Ինչո՞ւ և ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը հիշում Սերժ Սարգսյանին
Գրեթե օրինաչափություն է դարձել, որ իշխանությունները պարբերաբար թիրախավորում են Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Դա, սովորության համաձայն, անում են որպես խայծ օգտագործելով այն, ինչը մինչև 2018 թվականի իշխանափոխությունը տարիներ շարունակ շրջանառվում էր Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից, իսկ արդեն չորսուկես տարի դարձել է իշխանական քարզչության անբաժանելի մասը։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբայրներին, նրանց կողմից «կատարված» կամ նրանց վերագրվող ենթադրյալ հանցագործություններին, կոռուպցիային, հարստացմանը, «թալանին»՝ մի խոսքով։
Այս մանիպուլյացիաների բովանդակային հակասությունն այն է, որ դրանց իրական շահառուները արդեն շուրջ հինգ տարի ունեն բացարձակ իշխանություն, իրավապահ, դատախազական ու դատական համակարգն օգտագործում են սեփական կարիքների համար։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բոլոր հնարավորություններն ուներ և ունի քրեական հետապնդումներ իրականացնելու Սերժ Սարգսյանի եղբայրների նկատմամբ, հարուցելու դատական գործընթացներ և սահմանելու համապատասխան պատժաչափեր, եթե նպատակն իսկապես արդարության ու արդարադատության վերականգնումն է, ու «պետությունից թալանվածի վերադարձը», ինչպես սիրում են հաճախ կրկնել։ Այսինքն, եթե իրականությանը համապատասխանում են իշխանական և մերձիշխանական քարոզչամիջոցների կողմից պարբերաբար հրապարակվող պատմությունները, ապա ի՞նչն է խանգարում գործող իշխանությանը՝ հետամուտ լինել դրանց և օրենքով պատասխանատվության ենթարկել կատարողներին։
Այս հարցն ունի երկու հնարավոր պատասխան։ Տարբերակներից մեկն այն է, որ Սերժ Սարգսյանի մերձավորներին վերագրվող «թալանը» հորինվածք է, ինչպես, օրինակ, արագաչափերի բիզնեսը՝ Սաշիկ Սարգսյանին պատկանելու մասին մեգասուտը, որը հերքեց անգամ ամենամոլի նիկոլական նախկին ոստիկան, այժմ՝ ՔՊ-ական պատգամավորը, և պարզվեց, որ տեսախցիկներն առհասարակ Սաշիկինը չէին էլ եղել։
Մյուս հնարավոր տարբերակն այն է, որ իշխանության նպատակը ոչ թե այդ միֆերին օրինական ընթացք տալն է ու «արդարության վերականգնումը», այլ այդ պատմությունները որպես քարոզչական միջոց օգտագործելը և մարդկանց ուղեղները լվանալը՝ շեղելու համար երկրի համար կարևորագույն, ճակատագրական խնդիրներից։
Դատելով վերջին տարիների գործընթացներից ու այդ պատմությունների «ակտիվացման» ժամանակագրությունից, խիստ հավանական է թվում երկրորդ տարբերակը։ Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների մասին պատմությունները գրեթե միշտ հրապարակային դաշտում ակտիվանում են այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հերթական զիջմանը, առաջին հերթին՝ Արցախի հարցում։
Առաջին հայացքից անջատ այդ գործընթացների օրգանական կապն արատահայտվում է այն իրողությամբ, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի հանձնողականության դեմ ամենաառարկայական պայքարող բևեռը Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն է։
Ի տարբերություն ընդդիմադիր դաշտի մյուս սեգմենտների, որոնցից շատերի համար ցանկացած հարց, այդ թվում՝ Արցախի խնդիրը, հաճախ ստորադասվում է սեփական քաղաքական կամ տնտեսական շահերին, հանրապետականները գոնե Արցախի հետ կապված հարցում ունեն կարմիր գծեր և հետևողական են իրենց պայքարում, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Ահա, ուրեմն, Սերժ Սարգսյանի շրջապատի «թալանի» մասին հրապարակումները Նիկոլ Փաշինյանը, որպես կանոն, օգտագործում է այն ժամանակ, երբ պատրաստվում է հերթական կապիտուլյացիոն գործարքին։
Հաշվարկը պարզ է՝ այն պահին երբ Սարգսյանն անձամբ կամ թիմակիցների միջոցով բացահայտում է Նիկոլ Փաշինյանի հերթական հանձնողականությունը, հասարակությունը «կերակրվում է» «Սերժի վախտվա» «թալանի» մասին պատմություններով, որից շարքային ընթերցողը, ըստ իշխանական քարոզչության տափակ տրամաբանության, պետք է եզրակացնի՝ եթե Նիկոլին քննադատողների մերձավորները թալանել են, ուրեմն Նիկոլը ճիշտ է։
Անցած չորսուկես տարիները ցույց են տվել, որ գործնականում Սերժ Սարգսյանը կաշկանդված չէ իր ընտանիքի անդամներին, առաջին հերթին՝ եղբայրներին վերագրվող իրական կամ մտացածին մեղադրանքներով։
Այսինքն՝ նրա քաղաքական պայքարի և այդ մեղադրանքների միջև որևէ կորելացիա չկա։ Այլ կերպ ասած, «Սաշիկին նստեցնելու» սպառնալիքով իշխանությունը չի կարող Սերժ Սարգսյանին ու նրա թիմին հետ պահել արցախյան հարցում հակահայկական քաղաքականության դեմ պայքարից։ Այլ հարց է, որ նման պատմություններով հերթական անգամ պղտորում են մարդկանց ուղեղը՝ փորձելով միևնույն հարթության վրա դնել վերագրվող թալանը և Արցախի փաստացի հանձնումը։