2 նոր մեքենա, հողամաս, միլիոնավոր դրամների եկամուտներ ու ծախսեր․ ի՞նչ են հայտարարագրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 2024 թվականին գնել է 2023 թվականի արտադրության SUZUKI մակնիշի մեքենա. այս մասին պաշտոնյան նշել է օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականն ամփոփող տարեկան հայտարարագրում։

Ըստ հայտարարագրի՝ Տիգրան Խաչատրյանը նույն տարում 5,225,000 դրամով օտարել է 2021-ին գնած 2014 թվականի արտադրության MAZDA մակնիշի մեքենան։

Տարվա ընթացքում պաշտոնյան օտարել է նաև 1 անշարժ գույք՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում համատեղ սեփականություն հանդիսացող հողամասը։

Այսպիսով, փոխվարչապետը տարին ամփոփել է 5 անշարժ գույքով․

Կարդացեք նաև

– 2008 թվականին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում գնված այգետնակ- ամառանոցը,

– 2009 թվականին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գնված հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տունը` իր տնտեսական շինություններով,

– 2016 թվականին Երևանի Կենտրոն համայնքում գնված բնակարանը,

– 2019 թվականին դարձյալ Ջրվեժում գնված ավտոտնակն ու նույն տարում, նույն օրը գնված հողամասը։

Նրա՝ 15.000 դոլար բանկային ավանդը և 10.000 դոլար կանխիկ միջոցները տարվա ընթացքում մնացել են անփոփոխ, իսկ բանկային հաշիվների մնացորդները նվազել են՝ տարեվերջին կազմելով 3,380,000 դրամ և 5,000 դոլար՝ տարեսկզբի 20,891 դոլար և 4,180,000 դրամի փոխարեն:

Տիգրան Խաչատրյանի եկամուտը 2024 թվականին կազմել է 22 միլիոն 191,120 դրամ, որը ձևավորվել է Ամերիաբանկից ստացած 170,000 դրամ փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսից, կամ՝ այլ հատուցումից, գույքի օտարումից ստացած 5,225,000 դրամ եկամուտից և վարչապետի աշխատակազմից ստացած 22 միլիոն 191,120 դրամ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Փոխվարչապետն իր հայտարարագրում նշել է, որ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 9 միլիոն 800,000 դրամ։

Նախորդ տարի ներկայացրած 2023 թվականի հայտարարագրում Տիգրան Խաչատրյանը նշել էր՝ բանկային ավանդի չափը թե՛ տարեսկզբին, թե՛ տարեվերջին կազմել է 15.000 դոլար, իսկ տարեսկզբի՝ 20.456 դոլար և 5.400.000 դրամ բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին ունեցել էին հետևյալ տեսքը՝ 20.891 դոլար և 4.180.000 դրամ։

Փոխվարչապետի՝ տարեսկզբի 8500 դոլար կանխիկ գումարը տարեվերջին աճել էր 1500 դոլարով։ Տիգրան Խաչատրյանի հաշվետու տարվա՝ 22,225,880.96 դրամ եկամուտն էլ գոյացել էր հիմնականում Փաշինյանի աշխատակազմից ստացած 22,052,160 դրամ աշխատավարձից, մյուս՝ 448 դոլարի չափով գումարը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է «Ամերիաբանկից»։

Փոխվարչապետի ընտանիքի անդամների՝ կազմակերպությունում ունեցած մասնակցությունը

2019 թվականից Տիգրան Խաչատրյանի որդուն՝ Մուշեղ Խաչատրյանին է պատկանում «Կոդռաիզեռ» ընկերության 34 տոկոսը, 2021 թվականի «Ռեվոլուշնարի թեքնոլոջիս»-ի 2.19% տոկոսը, 2019 թվականից նրա տիկնոջը՝ Սյուզաննա Բաբաջանյանին է պատկանում «Կոդեոգռամ» ընկերության 100 տոկոսը։

Ի դեպ, Տիգրան Խաչատրյանն իր հայտարարագրում նշել է համատեղ բնակվող կնոջ՝ Գոհար Խաչատրյանի, դստեր՝ Էլլա Խաչատրյանի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գլխավոր մասնագետ որդու՝ Դավիթ Խաչատրյանի, մյուս որդու՝ ԱԿԲԱ բանկում բաժնի ղեկավար Մուշեղ Խաչատրյանի, Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանում որպես տնտեսագետ աշխատող հարսի՝ Սյուզաննա Բաբաջանյանի, և ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ավագ մասնագետի պաշտոնը ստանձնած ազգականի՝ Էլեն Խաչատրյանի մասին։

Դավիթ Խաչատրյանը ևս, ի դեպ, 2024 թվականին նոր մեքենա է գնել․ նրա հայտարարագրում մասնավորապես նշվում է 2023 թվականին 17․642 դոլարով ձեռք բերված «Տեսլա» մակնիշի մեքենայի մասին։ Նախկին մեքենան՝ 2019-ին գնած 2014 թվականի արտադրության Տոյոտան, փոխվարչապետի որդին վաճառել է 5,396,000 դրամով։ Նա չի նշել որևէ անշարժ գույքի մասին։

Մուշեղ Խաչատրյանը 2024 թվականին հայտարարագրում համալրում է ունեցել նոր հողամասի տեսքով։

Այսպիսով, բացի 2015 թվականին Ջրվեժում գնված և միանձնյա տնօրինվող հողամասից ու 2023 թվականին նույն վայրում գնած անհատական բնակելի տնից, նա 2024 թվականին 1,5 միլիոն դրամով Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում ձեռք է բերել նոր հողամաս, որը դարձյալ տնօրինում է միանձնյա։

Նրա՝ 57 միլիոն 285,187 դրամ տարեկան եկամուտն էլ ձևավորվել է «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ»-ից ստացած շահաբաժնից, Մուշեղ Խաչատրյան ԱՁ-ից ստացած եկամուտներից, ՊԵԿ-ից ու ID Bank-ից ստացած այլ եկամուտներից, Ակբա բանկից ստացած աշխատավարձից և կամ դրան հավասարեցված վճարներից։

Պաշտոնյայի որդու՝ ստացված վարկերի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 84 միլիոն 440,423 դրամ, որից 65,740,423 դրամի դեպքում հիփոթեքի առարկա է նշվել անհատական բնակելի տունը։ Նա փոխառությունների մայր գումարի մնացորդ է նշել 14,745,983.58 դրամը։

Մուշեղ Խաչատրյանն իր ու ընտանիքի անդամների հանգստի համար կատարած ճանապարհածախս (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախս է հայտարարագրել 6000 դոլարի և 2,306,160 դրամի չափով, անշարժ գույքի վերանորոգմանն ուղղել 25,000,000 դրամ, իսկ ընդհանուր 8,061,871 դրամի միանվագ ծախսերի բովանդակությունը չի հանրայնացրել։

Տեսանյութեր

Լրահոս