«Փաշինյանը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքը խլելու է. Արցախ հանձնողը դժվար թե շենքի առաջ կանգ առնի». Մետաքսե Հակոբյան

Հայաստանի իշխանությունները պահանջում են, որպեսզի ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքը վերադարձվի, և դրա վրա Արցախի իշխանությունն այլևս որևէ ազդեցություն չունենա։

Շենքը վերադարձնելու համար Գլխավոր դատախազությունը հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այդ շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Նշենք, որ այս պահին արցախահայերն իրենց հետաքրքրող ու հուզող բոլոր հարցերով գնում են այդ շենք, քանի որ այնտեղ է նստում Արցախի նախագահը, այնտեղ է տեղակայված Արցախի ԱԺ-ն։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքը խլելու է, քանի որ Արցախ հանձնողը դժվար թե շենքի առաջ կանգ առնի։

Կարդացեք նաև

«Նրա համար օրինաչափ է նաև այդ շենքի հետևից գալը, քանի որ ցանկացած հիշողություն, փշրանք՝ Արցախի հետ կապված, պետք է վերացնի։ Ամիսներ առաջ մեր քննարկումներում նման գործընթաց նախատեսել էինք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքն Ադրբեջանին դեռ վաճառելու բան ունի՝ Արցախի հարցը վերջնական փակելու համար։

Գուցե շատերի համար այս շենքն ինչ-որ քարերի կույտ է կամ ինչ-որ բարձր արժեք ունեցող շենք, իսկ մեզ համար Արցախից մի պատառիկ է Հայաստանում»,- 168.am հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ իրավական առումով այդ հարցով բավականին ակտիվ զբաղվում են, ցույց տալու համար, որ տեղի ունեցողն աբսուրդ է։ Ներկայացուցչության շենքն Արցախին է տրվել դիվանագիտական գործունեություն իրականացնելու համար, որը տարիներ շարունակ, նույնիսկ ներկայիս իշխանությունների կողմից հաստատվել է փաստաթղթերով։

«ՀՀ իշխանությունների արածը միայն ու միայն քաղաքական նպատակ է հետապնդում։ Մենք էլ, բնականաբար, ոչ թե կյանքի ու մահու կռիվ ենք տալիս, այլ փորձում ենք ամեն բան անել՝ քաղաքական ու իրավական դաշտում, այս գործընթացը կասեցնելու, հետաձգելու և թույլ չտալու համար։ Մենք հասկանում ենք, որ երբ չլինեն այս ազգադավ իշխանությունները, իրավիճակը կտրուկ կփոխվի։ Եթե որևէ մեկի մոտ կա այնպիսի կարծիք, որ մեր խորհրդարանի աշխատանքը կապված է այդ տարածքի հետ, Նիկոլ Փաշինյանը և իր խումբը չարաչար սխալվում են։ Եթե իրենց այդ նախաձեռնությամբ այդ շենքը խլեն, մենք ցանկացած վայրում կշարունակենք ծավալել մեր գործունեությունը։ Եթե այլ տարածք չկարողացանք վերցնել, պետք լինի՝ բացօթյա կիրականացնենք նիստ։ Մեր գործունեությունը մեր իրավունքների մասին է, և այն չի հակասում ՀՀ օրենքներին»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Այս համատեքստում նա հիշեցրեց իր գործընկեր Դավիթ Գալստյանին, ում առանց հիմքերի կալանավորել են, պատճառը լռեցնելն է։

Մետաքսե Հակոբյանն անդրադարձավ նաև օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից «Եղբայրական գերեզմանոցի» ամբողջ տարածքը պաստառներով փակելու հանգամանքին և հարցին՝ տարբեր երկրների խորհրդարանների իրենց գործընկերների հետ հանդիպելիս այս հարցը բարձրաձայնո՞ւմ են, ի՞նչ արձագանքներ կան, նա պատասխանեց, որ այս հարցում կարծես թե նույնկերպ են մտածում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները, և եթե ինչ-որ որոշում ունեն, ապա մինչև վերջ դրա հետևից գնում են։

«Ցավոք, մեր հնարավորությունները, նաև մեր գործընկերների հնարավորություններն այդքան մեծ չեն, որպեսզի ճշտենք Ադրբեջանի նպատակը։ Այդ ամենն արվում է պետական մակարդակով։ Մենք չգիտենք՝ արդյոք Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է հերթական վանդալիզմն իրականացնել այդ տարածքում, չգիտենք։

Ցավոք, ՀՀ իշխանություններն այդ առումով որևէ քայլ չեն իրականացնում։ Երբ մենք փորձում ենք մեր տարբեր գործընկերներից որևէ բան ճշտել, իրենք ևս լիարժեք տեղեկատվության չեն տիրապետում, նրանք լիազորված չեն որևէ ճշտում անելու Ադրբեջանից։ Նման հնարավորություն ունեն միայն ՀՀ իշխանությունները։ Մեր միջազգային գործընկերները մեկ բան են փաստում, որ մեր իրավունքները խախտվել են, և իրենք սատարելու են մեր իրավունքների վերականգնմանն ու Արցախ վերադարձին։

Պետք է այդ գործընթացում ակտիվ ներգրավված լինեն նաև Հայաստանի իշխանությունները, որոնցից ակնկալիք չունենք, բայց հասկանում ենք, որ նրանք հավերժ չեն կարող իշխանության լինել, և մեր առաքելությունն այդ վիճակում այն է, որ թույլ չտանք՝ հարցը մոռացվի»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։ 

Տեսանյութեր

Լրահոս