Երկիր ապառիկ

Հայաստանի պետական պարտքը հատել է 13 միլիարդ դոլարի սահմանագիծը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցած 7 տարիներին պետական պարտքն ավելացրել է մոտ 7 միլիարդ դոլարով։ Տարին 1 միլիարդ դոլար։

Անցած շաբաթ Ֆինանսների նախարարը տիեզերական հպարտությամբ ներկայացնում էր, թե ինչպես են վերջերս կարողացել եվրոբոնդեր թողարկել՝ պետական պարտքն ավելացնելով շուրջ 740 միլիոն դոլարով։ Դա, իհարկե, տնտեսության զարգացման հետ որևէ կապ չունի, և այդ գումարների իրական նպատակն ընտրություններից առաջ տարբեր գեղեցիկ անվանումներով փաթեթավորված մասսայական ընտրակաշառքի ֆինանսավորումն է, ինչպես, օրինակ, բանկերի կողմից տրամադրված անհուսալի սպառողական վարկերի սուբսիդավորումը, որով իշխանությունը մի կողմից՝ մեծացնում է իրեն լոյալ բանկային համակարգի առանց այդ էլ հսկայական գերշահույթները, մյուս կողմից՝ հարկատուների հաշվին վճարում է անպարտաճանաչ վարկառուների հեռուստացույցների ու փոշեկուլների համար։

Հեռուստացույցն ու փոշեկուլը, ի դեպ, այս պատմության մեջ առանցքային ու պատկերավոր նշանակություն ունեն։ Փողոցից իշխանության եկած աշխատանքային նորմալ կենսագրություն չունեցող ՔՊ-ականները կառավարական աշխատասենյակներում հայտնվելուց ամիսներ առաջ սոցցանցերը հեղեղում էին ապառիկ եղանակով գնված իրենց կենցաղային տեխնիկայի լուսանկարներով, որոնցից ամենահիշարժանը ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռուստացույցն էր, որը նա լուսանկարում ցուցադրում էր երևի էլի ապառիկով գնված փոշեկուլով սեփական բնակարանի մաքրությունն անելիս։

Խնդիրը տվյալ դեպքում Փաշինյանի, Միրզոյանի, ալենսիմոնյանների, տիգրանավինյանների ու մյուս ՔՊ-ականների կենցաղը չէ, որը բարելավվել է՝ Հայաստանի պետական պարտքի ավելացմանը հակադարձ համեմատական կարգով։ Ավելի կարևոր է այն, որ հիմա Հայաստանն արտաքին ֆինանսավորողներից պարտք է ներգրավում մոտավորապես նույն սկզբունքով, ինչպես ժամանակին փոշեկուլ էր գնում, օրինակ, Արարատ Միրզոյանը։ Խոսքը վարկերի տոկոսադրույքի մասին է։ 

Կարդացեք նաև

Եվրոբոնդերի միջոցով վերցված 750 միլիոն դոլարը Հայաստանը ստացել է պետական պարտքի համար աննախադեպ բարձր՝ 7.1 տոկոս տոկոսադրույքով։ Դա գրեթե նույնն է, ինչ սպառողական վարկերի դեպքում բանկերի կողմից կիրառվող տոկոսադրույքները։ Հայաստանում դրանք տատանվում են 14-23 տոկոսի սահմաններում և համարվում են չափազանց թանկ փողեր։ Եվրոբոնդերի 7.1 տոկոսը ոչ թե անվանապես է համադրելի  Հայաստանի բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկերի տոկոսի հետ, այլ համամասնությամբ։ Պետական պարտքի շուկայում աշխարհում վարկերը տրամադրվում են 1.5-3, առավելագույնը՝ 4 տոկոս տոկոսադրույքով։ Այդ պայմաններում 71 տոկոսով վարկ ներգրավելը գրեթե նույնն է, ինչ 14-20 տոկոսով սպառողական վարկ ստանալը։ 

Պետական պարտքի ու սպառողական վարկի նմանությունը ոչ միայն ու ոչ այնքան տոկոսադրույքների բարձր մակարդակն է, որքան անխոհեմությունը։ Ինչպես բարձր տոկոսով հեռուստացույցի գնումը, այնպես էլ թանկ պետական պարտքը վկայում է վարկառուի ոչ հեռանկարային մտածողության, այսրոպեական խնդիրներ լուծելու կամ հաճույքի համար երկարաժամկետ ֆինանսական պարտավորություն ստանձնելու անհաշվենկատության մասին։

Բացի այդ, քաղաքացու կամ կազմակերպության դեպքում բարձր տոկոսով վարկը կարող է հարաբերականորեն արդարացված լինել միայն որևէ բիզնեսում ներդնելու, դրա միջոցով եկամտի աղբյուր ստեղծելու պարագայում, ինչը նշանակում է, որ թեկուզ թանկ փողով վարկառուն լուծում է հեռանկարային խնդիր։ Պետության դեպքում դա կարող է արդարացված լինել միայն երկարաժամկետ, ենթակառուցվածքային ներդրումների պարագայում, մինչդեռ Հայաստանի իշխանությունը թանկ վարկեր է վերցնում ընթացիկ բյուջետային խնդիրներ լուծելու և ոչ թե պետական, այլ իշխանության քաղաքական օրակարգը ֆինանսավորելու նպատակով։

Կա ևս մեկ նմանություն։ Սեփական կնոջը փոշեկուլով հաճոյացող վարկառուն իշխանության վարած քաղաքականության պատճառով մտածում է, որ անվճարունակ դառնալու դեպքում իր պարտքերը մարելու է պետությունը։ Գրեթե նույն կերպ՝ այսօր բարձր տոկոսադրույքով վարկ ներգրավող ու դրա միջոցով ընտրությունների մասնակիցներին հաճոյացող իշխանությունն է առաջնորդվում այն սկզբունքով, որ իր վերցրած վարկերը մարելու են ապագա սերունդներն ու հաջորդ իշխանությունները։

Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքը, ի թիվս այլ գործոնների, հասարակության սպառողական մտածողությունն է։ Բայց այդ սպառողականությունն իշխանության ոչ միայն հիմքն է, այլև աշխարհայացքն ու հավատամքը։ Փաշինյանը Հայաստանը դարձրել է սպառողական պետություն՝ բառի բոլոր իմաստներով. սկսած աշխարհաղաքականությունից՝ մինչև անվտանգություն։ Եվ միանգամայն օրինաչափ է, որ նաև արտաքին պարտքի ներգրավման հարցում առաջնորդվում է սպառողականության սկզբունքով՝ պետության ֆինանսական քաղաքականությունը հասցնելով փոշեկուլի գնման պարզունակության մակարդակի։  

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս