Շուշիի հանձնման և «անգլուխ» մարտերի, «փախուստի» շուրջ կեղծիքի նախապատմությունը

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վահագն Սիսեռյանը հարցազրույց է տվել կայքերից մեկին, որտեղ անդրադարձել է 44-օրյա պատերազմին և Շուշիի անկմանը։

Ի դեպ, ըստ տեղեկությունների՝ լրատվական կայքը կապվում է հենց Տիգրան Ավինյանի անվան հետ, ով հավակնում է Երևանի քաղաքապետի պաշտոնին:

Ինչևէ, լրատվամիջոցի հարցին՝ ի վերջո, ինչո՞ւ ընկավ Շուշին, Վահագն Սիսեռյանը պատասխանել է.

«Այդ հարցը, ճիշտ կլինի՝ ուղղեք Սեյրան Օհանյանին, որն այդ օրերին Շուշիի պաշտպանության փաստացի հրամանատարն էր: Սեյրան Օհանյանին մեկը, վերջ ի վերջո, պետք է հարց տա, թե ինչո՞ւ նա նոյեմբերի 5-ի երեկոյան Շուշիից դուրս եկավ՝ առանց նույնիսկ այնտեղ տեղակայված վերջին խմբակներին տեղեկացնելու: Մեր կապը հրամանատարության հետ կտրվեց շատ անհասկանալի ու տարօրինակ ձևով, արդյունքում՝ մենք՝ մոտ 20-30 հոգով, մնացինք միայնակ։ Կարծում եմ՝ կգա օրը, և Սեյրան Օհանյանը ստիպված կլինի պատասխանել Շուշիում լքված զինվորների և կամավորականների հարցերին»։

Նշենք, որ Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը Շուշիի մարտերի հրամանատար չի եղել, այդ մասին խոսել է նաև Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ նշելով, որ մինչև այժմ իր համար անհայտ է, թե ո՞վ է ղեկավարել Շուշիի մարտերը։

 «Ինքս եմ հորդորել, որ Սեյրան Օհանյանին շտապ հանեն Շուշիից, եթե մի քանի ժամ էլ ուշացնեին՝ հետևանքներն անկանխատեսելի կլինեին». Արցախի նախագահ

Այս տարվա փետրվարին, երբ մի խումբ մտավորականներ, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այցելել էին Արցախ և հանդիպում ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, հանդիպման փակ հատվածում անդրադարձ է եղել նաև Շուշիի անկմանը և Սեյրան Օհանյանի մասնակցությանը պատերազմական գործողություններին։

Ըստ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Սեյրան Օհանյանը պատերազմի ամբողջ ընթացքում իր կողքին է եղել և սպասել է հրամանի, որպեսզի ներգրավվի պատերազմական գործողություններում։

«Փոքր երեխայի նման Սեյրան Օհանյանն ամբողջ ընթացքում իմ կողքին է եղել։ Շուշիի անկման վերջին օրերին Սեյրան Օհանյանն այնտեղ է եղել, ինքս եմ հորդորել, որ շտապ նրան այնտեղից հանեն, որովհետև եթե մի քանի ժամ էլ ուշացնեին, ապա հետևանքներն անկանխատեսելի կլինեին»,- փակ հանդիպման ժամանակ ասել է Արայիկ Հարությունյանը։

Այսինքն՝ ըստ Արայիկ Հարությունյանի, Սեյրան Օհանյանը Շուշիի անկման վերջին ժամերին շարունակել է մնալ Շուշիում, և դուրս է եկել միայն իր ասելուց հետո։

2020 թվականի նոյեմբերի 12-ին Aravot.am-ին տված հարցազրույցում Սեյրան Օհանյանը ևս փաստել էր, որ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին մեկնել է Արցախ՝ որպես կամավոր զինվորական եղել է բանակի հրամանատարության կողքին, իր առաջարկներով փորձել է լրացնել այն որոշումները, որոնք կայացրել են նրանք:

«Այնուհետև հոկտեմբերի մեկից հետո եղել եմ Արցախի Հանրապետության նախագահի մոտ և օգնել եմ Արցախի նախագահին ռազմական դրության և պետության պատերազմական ժամանակահատվածի անցման միջոցառումների իրականացման հարցում՝ հատկապես ուշադրություն դարձնելով, օրինակ, պարետային ծառայության ճիշտ կազմակերպմանը, մոբիլիզացիոն ռեսուրսի ու աշխարհազորի ձևավորման աշխատանքներին և խորքում ինժեներական աշխատանքներ կատարելու գործում: Իմ նախաձեռնությամբ՝ եղել եմ տարբեր ճակատներում, օգնել հրամանատարներին իրադրության մեջ ճիշտ կողմնորոշվելու ու ճիշտ որոշումներ կայացնելու հարցում: Այդ ժամանակահատվածում որևէ հրամանատարական գործառույթ կամ որոշումների ընդունման վերջնական փուլում դրանց վրա ազդելու հնարավորություն չեմ ունեցել… համապատասխան աջակցություն ցուցաբերել եմ նաև Շուշիում ու Շուշիի մերձակայքում ծավալված մարտական գործողությունների ընթացքում: Շուշիից վերջին դուրս եկողների մեջ եմ եղել, 8-10 ժամ գտնվել ենք շրջափակման ու հայկական կողմից մեկուսացման մեջ, մինչև վերջին պահը մնացել եմ, որ իմ մոտ գտնվող զինվորները, սպաները դուրս գան, և իրենց հետ ենք դուրս եկել: Նոյեմբերի 6-ի առավոտյան դուրս գալուց հետո Շուշիի հրամանատարությունը նորից հակագրոհներ է կազմակերպել: Ես նահանջի հրաման չեմ լսել, հրամանատարական կետն է տեղափոխվել, ինչից հետո հակագրոհներ են եղել»,- ասել էր Սեյրան Օհանյանը։

Անպատասխան հարցեր

Ի դեպ, ՊԲ հրամանատարությունն էր Շուշի ուղարկել նաև Արթուր Վանեցյանին: Այդ մասին հարցազրույցներում պատմել է նաև ՀՀ քննչական կոմիտեի ներկայիս նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով այդ օրերին թեև որևէ պաշտոն չէր զբաղեցնում, սակայն անհասկանալի պատճառներով այնտեղ էր:

Թե ո՞վ է Շուշիի մարտերը ղեկավարել, իշխանությունների կողմից մինչ օրս պաշտոնապես չի հայտարարվում, այդ իսկ պատճառով տարբեր անուններ են շրջանառվում: Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը չէ ղեկավարել Շուշիի մարտերը, համապատասխան աջակցություն է ցուցաբերել, հրամանատարական որևէ գործառույթ չի ունեցել: Նրա նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ պատերազմի օրերին արած մի հայտարարություն հասարակության մոտ նման թյուր կարծիք ստեղծեց: 2020թ. նոյեմբերի 8-ին ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանն իր նախկին ղեկավարի մասին տարածվող կեղծ լուրերը հերքելով՝ ասել է.

«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի վիրավորվել Արցախում, այդ տեղեկությունը կեղծ է: Սեյրան Օհանյանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատարն, Արցախի հերոսն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող կենդանի լեգենդ։ Ու ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործը փառքով ավարտին կհասցնենք։ Կեղծ է լուրը, որ նա վիրավորված է, նման բան տեղի չի ունեցել։ Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է»,- ասել էր այն ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Այսօր արդեն հաշվի առնելով անառիկ Շուշին թշնամուն հանձնելու մութ առեղծվածը, ականատեսների պատմությունները, ռազմական փորձագետների, քաղաքագետների, այլոց ներկայացրած փաստերը, մեկնաբանությունները և Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 14-ին ԱԺ-ում արած այն հայտարարությունը, ըստ որի՝ 2020-ին առանց Շուշին հանձնելու՝ հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել կամ կանխել, նոր իրողություններ են բացահայտվում:

«Մեզ ասում են` Շուշին հանձնել եք։ Ո՛չ, պատերազմը Շուշիի համար է եղել։ Մեզ ասում են` կանգնեցնեիք պատերազմը։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»,- ԱԺ-ում հայտարարում էր Փաշինյանը:

Ստացվում է՝ ի սկզբանե էլ Փաշինյանը և նրա թիմը, առնվազն հիմնական մասը թիմի, լավագույնս տեղյակ են եղել Ալիևի նկրտումներին: Եվ գուցե բոլորովին պատահական չէր Սեյրան Օհանյանին, Արթուր Վանեցյանին Շուշի ուղարկելը, որպեսզի հետո «փախուստի» մասին կեղծիքներ շրջանառեն:

Հավելենք, որ նույն Արծրուն Հովհաննիսյանն էր 2021թ. նոյեմբերին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել.

«Ես լիովին չեմ տիրապետում Շուշիի օպերացիայի գաղտնիքներին՝ ով է ղեկավարել, ով էր իրականացրել և այլն, բայց իմ ունեցած նախնական տեղեկություններով` Սեյրան Օհանյանը ոչ մի կապ չունի Շուշիի անկման հետ»,- ասել էր Ա. Հովհաննիսյանը:

Նա նաև նշել էր, թե երբ Օհանյանն Արցախ էր գնացել, ինքը խոսել է նրա հետ, և առաջին իսկ րոպեից նախկին նախարարը մտել է թեմայի մեջ՝ որևէ կարգավիճակ չունենալով:

«Պաշտպանության բանակում, կարծեմ, Արայիկ Հարությունյանն Օհանյանին ինչ-որ բան առաջարկել է, դրան մանրամասն չեմ տիրապետում, բայց Սեյրան Օհանյանն իր պրոֆեսիոնալիզմի մակարդակին հարիր խորհուրդներ է տվել, որոնց մի մասը մեր տղերքը կատարել են, մի մասը, դժբախտաբար, կամ չեն արել, կամ չի ստացվել, կամ չեն ուզել. եթե անեին, միգուցե շատ տեղերում ավելի լավ կլիներ»,- ասել էր Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով՝ Սեյրան Օհանյանը կռվի ժամանակ գնդի հրամանատարներին, գումարտակի հրամանատարներին է խորհուրդներ տվել։

Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ մինչ օրս իշխանությունները չեն հայտարարում՝ ով է ղեկավարել Շուշիի մարտերը, ո՞վ է եղել հրամանատարը, ի՞նչ գործ ունեին այնտեղ Արգիշտի Քյարամյանը, կոկորդիլոսաբույծ մականունը կրող Արարատի մարզի խոշորացված Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, և այլք, և ի վերջո, ինչպե՞ս հանձնեցին անառիկ Շուշին:

Տեսանյութեր

Լրահոս