Արդյո՞ք նոր պատերազմով նոր տարածքներ հանձնելով՝ Փաշինյանը կավարտի իր միսիան. թող քաղաքացին որոշի՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ. Հայկ Մամիջանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն է:

Հարցազրույցի ընթացքում նա նշել է.

  • Եթե անգամ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները իրենց ամբողջ ցուցակով հրաժարվեն մանդատներից, միևնույն է, խորհրդարանը չի լուծարվի:
  • Ընդդիմության քայքայման մասին կեղծ թեզերը դաշտ են նետում նիկոլական և մերձնիկոլական շրջանակները:
  • Փողոցային և խորհրդարանական պայքարն իրար բացառող երևույթներ չեն, և ՀՀԿ-ն ապացուցել է՝ ունի պայքարի այդ երկու ձևերը համատեղելու ռեսուրս:
  • Մի քանի փաստ, թե ի՞նչ են անում ընդդիմության և իշխանության երեսփոխանները մասնավորապես օտարերկրյա գործընկերների հետ հանդիպումների ժամանակ. նման մի հանդիպման ժամանակ ՔՊ-ական պատգամավորներից մեկն ասաց.
  1. Հայաստանը և Ադրբեջանը միմյանց հետ խնդիր չունեն, եթե լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
  2. Հայաստանը կողմ է Ղարաբաղից բոլոր զինված ուժերի դուրսբերմանը…

Հիմա հարց՝ արժի՞, որ օտարերկրյա մեր գործընկերների հետ  հանդիպումների ընթացքում  սա լինի Հայաստանից հնչող միակ կարծիքը: Իհարկե ոչ:

  • Մեկ այլ օրինակ ներկայացնեմ. մի քանի օր առաջ օտարերկրյա գործընկերների հետ մեկ այլ հանդիպման ժամանակ ՔՊ-ական մի պատգամավոր Հայաստանի խնդիրները ներկայացրեց հետևյալ հաջորդականությամբ՝ Հայաստանում պարտադիր ապահովագրության, պարտադիր հայտարարագրման համակարգերի ներդնում և երրորդ՝ անվտանգության հարց: Մի՞թե չեն տեսնում, որ Հայաստանին և երկրի  քաղաքացիներին մտահոգող թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է:
  • Ընդդիմադիր խմբակցությունների մասին. «Պատիվ ունեմ» խմբակցությունում խնդիրներ չկան. «Պատիվ ունեմ»-ի համար պատասխանատվություն է կրում ՀՀԿ-ն, որի մասին մենք հայտարարել ենք:
  • Հիմա ընդդիմադիր լինելը ոչ միայն պատիժ ու պատասխանատվություն է, այլ նաև որոշակի պարտավորություն:

Կարդացեք նաև

  • Մեր նպատակն էր՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, և մեր այդ նպատակին, այո, չենք հասել, բայց նաև ֆիքսենք, որ վերջին հարցման արդյունքներով ՀՀ քաղաքացիների 5.7%-ը մասնակցել է այս տարվա ապրիլ, մայիս, հունիս ամիսների ակցիաներին, իսկ Երևանի բնակչության՝ 7%-ը:
  • Մեզ հարցնում են՝ արդյո՞ք վերագնահատել ենք մեր կատարած աշխատանքն ու պարզել ենք, թե ինչ սխալներ ենք կատարել: Այո, քննարկել ենք, վերլուծել և արել ենք հետևություններ: 
  • Անհրաժեշտ է հանրությանն իր համար հասանելի ձևով ներկայացնել, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում երկրում: Պետք է ցույց տալ՝ եթե 5 տարի առաջ Հայաստանում այսօր իշխանություն հանդիսացող ՔՊ-ականների 99%-ը հայտարարագրում էր Երևանի փաբերում ունեցած պարտքերը, ապա հիմա գտել են մի «հեքիաթային բրոկեր», որը 10-15 հազար ԱՄՆ դոլարով առանձնատներ է կարողանում գտնել իրենց համար…
  • Համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե ժողովուրդն է մեղավոր: Ժողովուրդը մեղք չունի. այն, որ ժողովուրդը ոտքի չկանգնեց՝ դա իմ, մեր պրոբլեմն է: Մեղավորը ժողովուրդը չէ, մեղավորը քաղաքական էլիտան է:
  • ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին հայ-ամերիկյան հարաբերությունների մասին ասել է. «Հայերն ինձ ասում են, որ քանի որ չեն ուզում վերադառնալ անցյալ՝ կոռումպացված առաջնորդների մոտ, նրանք ուզում են ավելի պայծառ ապագա գտնել: Կրկին քննարկվում է Ռուսաստանի թեման, խնդիրը սա է։ Հայերը ասում են, որ տեսնում են, որ Ռուսաստանի հետ իրենց նախկին և ներկայիս հարաբերությունները չեն բավարարում այսօրվա Հայաստանի կարիքներին։ Կարծում եմ՝ մենք՝ ԱՄՆ-ը և Հայաստանը, այժմ գտնվում ենք հաջորդ փուլում, մենք մի քանի կարևոր բանակցություններ ենք վարում, թե ինչպես մենք կարող ենք օգտակար լինել Հայաստանին, որը, իմ կարծիքով, շարունակում է ձգտել ավելի ժողովրդավարական և ապահով ապագայի»:

Հայկ Մամիջանյանը՝ դեսպան Լին Թրեյսիին. օտարերկրյա դիվանագետների հետ բազմաթիվ շփումների ընթացքում խնդրել եմ՝ այս իշխանությունների նկատմամբ էլ լինել նույնքան ուշադիր, որքան ուշադիր էին մինչև 2018 թվականը նախորդ իշխանությունների նկատմամբ: Իսկ հայ ժողովրդի հետ շփումների համար մեզ միջնորդներ պետք չեն:

  • ԵՄ դեսպան Վիկտորինին՝ այս տարվա փողոցային ակցիաների ժամանակ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստկանությունը կոպիտ և կոշտ ուժ էր կիրառում հենց ԵՄ դեսպանության գրասենյակի դռան մոտ, բիրտ ուժի կիրառման ամենաարժեքավոր կադրերը հենց ԵՄ դեսպանության տեսախցիկներն են ֆիքսել… Նրանք անտարբերություն ցուցաբերեցին այդ դեպքերի նկատմամբ:
  • Համոզված եմ՝ բոլոր գործերը վաղ թե ուշ բացահայտվելու են, բոլոր այն մարդիկ, որոնք հույս ունեն, թե հետագայում կասեն, որ հրաման էին կատարում, սխալվում են, բոլորն են պատասխան տալու, յուրաքանչյուրը՝ իր չափով:

  • Նիկոլ Փաշինյանը Նոյը չէ, տապան չունի, բոլորին չի կարող փրկել, ցանկություն էլ չի ունենալու:
  • Պուլտով աշխատող ՔՊ-ական երեսփոխաններն էլ թող Ֆրանսիայի օրինակով սովորեն, թե ինչպես են աշխատում գործադիրն ու օրենսդիրը:
  • Ադրբեջանի հետ միջնորդավորված բանակցությունները փակուղային վիճակում՝ երկու հարթակ, երկուսում էլ՝ փակուղի:
  • Դեկտեմբերի 7-ին ԵՄ միջնորդությամբ հանդիպումը Բրյուսելում չի կայանա Հայաստանի ներկայացրած նախապայմանի պատճառով՝ փաստացի փակուղում մենք ենք:
  • ՀԱՊԿ-ի աջակցության փաթեթը Հայաստանը մերժեց՝ չստորագրելով հռչակագիրը, և այստեղ էլ հայտնվեցինք փակուղում:
  • Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջրել են Փաշինյանն ու այն ժամանակվա Արտգործնախարարը. դեռ 2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանն ասել է՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ չկան, դա ադրբեջանական թեզ է և նվեր Ադրբեջանին:
  • Փաշինյանի սիրած թեզն է՝ «ես բերում եմ խաղաղություն»: Այս թեզով նա 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խաբեց մեր քաղաքացիներին, խաղաղություն ծախեց փաստորեն:
  • Փաշինյանական արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանն այսօր հայտնվել է մի իրավիճակում, որ բոլոր ուժային կենտրոնները գիտակցել են, որ էս խմբակը էժան սպեկուլյացիա է փորձում անել. Արդյունքում՝ Հայաստանը դառնալու է Սիրիա, Լիբիա:
  • Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, միայն թե պահպանի սեփական աթոռը:
  • Անհերքելի փաստեր՝ պատերազմի 5-րդ օրը զինվորական մասնագետները պահանջել են ամեն գնով հասնել դիվանագիտական լուծման, Փաշինյանը չի արել, որ իրեն չասեն՝ դավաճան: Եվ հենց ինքը հետո խոստովանել է դա:
  • Սրանց իշխանության օրոք ՀՀ ԶՈՒ պարծանք հանդիսացող հատուկ ստորաբաժանումներն օգտագործում էին ինտերնետում օնլայն վաճառվող, հավաքարարների համար նախատեսված հագուստ: Գնվում էին շուկայականից մի քանի անգամ ավելի թանկ զրահաբաճկոններ. կասկածելի հետագիծ ու կողմնորոշում ունեցող մարդկանց զինվորական համազգեստ էին հագցնում, որոնք հայհոյում էին հայրենասեր քաղաքացիներին, և այդ տեսանյութը հեռարձակվում էր Հանրապետության հրապարակում: 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի օդը փակ էր Իրանի և Վրաստանի կողմից, որովհետև դրանից առաջ իշխանական խմբակցությունից «մի հրաշք» ասում էր՝ Իրանը ավտորիտար պետություն է, իսկ մեկ ուրիշն էլ քովիդի համաճարակի ժամանակ սեփական ապաշնորհությունը թաքցնելու համար Վրաստանին ստի մեջ էր մեղադրում…
  • Շատերն ասում են՝ նոր պատերազմով նոր տարածքներ հանձնելով՝ Փաշինյանը կավարտի իր միսիան. թեկուզ միայն վերը նշվածից դատելով՝ թող քաղաքացին որոշի՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ:

 

Տեսանյութեր

Լրահոս