«Այսօր ՀՀ-ում կարող են շատ հեշտությամբ «մարդու գլխին սարքել». ովքեր իշխանության դեմ են խոսում, անմիջապես քրեական գործ են հարուցում». Արմեն Պետրոսյան

Հուլիսի 26-ին կլրանա Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի, ինչպես նաև 15 այլ անձանց կալանքի 1 ամիսը։

Դավիթ Գալստյանի փաստաբանները դատարանի այս որոշման դեմ բողոք են ներկայացրել, որն արդեն մակագրվել է դատավոր Հարություն Մնացականյանին։

«Արդարադատություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Արմեն Պետրոսյանն իրավապահ և դատական համակարգից ակնկալիքներ չունի, որ կարող է արդարադատություն իրականացվի։

«Ովքեր իշխանությունների դեմ են խոսում, անմիջապես քրեական գործ են հարուցում ու այդ մարդկանց ձերբակալում, հետո կալանավորում են։ Այսօր խոսքի ազատությունը Հայաստանում «պլինտուսից» ցածր է, ոչ մեկը չի կարողանում իր մտքերն արտահայտի, որովհետև կարող են շատ հեշտությամբ «մարդու գլխին սարքել»։ Նույնիսկ իրավապահ մարմինները, որոնք գիտակցում են, որ սխալ են անում, մեկ է՝ չեն կարողանում հակադրվել այն ուժին, որը ստիպում է իրենց նման գործողություններ անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյոք իշխանությունների կողմից իրականացվող այս ռեպրեսիաներն իրեն կաշկանդո՞ւմ են ազատ արտահայտելու սեփական կարծիքը, Արմեն Պետրոսյանը պատասխանեց՝ կաշկանդվելու որևէ բան չունի։

«Իմ գործունեությունը ծավալում և հիմնականում աշխատում եմ երեխաների հետ։ Կաշկանդվելու առանձնակի թեմա չունեմ։ Բայց այն հանգամանքը, որ իմ ընկերներն իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելու համար հայտնվել են ճաղերի հետևում՝ մտածելու տեղիք է տալիս։

Դավիթ Գալստյանն ի պաշտոնե համարվում է Արցախի ԱԺ պատգամավոր, եթե նրա նման մարդիկ լուռ մնային, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ են լռում, ավելին՝ մարդիկ հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ Արցախի ԱԺ պատգամավորը խնդրի մասին չի խոսում։ Բայց երբ խոսում է, հայտնվում է ճաղերի հետևում։ Այս պահին Դավիթ Գալստյանը ճաղերի հետևում է, քանի որ կատարել է իր մասնագիտական, պրոֆեսիոնալ պարտականությունը։ Նա որպես ԱԺ պատգամավոր՝ բարձրաձայնել է այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են Արցախից տեղահանված ժողովրդին, նրանք մեր այս կարգավիճակի հիմնական մեղավորին տեսնում են ՀՀ իշխանությանը»,- նշեց Ա. Պետրոսյանը։

Արմեն Պետրոսյանը նաև հավելեց՝ Դավիթ Գալստյանը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, որն ունի ընդդիմադիր կեցվածք, իրավունք ունի՞ նման հայտարարություններ անել, թե՞ ոչ, իհարկե՝ ունի։

«Նա ընդդիմադիր պատգամավոր է, պետք է իշխանության բացերը ցույց տա, արտահայտի, բարձրացնի նրա թերությունները, բարձրացնի նաև ժողովրդի տեսակետն ու դիրքորոշումը։ Այսօրվա դրությամբ Արցախից տեղահանված ժողովուրդը գտնվում է թե՛ սոցիալական, թե՛ բարոյահոգեբանական շատ ծանր իրավիճակում։ Սոցիալականը հայտնի է՝ պետությունն այլևս տեր չի կանգնում արցախցիներին, այն ծրագրերը, որոնք իբրև թե արցախցիների կյանքը բարելավելու համար են, այնպիսի մեծ խոչընդոտներով են պարուրված, որ նույնիսկ մարդիկ վախենում են օգտվել այդ ծրագրերից»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ իրավապահները հունիսի 25-ի վաղ առավոտյան խուզարկություններ էին իրականացրել «Սրբազան պայքարի» մի խումբ աջակիցների, այդ թվում՝ պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակարանում, որից հետո Բագրատ սրբազանին և պայքարի մի խումբ աջակիցների բերման ենթարկեցին, ձերբակալեցին, այնուհետև դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորեցին։

ՔԿ հաղորդագրության համաձայն, նրանք պատրաստվել են Հայաստանում իրականացնել «ահաբեկչություն ու իշխանազավթում»։

Նշենք, որ Դավիթ Գալստյանը գտնվում է  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։

Տեսանյութեր

Լրահոս