Ո՞վ է եղել Շուշիի ուղղության հրամանատարը, և ո՞ւմ հրամանով է հրամանատարական կետը հանվել Շուշիից
Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ-Վարագ Սիսեռյանը Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 9-ին, կայքերից մեկին տված հարցազրույցում ասել է, որ նոյեմբերի 5-ի երեկոյան Սեյրան Օհանյանը Շուշիից դուրս է եկել առանց նույնիսկ այնտեղ տեղակայված վերջին խմբակներին տեղեկացնելու:
«Սեյրան Օհանյանին մեկը, վերջ ի վերջո, պետք է հարց տա, թե ինչո՞ւ նա նոյեմբերի 5-ի երեկոյան Շուշիից դուրս եկավ առանց նույնիսկ այնտեղ տեղակայված վերջին խմբակներին տեղեկացնելու: Մեր կապը հրամանատարության հետ կտրվեց շատ անհասկանալի ու տարօրինակ ձևով, արդյունքում մենք, մոտ 20-30 հոգով, մնացինք միայնակ։ Կարծում եմ՝ կգա օրը, և Սեյրան Օհանյանը ստիպված կլինի պատասխանել Շուշիում լքված զինվորների և կամավորականների հարցերին,- նշել է Սիսեռյանը և հավելել,- Սեյրան Օհանյանը այժմ մինչև հանրահավաքներին մասնակցելը, հայրենասիրական ճառեր արտասանելը, ճիշտ կանի, եթե հայելու մեջ նայի և ինքն իրեն հարց տա, թե ինչո՞ւ որպես Շուշիի փաստացի հրամանատար, մեզ՝ այնտեղ գտնվող տասնյակ զինվորներիս ու կամավորներիս, թողեց ու, առանց նախազգուշացնելու, ուղղակի «թռավ» Շուշիից՝ բոլորիս համար անակնկալ հայտնվելով Երևանում»:
168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մի քանի անգամ մանրամասն տեղեկացրել է, թե ինչի համար է եղել Շուշիում, ինչ կարգավիճակով, երբ և ում հետ է դուրս եկել Շուշիից:
Ամեն դեպքում, 168.am-ը Վարագ Սիսեռյանի մեղադրանքների համատեքստում ևս մեկ անգամ զրուցել է Սեյրան Օհանյանի հետ և փորձել հասկանալ՝ ո՞վ է եղել Շուշիի ուղղությամբ պատասխանատուն, քանի որ իշխանությունները հստակ անուն չեն տալիս և ժամանակ առ ժամանակ Շուշիի անկումը տարբեր մարդկանց «գրպանն են գցում»:
– Այդ հարցը առաջին անգամ չէ, որ բարձրացնում են: Իմ պատրաստակամության և Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով ես եղել եմ Շուշիում: Սկզբնական շրջանում՝ հոկտեմբերի վերջերին, օգնել եմ, որպեսզի Շուշիի աշխարհազորը ձևավորվի: Այնտեղ եղել է հրամանատար, վարչակազմի ղեկավար՝ իր ամբողջ կազմով, վարչակազմի բոլոր ծառայությունները: Ես պարզապես օգնել եմ՝ խորհուրդներ տալով, թե ինչ կառուցվածք կարող է ունենալ ստորաբաժանումը, այն ինչ խնդիրներ կարող է կատարել: Եվ երբ իրենք ցույց են տվել, թե այդ ստորաբաժանումը Շուշիի ներսում որտեղ է անցել պաշտպանության, ես մի քանի տեղով անցել եմ և առաջարկություններ եմ արել՝ ինչ անել ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար: Սա՝ մեկ: Երկրորդ՝ Շուշիում հրամանատար կարող է լինել այն անձնավորությունը, որը լիազորված է, պաշտոնատար անձ է, զինվորական ծառայության մեջ է և հրամանով անցնում է: Շուշիում նշանակված է եղել հրամանատար, նրան ես պարզապես կողքից աջակցել եմ: Երրորդ՝ Վարագ Սիսեռյանին ես Շուշիում տեսել եմ 1-2 անգամ, ինչ-որ ստորաբաժանում էր բերել, որը, ես չեմ էլ իմանում՝ ինչ ստորաբաժանում է: Պետք է հարց տալ, թե ինքը ո՞նց է հայտնվել Շուշիում, որին ինչ-որ տեղ են ուղարկել, որ անցնի պաշտպանության: Պատերազմի ավարտից հետո Վարագ Սիսեռյանը ինձ մոտեցավ մեկ անգամ և ասաց՝ ինչո՞ւ Շուշին թողեցիք և դուրս եկաք: Նախ ուզում եմ մեկնաբանել, որ Շուշիի հրամանատարական կետը ենթարկվում էր ՊԲ հրամանատարին և այդ հրամանատարական կետը կարող է Շուշիից հանել միայն ՊԲ հրամանատարը: Ես բարոյական պարտքս եմ համարել խորհուրդներ տալ, և այդ պահին եղել եմ Շուշիի հրամանատարական կետում: Եվ ՊԲ հրամանատարը որոշել է հրամանատարական կետը տեղափոխել, որի տեղափոխման ժամանակ ես իրենց հետ տեղափոխվել եմ: Վարագ Սիսեռյանը այդ հարցազրույցում օգտագործում է մի քանի բառ, որն ինձ համար անընդունելի է՝ «փախան», «թռան»: Ինքը հասկանալով իմ ֆիզիկական վիճակը, որ եթե ուզեմ էլ փախչել՝ չեմ կարող, և դա, գտնում եմ, որ բարոյական չէ: Եվ ամենակարևորը՝ Վարագ Սիսեռյանի հետ մենք պայմանավորվել ենք, որ հանդիպենք և խոսենք, ինքը ինձ երկու հեռախոսահամար է տվել: Ընդ որում, վերջին հանդիպման ժամանակ ասել է՝ «ես պարզեցի և այդպես չէ՝ ինչ որ մտածում էի»:
Մի քանի անգամ ես փորձել եմ նրա հետ կապնվել, մի քանի անգամ զանգել եմ իր տված հեռախոսահամարներով, զանգերը գնում են, և նա իմ զանգերին չի պատասխանել: Չեմ կարծում, որ Վարագ Սիսեռյանը կարող է գնահատական տալ ռազմական գործողություններին, ասել՝ ինչպես է ղեկավարվել Շուշին, ով է եղել Շուշիի հրամանատարը: Իսկ ես այս պահին Վարագ Սիսեռյանի հայտնվելը և խոսելը այս մասին, ընդ որում, դա կապել ընթացող քաղաքական գործընթացներին և այլն, ինձ համար անհասկանալի է: Երբ ես հանդիպել եմ նրա հետ, ինքը ինձ վրա նորմալ մարդու տպավորություն է թողել: Թե ինչո՞ւ է հիմա ինչ-որ մեկի պատվերը կատարում, անհասկանալի է: Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ նա չէր կարող իմանալ, թե ես ով եմ եղել այնտեղ: Բանակի ղեկավարման ոլորտում ղեկավարություն կարող է ունենալ այն մարդը, որն ունի լծակներ, իսկ ես պաշտոնյա չեմ եղել և ոչ մի լծակ չեմ ունեցել: Եթե կոնկրետ այս պահին է Սիսեռյանը այդ մասին բարձրաձայնում, ինքը խառնվում է քաղաքական գործընթացներին և ինչ-որ պատվեր է կատարում: Իսկ ինձ, կրկնում եմ, վերջին օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է խնդրել լինել Շուշիում:
Նախքան Սեյրան Օհանյանին ուղղված մյուս հարցերին անդրադառնալը, նշենք, որ 2020-ի նոյեմբերի 5-ին Արցախի նախագահը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ այցելել է Շուշի:
«Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը: Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով՝ մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին:
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»,- գրել էր Արայիկ Հարությունյանը:
Այդ գրառմանը կցված էին լուսանկարներ, որտեղ երևում է Սեյրան Օհանյանը՝ կանգնած, այդ ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրենի լիազորությունները կատարող Կամո Աղաջանյանը, և մեր հավաստի տեղեկություններով՝ Շուշիի ուղղության հրամանատար-կոորդինատորը՝ գնդապետ Սերգեյ Առուստամյանը, որն այս պահին էլ զինկոմի պարտականություններ է կատարում:
Ավելի վաղ մեզ հետ ունեցած հարցազրույցներից մեկում Սեյրան Օհանյանը նշել էր.
«Ես կազմակերպչական հարցերով աջակցել եմ Շուշիի շրջանի աշխարհազորի հրամանատարին, այնպես, ինչպես փորձել եմ օգնել Շուշիի ուղղության հրամանատարին՝ ՊԲ կողմից նշանակված: Երկրորդը, տարբեր հատվածներում, ընդ որում՝ Շուշիում, ես տարբեր դրվագներում կարճ ժամանակահատվածներով առնչվել եմ Արգիշտի Քյարամյանի հետ, միասին ենք եղել: Ինքը ճիշտ է ասում, որ Շուշիում վերջին օրերին միասին ենք եղել: Եվ Արգիշտի Քյարամյանը Շուշիի ուղղության հրամանատարին՝ գնդապետ Առուստամյանին, աջակցել է»:
Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 5-ի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ներկայացրած ֆոտոշարքում նաև Վարագ Սիսեռյանի նախկին ղեկավարը կա՝ Տիգրան Ավինյանը:
Հավելենք, որ գնդապետ Առուստամյանը, մի շարք զինծառայողների հետ միասին, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով էր պարգևատրվել 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար: Պարգևները Արցախում հանձնել էր նախագահ Սերժ Սարգսյանը:
Արդյո՞ք միայն Շուշիի համար էր 44-օրյա պատերազմը, և կարո՞ղ էինք այն պահել
Վերադառնալով 44-օրյա պատերազմին և շարունակելով մեր հարցադրումները Սեյրան Օհանյանին՝ փորձեցինք պարզել՝ արդյո՞ք պատերազմը Շուշիի համար էր, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, և ի՞նչ առաջարկներ է արել, որոնք ընդունվել կամ չեն ընդունվել, այդ թվում՝ Շուշիի հետ կապված:
– Պատերազմը եղել է Արցախի համար, ինչո՞ւ չէ՝ տարբեր շրջանների և Շուշիի համար: Եվ Շուշիում ընթացող մարտական գործողությունները պետք է տեսնել Արցախում ծավալված ընդհանուր մարտական գործողությունների և զարգացումների համատեքստում:
– Կարո՞ղ էինք Շուշին պահել՝ հաշվի առնելով, որ, այսպես ասած, աշխարհագրական դիրքային առումով առավելությունը մեր կողմում էր:
– Իհարկե կարող էինք Շուշին պահել, եթե Շուշիի մարտական գործողությունները կազմակերպված լինեին: Եթե Շուշիում բանակի ղեկավարությունն իրականացներ կառավարում, գար և տեղում փոխգործակցություն կազմակերպեր ստորաբաժանումների միջև: Կարծում եմ, որ Շուշիի մեջ 2 հարթության վրա են եղել ստորաբաժանումները. առաջին՝ բանակային, որը ենթարկվել է բանակի ղեկավարությանը, երկրորդ՝ աշխարհազոր, որն ունեցել է իր հրամանատարը, դա եղել է Շուշիի դատախազը, որն անմիջապես ենթարկվել է Շուշիի շրջվարչակազմին, որն էլ իր հերթին՝ ենթարկվել է Արցախի ղեկավարությանը: Այսօր այդ ամեն ինչը բարդել… դե յուրե ես այնտեղ ոչ մեկն եմ եղել, իսկ դե ֆակտո բարոյական եմ համարել գնալ և խորհուրդներ տալ, օգնել:
– Ասում են՝ այն «սցենարով», որ մենք ենք 1992-ի մայիսին
Շուշին ազատագրել, նույնով Ադրբեջանն է փորձել գրավել բերդաքաղաքը: Դուք Շուշին ազատագրողներից և հարձակման 4 ուղղություններից (Ջանհասան-Քյոսալար-հյուսիսարևմտյան) մեկի հրամանատարն եք եղել, իրականում այդպե՞ս է եղել:
– Նույն սցենարը չի եղել, բայց 1-2 ուղղություններով նման է եղել, որովհետև մենք իրականում 4 ուղղություններով ենք հարձակվել, բայց այդ ուղղություններով չէ, որ ադրբեջանական ստորաբաժանումները գործել են, մի քիչ այլ ձև են գործել: Ես գտնում եմ, որ յուրքանչյուր գործողության մեջ կարելի է հասնել հաջողության, եթե դրանք հստակ կազմակերպված են:
– Միասնականության խնդիր այս դեպքում ունեցե՞լ ենք, օրինակ, Շուշիի ազատագրման օպերացիայի իրականացնողների մեջ եղել են մարդիկ, որոնք այսօր տարբեր ճամբարներում են՝ Դուք, Սամվել Բաբայանը: Այնպես չէ, որ այն ժամանակ տարաձայնություններ չեն եղել, բայց հնարավոր է եղել միասնական գործել, ինչը 44-օրյայի ժամանակ չի ստացվել: Ավելին, Սամվել Բաբայանը ևս զինվորականներին է թիրախավորում:
– Մենք միասնականության խնդիր ունեցել ենք, բայց ոչ կոնկրետ օպերացիայի հետ կապված: Մեր ազգը 2018-ից սկսած պառակտվել է, բաժանվել հնի-նորի, սև-սպիտակի: Մինչդեռ գոնե մեզ փոխանցված պատմությունը ցույց է տվել, որ միասնականության հաշվին ենք հաջողության հասել՝ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, Արցախյան առաջին ազատամարտ: Իսկ այս 44-օրյա պատերազմի ժամանակ այդ միասնականությունը խաթարվեց: Երկրի իշխանությունները չկարողացան ապահովել այդ միասնականությունը, չկարողացան մեր երկրի ամբողջ ուժը կենտրոնացնել, համախմբել և ուղղել բանակի թիկունքի ապահովմանը, իրականացնել համակողմանի միջացառումներ և, ի վերջո, հասնել հաղթանակի:
– Զինվորականները կարո՞ղ էին իրավիճակն իրենց ձեռքը վերցնել:
– Երկրի պաշտպանության գործում յուրաքանչյուրն իր դերակատարությունն ունի: Այսինքն, զինվորականը մարտավարական օղակում իր դերն է կատարում, օպերատիվ-մարտավարական օղակում իր դերակատարումը, ռազմավարական օղակում…, իսկ պետական ամբողջ համակարգը մաս է կազմում պաշտպանական քաղաքականությանը, և յուրաքանչյուր գերատեսչություն իր դերակատարությունն ունի:
-Ն կատի ունեմ նաև մարդկային հարաբերությունները, Շուշիի ազատագրման դերակատարները, որոնք կենդանի են, մեր կողքին, կարո՞ղ էին կամ չէի՞ն կարող նույն միասնականությամբ համագործակցել:
– Ով պաշտոնյա էր՝ կարող էր: Ով պաշտոն, լծակ, ազդեցության ոլորտ ուներ, կարող էր, բայց մեր նման մարդիկ, որոնք ոչ մի պաշտոն չեն ունեցել, և շատ-շատ խորհուրդներ անտեսվել են, չեն լսվել, ի՞նչ դերակատարություն կարող էին ունենալ:
– Կոնկրետ ի՞նչ խորհուրդ եք տվել, որ անտեսվել է:
– Շատ խորհուրդներ, բայց ես հիմա չէի ուզենա դրան անդրադառնալ: