Իսկ Առաքել Մարտիկյանը պատրաստ էր պահել Փաշինյանի խոստացած 29.800 քառակուսի կմ ՀՀ տարածքը….

ՀՀ նախագահի 2023 թվականի հունվարի 24-ի հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից:

Մեզ հասած տեղեկություններով, նրա պայմանագրի ժամկետն է լրացել:

Առաքել Մարտիկյան. 44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում ռազմական հետախուզության պատասխանատուն

Նշենք, որ Առաքել Մարտիկյանը նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ 2022թ. հունվարի 10-ին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով:

Կարդացեք նաև

Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, որին նշանակվել էր  2019-ի դեկտեմբերի 3-ին, և որից Առաքել Մարտիկյանին ազատեցին 2021թ. օգոստոսի 9-ին:

Ընդ որում, այդ ժամանակ ոչ մի կոնկրետ բացատրություն չներկայացվեց, այն դեպքում, երբ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը:

Հիշեցնենք, որ 2021-ին Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է՝ «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020թ. սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ»:

«Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»,- մասնավորապես, 2021-ի ապրիլի 14-ին ԱԺ-ում 44-օրյա պատերազմի մասին խոսելով՝ հայտարարել էր Փաշինյանն ու հավելել, թե սա ապացուցող փաստեր նույնպես կան:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը երկրի համապատասխան ուժային կառույցներին՝ Գլխավոր շտաբ (ԳՇ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), մեղադրում է կամ իրենց գործը լավ չանելու մեջ, կամ իրենից պատերազմի սկսման հավանականությունը և ժամկետը թաքցնելու մեջ: Ավելին, Փաշինյանը համապատասխան կառույցներին մեղադրել էր նաև պատերազմի ընթացքի մասին ոչ ճիշտ տեղեկություններ հաղորդելու համար:

Բայց արի ու տես, որ 2022-ին Առաքել Մարտիկյանին նշանակում են ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, որից էլ, ինչպես հայտնի դարձավ երեկ, գեներալն ազատվել է:

Առաքել Մարտիկյան. պատրաստ էր պահել Փաշինյանի խոստացած 29.800 քառակուսի կմ ՀՀ տարածքը

Ի դեպ, 2022-ի սեպտեմբերյան մարտերից հետո դեռ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Առաքել Մարտիկյանն իրեն իրավունք էր վերապահել փրկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական դեմքը:

 «Ո՞վ է ԳՇ պետի տեղակալի քաղաքական քարոզչության հրաման տվողը, կամ՝ 2016-ին խոստովանություն «պահանջող» Փաշինյանի խոստովանության ժամանակը» վերտառությամբ հոդվածում 168.am-ն ուշադրություն էր հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա:

2022թ. սեպտեմբերի 29-ին Վարդենիսում օտարերկրյա դիվանագետների և լրագրողների ներկայությամբ այդ ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին իրականացված ադրբեջանական գործողություններին, հայտնել էր, որ Ադրբեջանը 3 ուղղություններում նախաձեռնել էր բավականին ագրեսիվ, լայնամասշտաբ մարտական գործողություններ, դրանք սկսվել էին ցամաքային զորքերի հարձակողական գործողություններով, ուղեկցվել հրթիռահրետանային կրակով և անօդաչուների կրակային աջակցությամբ:

«Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական ԶՈՒ-ի կողմից ոչ մի նման՝ նախահարձակ միջոցառում պլանավորված չի եղել և չի էլ կարող լինել, քանի որ դա հակասում էր մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին»,- շեշտել էր ԳՇ պետի նախկին տեղակալը՝ հավելելով, որ 3 ուղղություններով նշված գործողությունները հիմնականում ուղղված էին խիստ բնակեցված շրջանների դեմ՝ մի պարզ նպատակով՝ դեռևս 2021թ. մայիսի 12-ից սկսած ուղղվածությունը հենց բնակավայրերի կողքին է՝ նպատակ ունենալով ստիպել սահմանամերձ շրջանների ազգաբնակչությանը լքել իրենց զբաղեցրած տարածքները:

Առաքել Մարտիկյանը շարունակել էր՝ «ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ մինչև վերջ մեր զինվորները կանգնել են և զոհվել»:

Իսկ թե քանի-քանի հայկական դիրք էր օկուպացրել Ադրբեջանն այդ ժամանակ, ԳՇ արդեն նախկին պաշտոնյա Մարտիկյանը գաղտնի էր պահել:

Այնուհետև նրան լրագրողներից հարց էին տվել՝ ի՞նչ են անում մեր զինված ուժերը թշնամուն ելման դիրքեր հետ շպրտելու ուղղությամբ, հատկապես, երբ ունենք 2021-ի մայիսի և նոյեմբերի ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ներխուժումների փաստերը. թշնամին լուրջ առաջխաղացում ունեցավ, բայց նրանք հետ չշպրտվեցին, և 2022-ի սեպտեմբերի գործողությունները հենց այդ տարածքներից էին: Հիմա ինչի՞ն ենք սպասում, ինչո՞ւ հետ չեն շպրտվում:

Այս հարցադրումներին ի պատասխան՝ ԳՇ պետի տեղակալ Մարտիկյանն ասել էր, որ չի պատրաստվում ռազմական գաղտնիք բացել՝ որտեղ և ինչ հակազդող գործողություններ են անելու, որից հետո նա, ըստ էության, քաղաքական հայտարարություն էր արել կամ մեսիջ ուղարկել.

«Թե ինչ հակազդման միջոցներ են պլանավորվում և կազմակերպվում, դրա մասին միանշանակ պետք չի բարձրաձայնել: Վերջին հաշվով մենք ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում: Զինված ուժերի պարտականությունն է՝ կատարել վերադասի հրամանը: Ամեն ինչ անելու ենք, որ դրան հասնենք: Լսել եք բոլորդ, թե Հայաստանի Հանրապետության տարածքը որքան է, այդքանն էլ պիտի ապահովենք»,- հայտարարել էր Մարտիկյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի առաջարկած 29.800 քառ. կմ տարածքը, որը Խորհրդային Հայաստանի տարածքն է:

168.am-ը վերոնշյալ հոդվածում հարցադրում էր արել՝ վերադաս ասելով, Մարտիկյանը նկատի ուներ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, որը միայն պատերազմի ժամանակ է համարվում ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատար:

Երկրորդ՝ ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է Զինված ուժերի պարտականությունը: Այն է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Ավելին, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պիտի կանգնեն պատերազմի ավարտին ունեցած իրենց դիրքերում: Այսինքն, արդեն իսկ ունենք տարածքային, դիրքային պարտականությունների և իրավունքների խաթարում:

Ըստ այդմ՝ Գլխավոր շտաբի ղեկավարությունն իրենց պարտականության մասին պետք է մտածեր առնվազն 2021թ. մայիսի և նոյեմբերի ադրբեջանական ներխուժումների ժամանակ:

Հավելենք, որ Առաքել Մարտիկյանն այն գեներալներից մեկն է, ով չէր ստորագրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Զինված ուժերի հայտարարության տակ՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ, որին միացել էին բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ:

Ի դեպ, միայն Առաքել Մարտիկյանը չէ, որ փորձել է փրկել Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերյան մարտերի համատեքստում: Նույնը արել է նաև ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, երբ ԱԺ-ում լրագրողներին մասնագիտական հնարքներով փորձում էր բացատրել՝ ինչպես է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի, հայկական օկուպացված տարածքների մասշտաբային թիվը մի քանի անգամ քիչ է, քան իրականում եղել է: Օրինակ, 2022-ի սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հայտարարել էր, թե վերջին գործողությունների արդյունքում 10 քառակուսի կմ ենք կորցրել:

«ՀՀ վարչապետն ասեց՝ 10 քառակուսի կմ տարածք ենք կորցրել, նա այդ հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ որ տարածքի կորուստը եղել է 10 քառակուսի կմ: Իսկ դրանից հետո, եթե ես այդ հարցին հարաբերական պատասխան տամ, պիտի ձեր կողմից հնչեցվի, թե ԳՇ պետը ճիշտ չի ասում: Կան հաշվարկի տարբեր մեթոդներ. եթե հաշվարկներն արվում են հակառակորդի առաջնագծից մեր համապատասխան խորություններում, որտեղ հակառակորդը հաջողություն է ունեցել, օկուպացրել մեր ինքնիշխան տարածքից, ապա դա կազմում է մոտ 130 և որոշակի ավելի տարածք: Շեշտված 127 քառակուսի կմ-ը մոտիկ թիվ է: Եթե մենք հաշվում ենք այդ տարածքների կորուստներն անմիջապես մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվն ավելի քիչ է կազմում: Կան տարածքների մակերեսի հաշվման տարբեր մեթոդներ՝ հակառակորդի մխրճումը համապատասխան ճակատով, մխրճումով, բայց բոլոր ուղղություններով չէ, որ մխրճում է արձանագրվել: Կան հատվածներ, որտեղ մխրճման վերջավորությունը՝ գագաթը, հասնում է 3.5 կմ-ի, բայց թևերը՝ 100-200 մետրն են»,- մանրամասնել էր ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ նշելով, որ պետք է վերցնենք ՀՀ սահմանը, և ըստ այդմ հաշվենք, թե սահմանային որքա՞ն կորուստ ունենք, և հավելել. «Կան դիրքեր, որ հակառակորդը գտնվում է մեր պետական սահմանից հետ, կան դիրքեր, որ գտնվում է մեր պետական սահմանից առաջ: Այդպիսի ուղղությունները մի քանիսն են: Եվ նման հաշվարկների դեպքում առաջանում են մակերեսային տարբերություններ՝ 127, 129, 130, 132»:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը փրկում էր Նիկոլ Փաշինյանին՝ մոռանալով, որ սեպտեմբերի 15-ին, երբ արդեն հրադադարի պայմանավորվածություն կար, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածել և վստահեցրել, որ իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Շուշիի անկումից օրեր առաջ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նշանակվածը դարձավ պետ

ՀՀ նախագահի 2023 թվականի հունվարի 24-ի հրամանագրով գնդապետ Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ: Այսինքն, մոտ 1 տարի հետո ունեցանք ռազմական հետախուզության պետ:

Նշենք, որ 2022-ի հոկտեմբերի 13-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ փորձելով պարզել՝ ինչն է պատճառը, որ մինչև հիմա ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչությունը ղեկավար չունի, ՊՆ-ից հրաժարվել էին պատասխանել հարցին:

Ինչ վերաբերում է Սամվել Մովսիսյանին, ապա նա 2020թ. նոյեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, իսկ երբ արդեն հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը թափուր էր, Մովսիսյանը կատարում էր պետի պաշտոնակատարի պարտականությունները: Եվ հիմա փաստորեն արդեն դե յուրե ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետն ինքն է:

Թե ի՞նչ կտա Սամվել Մովսիսյանի՝ այս կարևորագույն պաշտոնում նշանակվելը, առաջ չընկնենք, մյուս կողմից՝ չենք կարող անտեսել, որ նա 2 տարի եղել է հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, իսկ վերջին մոտ մեկ տարին՝ պետի պաշտոնակատար:

Նշենք, որ Մովսիսյանից առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ Արայիկ Հարությունյանը, ով հիմա կալանավորված է 2021թ. մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների համատեքստում: Այս ժամանակ Արայիկ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:

Հետաքրքիր է, որ ադրբեջանական այս առաջխաղացումներից հետո էին Հարությունյանին վստահել զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը:

Ի դեպ, ինչպես նշեցինք՝ Առաքել Մարտիկյանը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է ռազմական հետախուզության պատասխանատուն, ով գիտի՝ գուցե մի օր Նիկոլ Փաշինյանը որոշի, որ պատերազմում պարտվեցինք, որովհետև ռազմական հետախուզությունը լավ չի աշխատել, այնպես, ինչպես, իր խոսքով, պատերազմից առաջ:

Տեսանյութեր

Լրահոս