Բաժիններ՝

«Գնաճի տեմպերը դեռևս շարունակում են մնալ բարձր՝ 8,7 տոկոսի սահմանում». Ֆինանսների նախարար

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկման ընթացքում հայտնեց, որ բյուջեի նախագծով ոլորտային պատասխանատուների առաջարկություններով առանձին ծախսային ուղղություններին հատկացված միջոցներն ավելացել են  27,2 մլրդ դրամով։ Հատկացված ֆինանսավորման պատճառով Կառավարության պահուստային ֆոնդը նվազել է 22,3 մլրդ դրամով։

«Որոշ դեպքերում 2023 թվականի պետական բյուջեի ծախսային ավելացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2022 թվականին նախատեսված ծախսերի մի մասը չի իրականացվել տարվա ընթացքում ամբողջությամբ և այդ մասով ներառվել են գալիք տարվա ծրագրով նախատեսված անելիքների կազմում։ Ծրագրային ծախսերի ավելացումների հիմնական մասը վերաբերում է պաշտպանական, տնտեսական, ինչպես նաև սոցիալական ապահովության ծրագրերին։

2023 թվականի բյուջեի նախագծում կատարված բոլոր փոփոխություններն ուղղակիորեն կապված են կառավարության 2021-2026 թվականի գործունեության ծրագրի առաջնահերթությունների հետ։ Լրամշակված բյուջեի նախագծի հաստատմամբ ֆինանսավորում կապահովվի այնպիսի ծրագրերի ու միջոցառումների համար, որոնք անհրաժեշտ են իրական առաջընթաց ունենալու համար»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։

Ըստ նախարարի, 2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և քաղաքացիների սոցիալական ապահովության ամրապնդումը։

Կարդացեք նաև

«2022 թվականի 10 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14, 5 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեով սկզբնական սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է, դրա շնորհիվ այս տարվա բյուջետային ծախսերը ոչ միայն ֆինանսավորվել են նախատեսված ծավալով, այլև տարվա ընթացքում կատարել ենք զգալի ֆինանսական հատկացումներ անվտանգային, տնտեսական, սոցիալական նոր ծրագրերի համար։ Այժմ արդեն կարող ենք ասել, որ այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշներից մեկը՝ արձանագրելով համախառն ներքին արդյունքի 13 տոկոսը գերազանցող իրական աճ։

Արդյունքում՝ 2022 թվականի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք սահմանը։ 2023 թվականի բարձր տնտեսական աճի ցուցանիշը պետք է դառնա կառավարության բարեփոխումների և հատկապես տնտեսական քաղաքական արդյունավետության չափման հիմնական ցուցիչը։ Հաջորդ տարվա համար թիրախավորվում է  տնտեսական աճի բարձր ցուցանիշ, բարձր տնտեսական աճը պետք է ձեռք բերվի զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում։ Այս տարվա գնաճի տեմպերը դեռևս շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 8,7 տոկոսի սահմանում։ Չենք կարող ակնկալել, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերադառնալ գնաճի բնականոն միջավայր։ Պետք է սպասել, որ 2023 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը կշարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարի վերադառնալ, կամ առնվազն զգալիորեն մոտենալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին»,- շեշտեց Տիգրան Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս