«29.800 քկմ տարածքի մեջ «անկլավները» չեն մտնում, եթե սխալվում եմ՝ իշխանությունը թող հստակ ասի՝ նման բան չկա». Հենրիկ Քոչինյան

Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշումներ չի նշանակում՝ ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ:

«Մենք այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը. մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք՝ «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս անց նոր պատերազմ կսկսի: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝ 29.800 քկմ տարածքով, ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։

Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որ սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ. ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Հոկտեմբերի 12-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էլ, որ Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, այսինքն՝ մինչև տարեվերջ պայմանագիր ունենալը։ Նաև դելիմիտացիայի հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։

Կարդացեք նաև

«Խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիան փոխկապակցված են։ Հայաստանը մտահոգություն ունի, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո, այսպես կոչված, չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար։

1929 թվականի դելիմիտացիայի գործընթաց եղել է, Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիա է եղել։ Մնում է, որ փոխադարձ համաձայնության գանք, որ դա ընդունում ենք՝ որպես հիմք, ապահովում ենք ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Ինչ տարածք է ներառում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, արդյո՞ք Ադրբեջանը հենց այդ տարածքով պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

168.am-ի հետ զրույցում 1990-1998 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն անդրադառնալով այս հարցին՝ ասաց, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը շատ սխալ է անում, երբ մատնանաշում է 29.800 քկմ տարածք, քանի որ այդ տարածքի մեջ չի մտնելու Տիգրանաշենը և Տավուշի մարզի 6 գյուղերը՝ «անկլավները»։

«Հիմա եթե ՀՀ իշխանությունն ասում է՝ Ադրբեջան, ճանաչիր իմ այսքան տարածքը, որի մեջ նշածս գյուղերը չեն մտնում, չգիտեմ՝ Ադրբեջանը փոխարենը մեզ վերադարձնելո՞ւ է Արծվաշենը։ Սրա մասին որևէ խոսք չկա, եթե այդպես է, թող հարց բարձրացնեն՝ Արծվաշենը վերադարձնելո՞ւ են մեզ, թե՞ ոչ։ Կրկնում եմ՝ 29.800 քկմ տարածքի մեջ «անկլավները» չեն մտնում։ Եթե ես սխալվում եմ՝ իշխանությունը թող հստակ ասի՝ նման բան չկա, երբ քարտեզները նայում եմ, այդ գյուղերի ընդհանուր տարածքը համարժեք է Արծվաշենին։ Եթե Ադրբեջանն ասի՝ Արծվաշենը ձեզ, սրանք մեզ, ապա դա կլինի համարժեք, և վատ տարբերակ չէ, թեպետ այսօր Արծվաշենում, բացի մեր պապերի գերեզմաններից, որևէ բան չի մնացել»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորի հայտարարությանը, որ Գորիս-Կապան ճանապարհը չի մտնում ՀՀ սահմանների մեջ, Հենրիկ Քոչինյանը նշեց, որ այդ ճանապարհը մշտապես պատկանել է Հայաստանին։

«Տարրական մեկ բան եմ ուզում ասել՝ 1964 թվականից սկսած Գորիս-Կապան ճանապարհի պահպանությունը, նորոգումը, ընթացիկ վերանորոգումը մշտապես իրականացրել է Հայաստանը, ՀՀ բյուջեից դրա համար գումար է հատկացվել։ Հիմա եթե մեր ճանապարհը չլիներ, փող կհատկացնեի՞ն, այդ տարիների ՀՀ ղեկավարները չէի՞ն հասկանում։ Իսկ հիմա ինչո՞ւ մերը չի»,- հավելեց Հ. Քոչինյանը։

Ինչ վերաբերում է իշխանությունների պնդումներին, թե այդ ճանապարհը նախկին իշխանությունը 2010 թվականին ընդունած օրենքով է ճանաչել Ադրբեջանի մաս, Հենրիկ Քոչինյանը նկատեց՝ մշտապես ուզում է հարցի պատասխանն իմանալ, եթե 2010 թվականին այդ ճանապարհն այդպես տվել էին Ադրբեջանին, Ադրբեջանն ինչո՞ւ սպասեց, մինչև 2020 թվականին նոր այն վերցրեց։

«Եթե ես լինեի, կասեի, որ կամ հայանպաստ որոշում եմ կայացնում, կամ կգնայի հրապարակ ու կասեի՝ ժողովուրդ ջան, ներեցեք, ի վիճակի չեմ հայանպաստ որոշում կայացնելու։ Ցավոք կամ բարեբախտաբար, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, թե ինչո՞ւ են նման հայտարարություններ անում»,- եզրափակեց Հենրիկ Քոչինյանը։

Տեսանյութեր

Լրահոս