, երկրորդ՝ ԱԳՆ-ն մեծ առաքելություն ունի, որովհետև, ըստ էության, ունենք մի ամբողջ ժողովրդի բոլոր հնարավոր և կարևոր իրավունքների ոտնահարում, որի մասին ընդհանրապես չի խոսվում:
Ես կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն այս խնդիրը պիտի տանի բանակցային սեղան և շատ հստակ դնի շահումյանցիների պահանջատիրության հարցը: Այս տարիների ընթացքում շահումյանցիները որպես համայնք՝ լուռ ու մունջ իրենց հնարավորությունների չափով կատարել են իրենց աշխատանքը:
Բայց, կարծում եմ, վերջնականապես հասունացել է այն պահը, որ այդ հարցը ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ ԱԳՆ-ն, պիտի բանակցությունների սեղան տանի՝ որպես սուբյեկտ, որպես շահումյանցիների պահանջ: Խախտվել են բազմաթիվ իրավունքներ. կյանքի, քանի որ 300-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել և կորել, ինչպես նաև՝ տարածքի և գույքի հետ կապված, որոնք բռնագաղթի ժամանակ կորսվել են: Բոլոր տեսակի մարդկային իրավունքները շահումյանցիների դեպքում խախտվել են, և եթե այսօր կեղծ օրակարգերով հակառակորդները փորձում են ինչ-որ «ԼՂ արբեջանական համայնքի» խնդիրներ վեր հանել, մենք մեր հարցերն առավելևս պիտի բարձրաձայնենք և հանենք բանակցային մակարդակ, քանի որ ունենք իրական ողբերգություն, իրական փաստերով հիմնավորված խնդիր»,- եզրափակեց Զինավոր Մեղրյանը:
Հունիսի 13-ին Բուզլուխ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ անհետ կորած լեգենդար հրամանատար Կարոտ Մկրտչյանը՝ Ջամբազի արծիվը, մի առիթով ասել է՝ «Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում: Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»: Այս դարպասը պիտի փակել…