Փաշինյանն օգտագործում է Գլխավոր շտաբին, իսկ ԳՇ ղեկավարությունը միամտորեն կամ գիտակցաբար շարունակում է փրկել «գերագույնի» քաղաքական դեմքը

Բանակի, այսպես ասած, զինվորական մասը շարունակում է մնալ իշխանությունների թիրախում, կամ այնպես է արվում, որ հանրության և լրատվամիջոցների թիրախում հայտնվի հենց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, որը բանակի կառավարման մոդելի փոփոխությունից հետո համարվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, սակայն անհրաժեշտության դեպքում չի կարող փոխարինել Պաշտպանության նախարարին, այլ վարչապետի որոշմամբ այդ իրավունքը վերապահվելու է Սուրեն Պապիկյանի քաղաքական տեղակալներից մեկին: Իսկ Զինված ուժերը՝ ԳՇ-ն, պետք է զբաղվի միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։

Բանակի կառավարման մոդելը փոխելու Նիկոլ Փաշինյանի նպատակներին և ռիսկերին բազմիցս տարբեր տեսանկյուններից անդրադարձել ենք, ուստի այս դեպքում մանրամասնությունների իմաստ չկա:

Ինչ վերաբերում է ԳՇ-ի կամ դրա պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի թիրախավորմանը, բերենք մի քանի պարզ օրինակ:

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից օրեր հետո՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում ԳՇ պետը հայտարարել էր, https://168.am/2022/09/16/1765868.html որ Ջերմուկի հատվածում հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, և, որ այդ օրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա է:

Կարդացեք նաև

Գեներալ Ասրյանը շարունակել էր, որ «հակառակորդն ապահովել է 1-1.5 կմ մխրճման խորություններ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն Շորժաների ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ մոտ 0.5 կմ խորությամբ հաջողություն»:

Ի դեպ, ԳՇ պետի՝ Ջերմուկ այցից և այս թվային տվյալների ներկայացումից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե վերջին գործողությունների արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է 10 քառակուսի կմ, իսկ նախորդ տարվա մայիսի 12-ին՝ 40 քկմ տարածք:

Իսկ թե քանի դիրք ենք կորցրել, ոչ մի տվյալ չնշվեց: Սակայն ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ վերջին գործողությունների արդյունքում հայկական կողմը կորցրել է 50 դիրք:

Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել էր նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը։

«Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմը 50 կետում մտել է, 50 հայկական դիրք է զավթել, որոնցից 17-19-ը, ինչքանով տեղյակ եմ, 19-ը, հավանաբար, Հանդ, Ներքին Հանդ, Ճակատեն հատվածում, մյուսները՝ Ջերմուկի, Վերին Շորժայի, Վարդենիսի, Կուտականի հատվածներում»,- մանրամասնել էր նա՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանն առնվազն 100 կետերում ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք։ 

Թվային այս տվյալների հրապարակումներից հետո լրատվամիջոցները գրավոր հարցմամբ փորձել էին պաշտպանական գերատեսչությունից պարզել՝ քանի՞ դիրք ենք կորցրել, քանի՞ քառակուսի կմ տարածք է Ադրբեջանը, օրինակ, օկուպացրել վերջերս՝ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ժամանակ: Պատասխանը՝ կամ գաղտնիք է, կամ՝ դեռևս ճշգրտման աշխատանքներ են կատարվում:

Բայց մեկ էլ հոկտեմբերի 24-ին իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարում է, որ Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք:

Եվ սրանից մեկ շաբաթ հետո ԱԺ-ում ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ստիպված է լինում լրագրողներին այս առնչությամբ որոշակի պարզաբանումներ տալ, այսինքն, ասել այն, ինչը կամ գաղտնի էր պահվում, կամ ճշգրտվում:

Թշնամու վերահսկողությանն անցած հայկական դիրքերի թիվ, իհարկե, չի ասվում, բայց ԳՇ պետը հայտնում է, որ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի ասած թիվը մոտ է ճշմարտությանը՝ Ադրբեջանը մեր ինքնիշխան տարածքից, ընդհանուր առմամբ, օկուպացրել է ավելի քան 130 քառակուսի կմ տարածք:

Այդ դեպքում ինչպե՞ս էր Նիկոլ Փաշինյանը մոտ 2 անգամ պակաս թիվ ասում, մասնավորապես, նշելով, թե վերջին գործողությունների արդյունքում 10 քառակուսի կմ ենք կորցրել, ԳՇ պետը ստիպված է լինում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, մասնագիտական հնարքներով:

«ՀՀ վարչապետն ասեց՝ 10 քառակուսի կմ տարածք ենք կորցրել, նա այդ հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ որ տարածքի կորուստը եղել է 10 քառակուսի կմ: Իսկ դրանից հետո, եթե ես այդ հարցին հարաբերական պատասխան տամ, պիտի ձեր կողմից հնչեցվի, թե ԳՇ պետը ճիշտ չի ասում: Կան հաշվարկի տարբեր մեթոդներ. եթե հաշվարկներն արվում են հակառակորդի առաջնագծից մեր համապատասխան խորություններում, որտեղ հակառակորդը հաջողություն է ունեցել, օկուպացրել մեր ինքնիշխան տարածքից, ապա դա կազմում է մոտ 130 և որոշակի ավելի տարածք: Շեշտված 127 քառակուսի կմ-ը մոտիկ թիվ է: Եթե մենք հաշվում ենք այդ տարածքների կորուստներն անմիջապես մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվն ավելի քիչ է կազմում: Կան տարածքների մակերեսի հաշվման տարբեր մեթոդներ՝ հակառակորդի մխրճումը համապատասխան ճակատով, մխրճումով, բայց բոլոր ուղղություններով չէ, որ մխրճում է արձանագրվել: Կան հատվածներ, որտեղ մխրճման վերջավորությունը՝ գագաթը, հասնում է 3.5 կմ-ի, բայց թևերը՝ 100-200 մետրն են»,- մանրամասնել է ԳՇ պետը՝ նշելով, որ պետք է վերցնենք ՀՀ սահմանը, և ըստ այդմ հաշվենք, թե սահմանային որքա՞ն կորուստ ունենք, և հավելել.

«Կան դիրքեր, որ հակառակորդը գտնվում է մեր պետական սահմանից հետ, կան դիրքեր, որ գտնվում է մեր պետական սահմանից առաջ: Այդպիսի ուղղությունները մի քանիսն են: Եվ նման հաշվարկների դեպքում առաջանում են մակերեսային տարբերություններ՝ 127, 129, 130, 132»:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը փրկում է Նիկոլ Փաշինյանին՝ մոռանալով, որ սեպտեմբերի 15-ին, երբ արդեն հրադադարի պայմանավորվածություն կար, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածել և վստահեցրել, որ իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Ինչպե՞ս հասկանալ սա՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո մի քանի ժամվա ընթացքում թշնամուն հաջողվել է գրավել ավելի քան 80 քառակուսի կմ տարա՞ծք:

Ով է ստում՝ Նիկոլ Փաշինյա՞նը, և ԳՇ պետը չի կարող դա բացահայտ ասել, թե՞ պաշտպանության նախարարությունն է թաքցրել, և հայտարարված հրադադարից հետո էլ առաջխաղացումներ են եղել:

Ի դեպ, սեպտեմբերի 29-ին էլ Վարդենիսում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը հայտարարել էր, թե իրենք պարտավոր են կատարել վերադասի հրամանը:

«Լսել եք բոլորդ, թե Հայաստանի Հանրապետության տարածքը որքան է, այդքանն էլ պիտի ապահովենք»,- շեշտել էր նա:

Մարտիկյանը, սակայն, չէր ասել, թե վերադաս ասելով՝ ո՞ւմ նկատի ունի՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, որը միայն պատերազմի ժամանակ է համարվում ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատար, և որը քաղաքական հայտարարություն է արել, թե պատրաստ է պայքարել 29.800 քառ. կմ տարածքի համար, որը Խորհրդային Հայաստանի տարածքն է: Այսինքն՝ ՀՀ Գլխավոր շտաբին հրամայված է պահել Փաշինյանի խոստացած 29.800 քառակուսի կմ ՀՀ տարածքը:

Այս տրամաբանության մեջ է, ըստ էության, նաև ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի միտքը, թե պետք է վերցնենք ՀՀ սահմանը և ըստ այդմ հաշվենք, թե սահմանային որքան կորուստ ունենք:

Գլխավոր շտաբում մոռանում են, որ ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է Զինված ուժերի պարտականությունը: Այն է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Այսինքն՝ դիրքերի կորուստը, դիրքային փոփոխությունը հանգեցնելու է նաև երկրի տարածքային ամբողջականության խաթարման:

Ավելին, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պիտի կանգնեն պատերազմի ավարտին ունեցած իրենց դիրքերում: Այսինքն, արդեն իսկ ունենք տարածքային, դիրքային պարտականությունների և իրավունքների խաթարում:

Ի դեպ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը սեպտեմբերի 16-ին ասել էր նաև, թե Ջերմուկի հատվածում ադրբեջանական 12 հոգանոց մի խումբ հայտնվել է շրջափակման մեջ՝ կտրված իր ստորաբաժանումներից, գտնվում է բլրի գագաթի վրա: Այսինքն, կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից, և երբ սպառվեն նրանց պաշարները, նրանք հետ կքաշվեն:

Սեպտեմբերի 16-ից հետո ավելի քան մեկ ամիս լրատվամիջոցները փորձում էին գրավոր և բանավոր տարբերակներով ՊՆ-ից տեղեկանալ՝ ի՞նչ եղավ Ջերմուկում շրջափակման մեջ հայտնված խումբը: Բայց ոչ մի բան պարզել չէր հաջողվում, որովհետև գրավոր հարցերին պատասխանում էին, թե գաղտնիք է, իսկ երբ լրատվամիջոցներում իրենց աղբյուրներից ինչ-որ վարկածներ էին շրջանառվում ադրբեջանական հետքաշման մասին, ՊՆ-ն փորձում էր ինչ-որ կերպ հերքել, մինչդեռ իրականում այն ավելի շատ հարցեր էր առաջացնում:

168.amգրել էր, որ ԳՇ պետը նախ չպետք է նման հայտարարություն աներ, իսկ եթե արել է, ապա պետք է ժամանակին մասնագիտական պատշաճ բացատրություն տար՝ թեկուզ ՊՆ խոսնակի միջոցով:

Բայց ԳՇ-ն շարունակեց լռել այնքան, մինչև հոկտեմբերի 31-ին Էդվարդ Ասրյանը ԱԺ-ում ստիպված եղավ ինչ-որ կերպ պատասխանել շրջափակման մեջ եղած ադրբեջանական խմբի հետ կապված հարցին:

Նախ ասվում է՝ «հակառակորդի ստորաբաժանումները տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել»:

Այնուհետ հարցին՝ ինչո՞ւ խմբի անդամները չեն գերեվարվել, ԳՇ պետն արձագանքել է՝ հակառակորդին գերեվարելու համար պետք է նրանց ընդհուպ մոտենալ՝ մեր զինծառայողների կյանքի գնով, որին չենք գնացել:

«Համապատասխան դիրքային փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է քաշվել: Եվ ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը»,- հավելել է Է. Ասրյանը, որը խոստանում էր, որ ադրբեջանական խումբը մեր հմուտ գործողությունների արդյունքում է հեռանալու:

Փոխհրաձգությունը մտնո՞ւմ է դրա մեջ, թե՞ ինչպես ոմանք մտածում են՝ գուցե թիկունքից ճանապարհ են կառուցել և… Այսինքն, ԳՇ-ն պիտի սովորի ժամանակին, հստակ և տրամաբանական պատասխաններ տալ, ոչ թե առաջնային փրկել Նիկոլ Փաշինյանին, որը, բնավ, իրենց փրկության մասին չի մտածում: Եվ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ Փաշինյանը շատ հանգիստ կարող է վաղը մեղավորությունը բարդել հենց սեպտեմբերյան գործողությունների համատեքստում ԳՇ-ի և նրա պետ Էդվարդ Ասրյանի վրա, որը, ի դեպ, 2021-ի փետրվարին մի շարք գեներալների հետ համարում էր, որ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը ի վիճակի չեն ընդունել ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

Իսկ ճգնաժամը դրանից հետո ավելի է խորացել:

Իսկ ԳՇ-ն քաղաքական հայտարարությունների «տակ» է մտնում, մինչդեռ դա պիտի անի Նիկոլ Փաշինյանի վստահելի թիմակից և կուսակից Սուրեն Պապիկյանը, որը լինելով քաղաքական պաշտոնում, խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին, հրավիրել ասուլիսներ՝ զբաղված լինելով, ըստ էության, ՏԻՄ խնդիրներով և ընտրություններով, ինչի մասին վկայում էր նաև ՔՊ համագումարում նրա ելույթը:

Ի դեպ, Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը մասնակցում էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը, իսկ Սուրեն Պապիկյանը չկար, գուցե ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ներկայությունը բավարա՞ր է համարվել:

Ի դեպ, ի գիտություն ԳՇ ղեկավարության՝ նշենք, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում փրկում էր Փաշինյանին, թե «Հայաստանը մինչև վերջ պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը լինի, սակայն այն տեղ չի գտել, որովհետև Ադրբեջանը չի համաձայնել», մինչդեռ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ռուսաստանի Դաշնության գործընկերներն առաջարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամանակով, և այդ մոտեցումը լիովին համապատասխանում է Հայաստանի կառավարության մոտեցմանը։

Ի՞նչ է ստացվում՝ Ադրբեջանը կարողացել է համաձայնության գալ Ռուսաստանի հետ, որն էլ դա պարտադրել է Հայաստանին:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի խոսքից կարելի է ենթադրել, որ առանձնապես ջանք չի գործադրել ԼՂ կարգավիճակի հարցն առաջ տանելու ուղղությամբ, իսկ Սոչիի եռակողմ հայտարարությունում «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպման բացակայությունը հուշում է քննարկմանը մասնակից երկրների այս թեմայով համատեղ դիրքորոշումը՝ ավելորդ «գլխացավանքից» խուսափելու համար:

Ի դեպ, եռակողմ հայտարարության մեջ խոսք չկա նաև սեպտեմբերյան ագրեսիայի և զորքերի հետքաշման մասին: Իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն շարունակում է սխալներից դասեր չքաղել և Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը փրկել, սպասարկել՝ սեփական զինվորական կենսագրության և հեղինակության հաշվին:

Տեսանյութեր

Լրահոս