«1994թ. ի վեր Ադրբեջանը որևէ թուղթ չստորագրեց. հիմա գնում են՝ Ալիևի հետ ի՞նչ ստորագրեն». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ Արցախի հարցի լուծումը մի քանի սերունդներ պետք է լիներ հարցի չլուծման մեջ:

«Դա ունենալու էր իր գինը, բայց այդ գինը պետք է վճարեինք: Հիմա, որ եկան ու փորձեցին ինչ-որ լուծումներ բերել, ինչ-որ մի բանով դրական լուծում եղա՞վ: Պարենային անվտանգությունը վնասեցին, քանի որ չկան այն տարածքները, որոնք մեզ կապահովեն բնամթերքով, ուժային անվտանգության դաշտը բերեցին մինչև Ջերմուկ, իսկ վաղն էլ, Աստված գիտի, կարող է մինչև Երևան էլ հասնեն: Այս ամենին նայելով՝ պետք է հասկանալ, որ Ալիևի կամ մեր թշնամիների համար միևնույն է՝ Հայաստանում դիտորդներ տեղակայվա՞ծ են, թե՞ ոչ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ եթե Ադրբեջանը որոշի դիմել էսկալացիայի, դիտորդներին չի նայելու:

«Ադրբեջանին զսպող միակ ուժը հայկական բանակն է: Այլ պարագայում, ասենք՝ մեկ շաբաթ հետո ինչ-որ մի փաստաթուղթ ստացանք, ի՞նչ է փոխելու դա իրական կյանքում: Երբ դիտորդական առաքելության մասին խոսում ենք, միգուցե այն 0.01 տոկոսով օգտակար է, բայց եկեք՝ նայեք դիտորդական առաքելությունների դերակատարումը այդ կոնֆլիկտներում, և հասկանանք՝ լավ, այս մարդկանց ի՞նչ լիազորություն է տրված: Զեկույց են պատրաստելու, այդ զեկույցն ուղարկելու ենք, ես էլ պատգամավոր եղած ժամանակ մի քանի տարբեր պառլամենտական վեհաժողովների անդամ էի, ուղարկում էին տարբեր երկրների զեկույցներ, կարդում էինք: Այդ երկրներում որևէ բան փոխվե՞ց հողի վրա»,- նկատեց նա:

Թևան Պողոսյանի խոսքով՝ Ռուսաստանն ու Իրանը որոշակի վտանգ են զգում ԵՄ դիտորդների առկայությունից. «Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ լավ խոսակցություն են ունեցել, որ դրսի ուժերը չպետք է ներգրավվեն, դրսի ուժերի մեջ էլ Ռուսաստանը չի մտնում, որովհետև արդեն 30 տարի է՝ ռուս սահմանապահներն են կանգնած հայ-իրանական սահմանին: ՌԴ ԱԳՆ-ն էլ երեկ է արձագանքել: Մեզ համար ի գիտություն են իրենց զգացողությունները, ու այստեղ պետք է սկսի մեր դիվանագիտությունն աշխատել: Իսկ մենք պետական ինստիտուտներ ունե՞նք: Մեր պետությունը նոյեմբերի 9-ից այս կողմ ճգնաժամերի մեջ է. failed state կամ ջախջախված, կործանված երկիր որ ասում են՝ դա է»:

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն ինչ-որ գին է, որը իշխանությունները վճարում են՝ իրենց իշխանությունը պահելու համար. «Մենք մի բան պետք է գիտակցենք՝ նույնիսկ բանավոր խոսքը գալիք սերունդների համար իրավունքի զրկում է լինելու, որովհետև միշտ հիշատակելու են, որ՝ ձեր այն պաշտոնյան այսպես էր ասում: Նույնիսկ բանավոր խոսք են թափահարելու գալիք սերունդների երեսին: Չի կարելի այսօր որևէ բան ստորագրել՝ մեր թոռներին իրավունքից զրկել: Ադրբեջանը 1994թ. ի վեր որևէ մի թուղթ չստորագրեց, ինչքան էլ դռների հետևում պարտադրում էին: Երբ ասում ենք՝ պարտադրում են, այդ երկրներն իրենց շահերն են առաջ տանում, իրենց շահերի համար պարտադրում են, թե համոզում, կներեք այս բառի համար՝ կուտ է տալիս, որ անես, իսկ քո շահերն ի՞նչ են պահանջում»:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ հո հաջորդ սերունդներին չե՞նք թողնելու այս հարցերի լուծումը, պետք է հիմա լուծել, նա արձագանքեց. «Բայց չեք կարողանում լուծել, ձեր լուծումն ավելի վատ է, հարցականի տակ է դնում՝ հաջորդ սերունդն այստեղ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Հենց դա է հարցը: Լուծում բառը շատ բովանդակային է, ինչպես ժամանակը, որն աշխատում է նրա օգտին, ով օգտագործում է այդ ժամանակը: Նույնը լուծումն է: Երբ շատ ժամանակ մարդկանց թվում է, որ՝ այս թուղթը ստորագրեցինք, լուծում է, հետո չի աշխատում: Ուկրաինան, երբ ատոմային զենքը հանձնում էր ՌԴ-ին, քանի՞ երկիր է ստորագրել, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ապահովում են: Սերբիային որ ընդունում էին ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն, և որ ասում էին՝ տարածքային ամբողջականությունդ պետք է հարգենք, հետո քանի՞ երկիր հարգեց: Հասկանո՞ւմ եք: Դիտարկելով՝ ով է Ալիևը և ով է Ադրբեջանը. Իր հայրն ուզում էր Քի Վեսթում ինչ-որ բան անել, ասում էր, չէ՞՝ ընտանիքիս հետ էլ խոսեցի, նույնիսկ իրենց չհամոզեցի, ինչը նշանակում է, որ տղային չի համոզել: Նրանք միշտ ավելին էին ուզում: Վերցնում եմ Փաշինյանի հարցազրույցները 44-օրյա պատերազմի ընթացքում, մի քանի անգամ է ասել, որ երբ ինչ-որ մի բան հայկական կողմը համաձայնում է զիջել, նույն վայրկյանին Ալիևը դրանից ավելին էր ուզում: Հիմա էլ եթե գնան՝ ասեն՝ լավ, սրան համաձայն ենք, Ալիևը, վստահ եմ, նոր պահանջներ է դնելու: Մարդը իր բերանով ասել է՝ Զանգեզուրն էլ եմ վերցնելու, Սևանն էլ, Երևանն էլ»:

Նա հիշեցրեց, որ Ալիևը նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ դրած իր ստորագրությունը չի հարգել. «Հիմա գնում են՝ Ալիևի հետ ի՞նչ ստորագրեն, պետք է նորից շուռ գան՝ ասեն՝ բացի այս ստորագրությունից, պետք են նաև երաշխավորներ: ՄԽ համանախագահներն այդ երաշխավորներն էին, բայց ուժի չկիրառումը հարգվե՞ց: Համ ասում են՝ աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվում, գնացքը անդունդն է գնում, չգիտենք՝ աշխարհը վաղը ինչպիսինն է լինելու, համ էլ մտածում են, որ եթե ինչ-որ մեկն այս երկու ամսվա մեջ ասի՝ ստորագրեք, ես տեր եմ լինելու այդ ստորագրությանը, տեր է լինելու: Բա որ 4 ամիս հետո աշխարհն ուրի՞շ լինի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս