«Եթե ի վիճակի չեն լուծելու այդ հարցերը, թող հեռանան». Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ին Երևանում սպասվող միասնության հանրահավաքին Արցախից լինելու է ներկայացվածություն։ Այն, ըստ նրա՝ լինելու է ընդհանուր ներկայացվածություն՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժից կլինի։
«Արցախի ներկայացվածությունը միասնության հանրահավաքին ցույց է տալու, որ Արցախից հնչած միասնության կոչին միացել են նաև Հայաստանի մեր ընկերները, քաղաքացիները։ Այդ հանրահավաքը որևէ քաղաքական ուժի հանրահավաք չէ, այլ դրանով աջակցություն են հայտնում Արցախում բնակվող իրենց հայրենակիցներին»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանը։
Ըստ Դավիթ Գալստյանի, Հայաստան ասելով՝ իրենք նկատի չունեն Հայաստանի ներկայիս իշխանությանը, քանի որ Հայաստանն այսօրվա պարտված իշխանությունը չէ։
«Երբ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե չեն կարող ապահովել Արցախի անվտանգությունը, մանիպուլացնում են ժողովրդին, հասարակությանը, որ ոչինչ չեն անում, որովհետև ռեսուրս չկա։ Կրկնում եմ՝ քանի որ Հայաստանը պարտված իշխանությունը չէ, դրա համար էլ Արցախի հանրահավաքը ցույց է տվել, որ կա եռամիասնություն՝ Հայաստան-Արցախ-սփյուռք, և կլինի այդ համախմբումը։ Արցախի հարցը համազգային հարց է, եթե այդ եռամիասնությունը չլինի, որևէ մեկը չի կարող այդ չարիքից պատվով դուրս գալ։
Ցավոք, այսօր Հայաստանում գործող իշխանությունը դեմ է գնում հայ ժողովրդի միասնական գաղափարին։ Իսկ հայտարարությունները, թե չեն կարող Արցախին օգնել և այլն, դրանով փորձում են իրենց իշխանության կյանքը երկարացնել։ Եթե ի վիճակի չեն, թող հեռանան և թողնեն ազգային ծրագիր ունեցողներին՝ լուծեն այդ հարցերը։ Պարտված իշխանությունն ի վիճակի չէ այս իրավիճակում լուծումներ տալու և ազգին պատվով դուրս բերելու ստեղծված ճգնաժամից»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որի ընթացում արցախցիները միաբանված հայտարարեցին, որ որևէ մեկը չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, քանի որ արցախահայությունը պետք է իրացնի ինքնորոշման իր իրավունքը։ Հանրահավաքին մասնակցում էր Արցախի իշխանության վերնախավը՝ նախագահի գլխավորությամբ։ Հանրահավաքին ներկա էին նաև Արցախի նախկին նախագահները։