45.7 տոկոս աղքատություն՝ ըստ վերին գծի. ո՞ւր են «երջանիկ անհատն ու հզոր պետությունը»

«Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» մոգական բառերով իշխանության եկած նորեկները, որոնք գրանդիոզ ծրագրեր ունեին աղքատության հաղթահարման վերաբերյալ, պարզվում է՝ հերթական ձախողումն են արձանագրել:

2021 թվականին Հայաստանում աղքատությունը, ըստ միջին գծի, կազմել է 26.5 տոկոս, ըստ վերին գծի՝ 45.7 տոկոս:

2020 թվականի համեմատ՝ այն նվազել է 0.5 տոկոսային կետով: Նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է ծայրահեղ աղքատների թիվը՝ 0.7 տոկոսից դառնալով 1.5 տոկոս, 0.8 տոկոսային կետով էլ ավելացել է չափավոր աղքատների թիվը՝ կազմելով 10.5 տոկոս:

Սրանք վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներն են «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցից:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2019 թվականից սկսած՝ կոմիտեն փոփոխել է աղքատության հաշվարկման մեթոդաբանությունը՝ օգտագործելով ՀԲ-ի կողմից վերանայված թվով 4-րդ մեթոդաբանությունը:

«Նոր մեթոդաբանությամբ փաստագրված աղքատության գիծը դրամական արտահայտությամբ ներկայացնում է ապրանքների և ծառայությունների արժեքը, որն արտացոլում է տվյալ երկրում կենսամակարդակի նվազագույն մակարդակը»,- նշվում է հերթական զեկույցում:

Ըստ այդմ՝ 2021 թ. վերին, ստորին, ծայրահեղ և միջին աղքատության գծերը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են համապատասխանաբար՝ 57.744 դրամ կամ 114.6 ԱՄՆ դոլար, 38.548 դրամ կամ 76.5 ԱՄՆ դոլար, 26.500 դրամ կամ 52.6 ԱՄՆ դոլար և 48.145 դրամ կամ 95.6 ԱՄՆ դոլար:

Փաստորեն, աղքատության հաղթահարման ուղեցույցը, որն ընտրվելուց մեկ տարի անց խորհրդարանում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը, իրականում իրավիճակը չի փրկում:

Հիշեցնենք, որ Փաշինյանը ՀՀ «հպարտ քաղաքացիներին» հուշել էր. «Մարդու աղքատությունը առաջին հերթին էստեղ է (ցույց տալով գլուխը։– Զ․Դ․): Չի կարող որևէ մարդ, որն այ էստեղ աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա, նա իրական աղքատությունը չի հաղթահարի:

Խեղճությունն է աղքատությունը առաջին հերթին, և մեր կառավարության ու քաղաքական թիմի նպատակը և իմ անձնական նպատակը եղել է հետևյալը, որ ՀՀ քաղաքացին խեղճությունը հաղթահարի»:

Տնտեսագետները մեկ անգամ չէ, որ նշել են՝ աղքատությունը կշարունակի մնալ կայուն ծանր վիճակում, քանի որ աղքատության ցուցանիշի աճի վրա ազդող գործոնները՝գնաճը, օրենսդրական սխալ քաղաքականությունը, գյուղատնտեսության ոլորտի քայքայումը, պահպանվում են:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն առհասարակ չի վստահում պաշտոնական վիճակագրությանը. 168.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց՝ թվերն ավելի մեծ են, քան արձանագրված են ԱՎԾ հրապարակման մեջ:

«Իրականում իրական եկամուտների բաշխման կտրվածքով՝ ՀՀ-ում չափազանց բարձր է աղքատության մակարդակը. վիճակագրական համապատասխան պետական ծառայությունները հակված են ապակողմնորոշելու հանրությանը»,- պարզաբանեց տնտեսագետը:

Անդրադառնալով առհասարակ երկրում ընդդեմ աղքատության վարվող քաղաքականությանը՝ Վարդան Բոստանջյանը ուշադրություն հրավիրեց երկնիշ գնաճի վրա:

«Աղքատության մակարդակը ոչ թե պայմանավորված է նպաստ տալ-չտալով, կամ թոշակների՝ 2000-3000 դրամ բարձրացմամբ, այլ գնաճով: Եթե 1-ից փոքր տոկոսով եկամուտ են բարձրացնում, բայց 10 տոկոսից ավելի գնաճ է առկա. այդ պարագայում պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենում: Եթե դու որոշակի թվեր ես ֆիքսում, Վիճակագրական ծառայություն, ինչո՞ւ չես խոսում գնաճի մասին, որը ճնշող մեծամասնության եկամուտներն ուղղակի զրոյացնում է»,- հավելեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս