ՀՀ իշխանությունները պատասխանատվությունը փորձում են գցել այլ պետությունների վրա, ներքաշել միջազգային խաղացողների. Միջազգայնագետ
Արդեն 72 ժամ է՝ Արցախը շրջափակման մեջ է: Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։ Թվիթերում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,- գրել է Փրայսը։
Լաչինի միջանցքն ապաշրջափակելու նմանատիպ կոչով հանդես է եկել նաև Բաքվում Միացյալ Նահագների դեսպանատունը։
Իրավիճակի հանգուցալուծմանն ինչո՞վ կնպաստեն այս հայտարարությունները՝ 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշեց. «Մեծ հաշվով, այդ հայտարարությունները լոկ հայտարարություններ են: Միգուցե ինչ-որ ճնշման մեխանիզմ կարելի է դիտարկել, բայց որևէ էական ազդեցություն չեն կարող գործել Ադրբեջանի գործողությունների վրա:
Ակնհայտ է, որ ադրբեջանական գործողությունները հրահրված են, կամ ուղղակիորեն աջակցված են Թուրքիայի կողմից: Այնպես որ, մարտահրավերը հենց այդ հատվածում է պետք դիտարկել, այսինքն՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համատեղ գործողությունների հետևանք, որով փորձ է արվում վարկաբեկել ՌԴ խաղաղապահներին և, միևնույն ժամանակ, ահաբեկել հայ բնակչությանը»:
Ի պատասխան հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն ՀՀ իշխանությունները խնդրին լուծում տալու համար, միջազգայնագետը շեշտեց, որ իշխանություններից ակնկալիքները մեծ չեն:
«Լաչինի հարցում ՀՀ իշխանությունները հստակ գործողություններ պետք է իրականացնեն՝ պաշտպանելու համար ԼՂ ժողովրդի անվտանգությունը՝ առնվազն մատակարարումների առումով, ինչը տեղի չի ունենում: Մենք տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները պատասխանատվությունը փորձում են գցել այլ պետությունների վրա, ներքաշել միջազգային խաղացողներին և միազգային կազմակերպություններին, ինչն էֆեկտ չի տա»,- նկատեց Սուրեն Սարգսյանը:
Ըստ նրա՝ միայն իշխանափոխության պարագայում կարող են էֆեկտիվ փոփոխություններ լինել, որովհետև այս իշխանությունների նպատակն էապես տարբերվում է ՀՀ շահերից: