Օնիկ Գասպարյանի խորհրդականի «գաղտնազերծումը» Շուշիի պաշտպանության վերաբերյալ. Միքայել Արզումանյանի՞ն, թե՞ մեկ ուրիշին է ուզում փրկել

Ամիսներ առաջ պատերազմական 2 դրվագով մեղադրանք առաջադրվեց  2020-ի հոկտեմբերի 27-ից ՊԲ հրամանատարի լիազորությունները ստանձնած Միքայել Արզումանյանին:

Դրվագներից մեկը վերաբերում է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելուն:

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման ընթացքում նրա խորհրդական Վլադիմիր Պողոսյանը «Նոյան Տապան» գործակալության հետ զրույցում, ըստ էության, հաստատելով պնդումները, որ Շուշին հանձնվել է, ուշագրավ հայտարարություն է արել:

«Մոտավորապես ամսի 3-ին (նկատի ունի նոյեմբերի 3-ը.- խմբ.) Միքայել Արզումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ համաձայնությամբ, գրավոր հրամանով բավականին գրագետ և մարտական փորձ ունեցող բարձրաստիճան սպայի է նշանակում, որը պիտի Շուշիի պաշտպանության համար պատասխանատվություն ստանձներ: Բայց հաջորդող օրերին Արայիկ Հարությունյանը բանավոր չեղարկում է ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի գրավոր հրամանը և դարձյալ բանավոր նշանակում է Սեյրան Օհանյանին, որը ոչինչ չի արել Շուշիի պաշտպանության համար: Եվ հենց այդ ժամանակվանից ձախողումը սկսվեց: Ես այնտեղ եմ եղել ամսի 4-5-ին: Ես ուղիղ մեղադրում եմ Արայիկ Հարությունյանին, ով եթե անգամ Արցախում ունեցած կարգավիճակով հանդիսանում էր գերագույն հրամանատար, բայց նա իրավունք չուներ ՊԲ հրամանատարի գրավոր հրամանը չեղարկելու, որը համաձայնեցված էր ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հետ»,- շեշտել է Պողոսյանը և հավելել, որ ինքը սպաների հետ բարձրացել է դեպի Շուշի, ավելին, իր հետ է եղել պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատարի լիազորություններ ունեցած և այսօր պատերազմական մի քանի դրվագներով մեղադրվող Ջալալ Հարությունյանի եղբայրը՝ Արտյոմ Հարությունյանը, որ ներկայում Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության պետն է:

Կարդացեք նաև

«Երբ ես գնացի Շուշի, իմ վարորդն ինձ ասաց՝ տպավորություն է, որ ասֆալտը լվացել են և պատրաստվում են քաղաքը հանձնել: Շուշիի պաշտպանության մասին հիշեցնող ոչ մի բան չկար, այսինքն, դասական իմաստով քաղաքը պատրաստված չէր պաշտպանության»,- շարունակել է Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը՝ հավելելով, որ Միքայել Արզումանյանի՝ ՊԲ հրամանատար դառնալուց հետո հայկական կողմի մարդկային կորուստները նվազել են:

Առաջին հայացքից թվում է՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդականը լավ բան է անում՝ չի թողնում, որ Միքայել Արզումանյանը կրի Շուշիի կորստի ամբողջ պատասխանատվությունը, քանի որ Շուշիի պաշտպանությունը զուտ ռազմական հարց չէր, բերդաքաղաքի հանձնել-չհանձնելը քաղաքական լուրջ թեմա էր:

Այսինքն, նման որոշումները քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարության մակարդակով են կատարվում: Սակայն այսօր, երբ Շուշիի պաշտպանության ոչ պատշաճ կազմակերպման փաստով քրեական գործ է հարուցված, Վլադիմիր Պողոսյանը անում է հայտարարություն, որը ոչ միայն կարելի է համարել հանցագործության մասին հաղորդում, այլև մի շարք հարցեր է առաջացնում և ունի տողատակեր:

Ի դեպ, Օնիկ Գասպարյանի խորհրդականը չի գաղտնազերծում, թե այդ ժամանակ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ո՞ր բարձրաստիճան զինվորականին էին որոշել վստահել Շուշիի պաշտպանությունը:

Նշենք, որ 168.am-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ասել էր, որ, այո, Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով է ինքը եղել Շուշիում, բայց չի եղել բերդաքաղաքի պաշտպանության պատասխանատուն, այլ, մասնավորապես, ինժեներական աշխատանքների իրականացման հետ կապված առաջարկություններ է արել:

«Այնտեղ եղել է հրամանատար, վարչակազմի ղեկավար՝ իր ամբողջ կազմով, վարչակազմի բոլոր ծառայությունները: Ես պարզապես օգնել եմ՝ խորհուրդներ տալով, թե ինչ կառուցվածք կարող է ունենալ ստորաբաժանումը, ինչ խնդիրներ կարող է կատարել: Եվ երբ իրենք ցույց են տվել, թե այդ ստորաբաժանումը Շուշիի ներսում որտեղ է անցել պաշտպանության, ես մի քանի տեղով անցել եմ և առաջարկություններ եմ արել՝ ինչ անել ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար: Սա՝ մեկ: Երկրորդ՝ Շուշիում հրամանատար կարող է լինել այն անձնավորությունը, որը լիազորված է, պաշտոնատար անձ է, զինվորական ծառայության մեջ է և հրամանով անցնում է: Շուշիում նշանակված է եղել հրամանատար, նրան ես պարզապես կողքից աջակցել եմ: Բանակի ղեկավարման ոլորտում ղեկավարություն կարող է ունենալ այն մարդը, որն ունի լծակներ, իսկ ես պաշտոնյա չեմ եղել և ոչ մի լծակ չեմ ունեցել: Իսկ ինձ, կրկնում եմվերջին օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է խնդրել լինել Շուշիում»,- մանրամասնել էր Սեյրան Օհանյանը և հավելել, որ ՊԲ հրամանատարի որոշմամբ հրամանատարական կետը տեղափոխվել է, այդ ժամանակ էլ ինքն է տեղափոխվել: Մեզ հետ զրույցում Սեյրան Օհանյանը պատմել էր նաև նշված հարցազրույցից առաջ:

«Նոյեմբերի 5-ին, երբ հրամանատարական կետը տարբեր կողմերից շրջափակման մեջ էր գտնվում, բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, որպեսզի ավելի լիարժեք մարտական գործողություն վարեն արդեն Շուշիի ներսում: Եվ հրամանատարական կետի կազմի հետ և՛ ես էի, և՛ Արգիշտի Քյարամյանը:

Այդ կազմը նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30 դուրս է եկել Շուշի քաղաքից և տեղակայվել Շուշի քաղաքից մի քիչ ներքև: Այնտեղ, որտեղից ստորաբաժանումները Ստեփանակերտ քաղաքի կողմից արդեն հարձակողական կամ հակագրոհային գործողություններ էին իրականացնում: Այդ կազմը դուրս է եկել մի քանի մեքենաներով, նույն մեքենայի մեջ գտնվել ենք ես և Արգիշտի Քյարամյանը: Ամսի 6-ին և 7-ին, գտնվելով Ստեփանակերտում, մենք տարբեր տեղերում ենք եղել, բայց ամսի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քյարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու: Օգտվելով առիթից՝ ես նաև մասնակցել եմ երջանկահիշատակ Վահե Սիրունյանի հուղարկավորության միջոցառումներին: Այնուհետ մեկ օր զանգահարել եմ Արցախ, ինձ ասել են՝ պետք չի գալ, բայց միևնույն է՝ ես ինքնակամ հետո մեկնել եմ Արցախ՝ տարբեր գործառույթներ իրականացնելու: Սա ինչու եմ ասում, որովհետև մեկ-մեկ ասում են, որ զինծառայողի հուղարկավորության համար գնացինք Երևան: Ես 40 օր գտնվել եմ այնտեղ և բազմաթիվ մտերիմ մարդիկ եմ կորցրել և չեմ գնացել, բայց ամսի 7-ին Երևան նախագահի խնդրանքով եմ գնացել՝ սպառազինության հետ կապված հարցեր ճշտելու համար: Սա է ամբողջ իրականությունը»,- անցած տարի 168.am-ին պատմել էր Սեյրան Օհանյանը:

Ի դեպ, մենք գրել էինք, որ մեր հավաստի տեղեկություններով՝ Շուշիի ուղղության հրամանատար-կոորդինատորը գնդապետ Սերգեյ Առուստամյանն է եղել:

Իհարկե, կարող է հարց ծագել, տարբեր կարծիքներ լինեն, թե ինչո՞ւ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնաթող գեներալներից ընտրել հենց Սեյրան Օհանյանին, սա այլ խոսակցության թեմա է: Իսկ թե ինչո՞ւ է Օնիկ Գասպարյանի խորհրդականը Սեյրան Օհանյանին հիշելիս՝ մոռանում նրա հետ այդ ժամանակ Շուշիում եղած ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, կամ ինչո՞ւ է Շուշին հանձնելու մեջ մեղադրում միայն Արցախի նախագահին, որ 10 օր ՀՀ-ից օգնություն էր խնդրել, ինչը հավաստող ձայնագրությունը շրջանառվում էր համացանցում և տարբեր լրատվամիջոցներով: Բայց Պողոսյանը հարցազրույցում խնայում է Նիկոլ Փաշինյանին՝ չհիշատակելով նրա անունը Շուշին հանձնելու համատեքստում, ինչը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս:

Մյուս կողմից, Վլադիմիր Պողոսյանը իր այս գաղտնազերծմամբ, ըստ էության, ուշադրություն է հրավիրում նաև Օնիկ Գասպարյանի վրա, որի «գրպանը» ևս Նիկոլ Փաշինյանը փորձել է գցել Շուշիի կորուստը, ինչպես նաև Սեյրան Օհանյանի և ոչ միայն:

Այո, ԳՇ պետի լիազորությունները պատերազմից մոտ 3 ամիս առաջ ստանձնած Օնիկ Գասպարյանը պատասխանատվություն է կրում 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական օպերացիաների և տարբեր դրվագների համար: Խնդիրն այն է, որ Արայիկ Հարությունյանը դեմ է եղել Օնիկ Գասպարյանի որոշմանը՝ Շուշիի պաշտպանության հրամանատարությունը հանձնել ոչ պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականին և փոխարենը ընտրել պաշտոնաթող գեներալ Սեյրան Օհանյանին: Այսինքն, ըստ էության հաշվի չի առնվել ԶՈՒ ԳՇ պետի և ՊԲ հրամանատարի մասնագիտական կարծիքը և չեղարկվել է կայացրած որոշումը:

Գուցե Օնիկ Գասպարյանը նախապես իմացե՞լ է, որ իր երբեմնի խորհրդականը նման հայտարարություն է անելու, և, ինչը, օրինակ, կարող է օգտագործվել Միքայել Արզումանյանի դեմ, ի վերջո, ինչպես Պողոսյանն է ասել,ՊԲ հրամանատարի գրավոր հրամանն է Արայիկ Հարությունյանը չեղարկել:

Հարցերը բազմաթիվ են: Ի դեպ, ամիսներ առաջ Օնիկ Գասպարյանին «Իսկանդերի» կիրառման պլանը ձախողելու մեջ հրապարակավ մեղադրող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ Օնիկ Գասպարյանին վերաբերող նյութեր կա՞ն, պատասխանել է՝ «ուզում եք անուններ հնչեցնեմ, շատ անուններ կան, բայց ես անուններ չեմ հնչեցնի»։

Սա այն դեպքում, երբ Անդրանիկ Քոչարյանը ամիսներ առաջ անգամ ակնարկել էր, թե որ ուղղությամբ է «Իսկանդերը» կիրառվել:

«Քննիչ հանձնաժողովի ձեռքում է գտնվում Օնիկ Գասպարյանի կողմից հաստատված «Իսկանդերի» կիրառման պլանը, որը բացարձակ չի համապատասխանում իր ասածին: Ընդ որում, դա ստորագրված է նույն Գասպարյանի կողմից, տվյալ փաստաթուղթը կազմել է իր տեղակալ Տիրան Խաչատրյանը, իր օպերատիվ վարչության պետը: Իսկ էդ պլանը, որ ներկայացնենք, երբ մասնագետները նայեն, կտեսնեն, որ Օնիկ Գասպարյանը կամ չի հասկացել՝ ինչ է հաստատել, որովհետև տվյալ սպառազինությունը նախատեսված էր լրիվ այլ հարվածային գործողության և այլ թիրախների համար: Իսկ ինքը թիրախներն ընտրել էր շատ անհասկանալի վայրում և անհասկանալի հեռավորության վրա»,- լրատվամիջոցներին ասել էր Անդրանիկ Քոչարյանը:

Իսկ ՔՊ մեկ այլ պատգամավոր՝ Գագիկ Մելքոնյանն էլ նույնիսկ նշել էր, թե ինչ հեռավորության վրա գտնվող թիրախ է խոցվել դրանով:

«Գիտեք, նախ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հայտարարեց, այլ դա փաստ է, որ մինչև պատերազմ սկսելը՝ օպերատիվ պլանավորումներ մշակելիս սխալ պլան է մշակվել: Այսինքն, թիրախներ կան, որ, օրինակ, պետք է խոցվեին 25–35 կիլոմետրի վրա, և այդ թիրախներին հարվածողը ոչ թե «Իսկանդերը», այլ մեկ այլ հրթիռ է: Եվ նմանատիպ պլանավորման դեպքում, իհարկե, մենք պարտություն պետք է կրեինք»,- լրատվամիջոցներին ասել էր Մելքոնյանը:

Այսինքն, Անդրանիկ Քոչարյանի պահվածքի կամ գուցե դիրքորոշման փոփոխությունը նորից տարբեր հարցերի ու ենթադրությունների տեղիք է տալիս. կամ քննչականին Օնիկ Գասպարյանը լուրջ փաստարկներ է ներկայացրել «Իսկանդերի» կիրառման և պատերազմական այլ դրվագների վերաբերյալ, կամ Օնիկ Գասպարյանին այս դեպքում Անդրանիկ Քոչարյանի կողմից «խնայելն» այլ պատճառներ ունի:

Տեսանյութեր

Լրահոս