
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է. Սլավիկ Պողոսյան

Հունիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Դատարանի այս որոշման դեմ Դավիթ Գալստյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որը մակագրվել էր դատավոր Մնացական Հարությունյանին։
Այսօր փաստաբան Սլավիկ Պողոսյանը 168.am-ին փոխանցեց, որ դատարանն իրենց բողոքը մերժել է։
«Հուլիսի 21-ին մեր վերաքննիչ բողոքը մերժվել է, դրանից հետո որևէ նորություն չի եղել։
Մերժման հիմքերը դեռևս չենք ստացել, ուղղակի հեռախոսով ենք լսել, որ բողոքը մերժվել է։
Դավիթ Գալստյանին այսօր եմ այցելել, ընդհանուր առմամբ նորմալ էր, սպասում ենք հետագա զարգացումներին»,- նշեց Սլավիկ Պողոսյանը։
Փաստաբանի խոսքով՝ այս պահին սպասելու են, բայց բնականաբար Վճռաբեկ բողոք են ներկայացնելու որոշման դեմ, բայց վստահ է՝ դա որևէ բան չի տալու։
«Մինչ այդ ժամկետները սպառված կլինեն, եթե անգամ ենթադրենք, որ դատարանը վարույթ ընդունի, միևնույն է՝ ժամկետները սպառված կլինեն»,- հավելեց Սլավիկ Պողոսյանը։
Փաստաբանը նաև փոխանցեց, որ Դավիթ Գալստյանն այսօր հանդիպման ընթացքում որևէ բան չի փոխանցել, որն անհրաժեշտ է հանրայնացնել։
Հիշեցնենք, որ իրավապահները հունիսի 25-ի վաղ առավոտյան խուզարկություններ էին իրականացրել «Սրբազան պայքարի» մի խումբ աջակիցների, այդ թվում՝ պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակարանում, որից հետո Բագրատ սրբազանին և պայքարի մի խումբ աջակիցների բերման ենթարկեցին, ձերբակալեցին, այնուհետև դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորեցին։
ՔԿ հաղորդագրության համաձայն, նրանք պատրաստվել են Հայաստանում իրականացնել «ահաբեկչություն ու իշխանազավթում»։
Նշենք, որ Դավիթ Գալստյանն այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։