Ադրբեջանը կոտրում է սեփական քարոզչության հերթական միֆը
«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր, այսպես կոչված, «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի ազատագրված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության» ավագ խորհրդական Արազ Իմանովը հայտարարել է, որ առաջին փուլում՝ 2022-2026թթ., Բաքուն պատրաստվում է Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնել շուրջ 66 հազար քաղաքացի։ Առաջին հայացքից ոչինչ չասող այս հայտարարությունը մի շարք ուշագրավ հետևությունների առիթ է տալիս․
– Նախ, Ադրբեջանը տասնամյակներ շարունակ բոլոր միջազգային հարթակներում թմբկահարում էր շուրջ «կես միլիոն փախստականների» մասին միֆը՝ փորձելով հիմնավորել Արցախի դեմ վարվող իր ագրեսիվ քաղաքականությունը և նախապատրաստվող պատերազմը։ Ստացվում է, որ Ադրբեջանը, 2020թ-ին օկուպացնելով Արցախի տարածքի շուրջ 80%-ը, դրանից 6 տարի անց այնտեղ պատրաստվում է բնակեցնել այդ փախստականների ընդամենը 10%-ին, և այն էլ հարց է, թե որքանով դա կյանքի կկոչվի։
– Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Արցախը Ադրբեջանին հետաքրքրում էր որպես տարածք, Հայաստանի նկատմամբ հետագա հարձակումների պլացդարմ, այլ ոչ թե իբրև թե այնտեղից «տեղահանված» մարդկանց հումանիտար խնդիրները լուծելու «օբյեկտիվ» նպատակ։
– Արցախի օկուպացված տարածքների բնակեցման ձգձգումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը դեռ բարձր է գնահատում այնտեղ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը։ Այդ է պատճառը, որ Բաքուն փորձում է հնարավորինս շուտ հասնել այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» կնքմանը և Երևանի կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի «սուվերենության» ճանաչմանը, իսկ մինչև 2026թ-ը հավանաբար պայմանավորված է այն ակնկալիքով, որ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի լրանալուց հետո հնարավոր կլինի հասնել Արցախի ամբողջական օկուպացիային։
– Արցախի օկուպացված տարածքների վերաբնակեցման գործընթացի ձգձգումը ևս մեկ անգամ ջախջախում է ՀՀ իշխանությունների կողմից տարածվող այն կեղծ թեզը, թե իբր հայկական վերահսկողության տակ գտնվող Շուշիում Ադրբեջանցիներ էին վերաբնակվելու՝ կասկածի տակ դնելով Շուշիի հայկականությունը։ Այս թեզը հաճախ օգտագործվում է՝ 2020թ-ի հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելու աղետալի որոշումը հիմնավորելու նպատակով։
– Այս իրողությունն ապացուցում է, որ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր նախկին փաթեթները, որոնք Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են հնարավորինս բացասական լույսի ներքո ներկայացնել՝ հիմնականում իրենց «փաստարկները» կառուցելով ադրբեջանցի փախստականների վերադարձի կետի վրա, իրականում Արցախի հայկականությունը վտանգելու էական ռիսկեր չէին պարունակում։ Եթե Ադրբեջանի վերահսկողության տակ գնտվող տարածքներում 6 տարում նախատեսվում է վերաբնակեցնել «փախստականների» ընդամենը 10%-ին, ուրեմն Հայաստանի վերահսկողության դեպքում ադրբեջանցիների նույնիսկ 1%-ի վերաբնակեցումը խիստ անհավանական է։
– Եվ, ի վերջո, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի աննախադեպ ենթակառուցվածքային նախագծերը ոչ թե քաղաքացիական, այլ զուտ ռազմական նպատակներ են հետապնդում։ Ակնհայտ է, որ 3 օդանավակայանների, հազարավոր կիլոմետրերի հասնող ճանապարհների, թունելների և կամուրջների կառուցումը նախատեսված չէ 66 հազար քաղաքացիների կենցաղային կարիքների բավարարման համար։ Արցախի «ենթակառուցվածքային կլանումը» ունի շատ ուղիղ ռազմական ենթատեքստ, իսկ դրա համար Բաքվին ամենևին էլ հարկավոր չէ օկուպացված տարածքների արագ բնակեցում, իսկ այդ 66 հազարը կարող են լինել ասենք Արցախում տեղակայված ադրբեջանցի զինվորականների և այլ պետական ծառայողների ընտանիքներն ու հարազատները»։