Հրաչյա Աճառյանը ազգանունների մասին ընդհանրապես, իր ազգանվան մասին՝ մասնավորապես
Ազգանունը այն է, որ դրվում է մի գերդաստանի ամբողջ սերնդի կամ սերունդների վրա և կարող է դարեդար շարունակվել: Կան ազգեր, որոնք հայրանվան վրա կանգնում են և ազգանվան չեն անցնում, այսպես էին թուրքերը և պարսիկները և միայն վերջին քսանամյակում անցան ազգանվան:
Արաբները ունեին մի տարօրինակ սովորություն, որ միայն նրանց էր հատուկ՝ ենթադրենք մի Հասան է լինում Հյուսեինի որդի, ուստի լինում է Հասան-իբնի-Հյուսեին, եթե Բաղդադից է լինում՝ Հասան-իբնի-Հյուսեին-էլ Բաղդադի, ասենք մականունը ֆաթթահ է, ավելացվում է և դա, ունի որդիներ, ասենք՝ Ալի, Մուսթաֆա, Սուլեյման, դառնում է ՝ Հասան-իբնի-Հյուսեին-էլ Բաղդադի-ապու-Ալի-ապու-Մուսթաֆա-ապու-Սուլեյման-ֆաթթահ և այլն: Նրանց մոտ անունները կարծես ընդգրկում են ողջ ցեղաբանությունը:
Արաբական սովորությունը քիչ-քիչ կամ մասամբ տարածվեց հպատակ կամ կրոնակից ցեղերի վրա, օրինակ` Մադագասկարի թագավորներից մեկը կոչվում է Անդրիանամպոյինիմերինա: Իսպանացիք էլ սիրում են կազմել երկար անուններ: Մի առակ կա. Հարավային Ամերիկայում մի իսպանացի գիշերը անտառում կորցրել է ճանապարհը: Ստիպված թակում է մի անգլիացու դուռը և խնդրում է, որ իրեն թույլ տա գիշերել: Անգլիացին մութ տեղը պատուհանը բաց արած հարցնում է՝ ո՞վ է:
Իսպանացին պատասխանում է.
– Ֆերնանդո-Դելլոս-Վեստոս-Սերվանդես-Դելլոս-Մինկոս-Սանթա-Կուզենո-Դելլոս-Անտիղոնոս:
– Մեր տունը փոքր է, այդքան մարդու տեղ չկա,- ասում է անգլիացին և պատուհանը փակում:
Ուրիշ ազգեր ճանաչում են անուն, հայրանուն և ազգանուն. Օրինակ` չինացիք, որոնց բառերը շատ կարճ են, հետևում են այս սովորությանը: Հիշենք չինական անուններից`Կոն Ֆու-ցի, Լի Հունգ-չանգ, Սուն Յան-ցեն, Շի Հոանկ-թի, Շուն Յու-յուե և այլն:
Սրանց մեջ առաջին վանկը ազգանունն է, երկրորդը` հայրանունը և երրորդը`անունը: Ռուսաց մեջ էլ, ինչպես հայտնի է, գործածական է անունով և հայրանունով ազգանուն. Օրինակ` Իվան Ֆեոդորովիչ Պալիև և այլն:
Եվրոպացիք լայնորեն օգտագործում են ազգանունը: Անունը ֆրանսիացոց մեջ այնքան անարժեք բան է, որ անուն ասելով հասկանում են ազգանուն, իսկ անվան համար գործ են ածում փոքր անուն:
Մի անձ կարող է ունենալ 3-4 անուն, բայց մի ազգանուն:
Այս ընդհանուր ծանոթություններից հետո մասնավորենք մեր խոսքը հայոց ազգանունների վրա:
Հին հայոց մեջ հասարակ ժողովուրդը երևի գործածում էր անուն-հայրանուն. Իսկ ազնվականները կրում էին ազգանուն: Ազգանունները հնագույն շրջանում ձևանում էին ունի մասնիկով, որ ավելի ուշ դարձավ եան (յան). 6-րդ դարում հայերը պարսիկներից վերցնում են հոգնակի ան, եան, յան մասնիկը և դարձնում են նրանց նման ազգանուն: Սա պարսկական ազդեցության շրջանն է: Արաբների ժամանակ ազգանունները վերանում են, ըստ որում իշխանական ցեղերը ջնջվում են:
Ավելի ուշ՝ թյուրքերի ժամանակ, նույնիսկ ազգանուն չկա: Տաճկաստանում, իմ մանկության ժամանակ, հայրանունն էր գործածվում ազգանվան ձևով. օրինակ՝ ես դպրոցում արձանագրված էի Հրաչյա Հակոբյան (հորս անունով) և խոսակցության մեջ հաճախ կրճատ ձևով ասում էին Հրաչյա Հակոբ: 1888 թվին դպրոց մտավ ազգանվան դրությունը:
Հոգաբարձությունը պատվիրեց բոլորիս, որ տուն գնանք և մեր ծնողներից հարցնելով ու իմանալով՝ ազգանուն բերենք: Ընդհանրապես աշակերտները իրենց պապի անունը դարձրին ազգանուն, ուրիշները մի ինչ-որ մականուն և այլն:
Հետաքրքիր է իմ ազգանվան պատմությունը: Ես տուն գնացի ու հարցրի, թե մեր ազգանունը ինչ է: Հայրս առաջարկեց վերցնել իր հոր անունը՝ Հարություն և կոչվել Հարությունյան: Ես այն ժամանակ 12 տարեկան էի, բայց արդեն ունեի ինչ-որ լեզվական ճաշակ: Իմ ճաշակով անունից կազմված ազգանունը հաճելի չէր, ուստի մերժեցի Հարությունյանը և ուրիշ բան ուզեցի: Հորաքույրս ասաց, որ իրենց ցեղը Ռոտոսթոյում կոչվել է Հյուպրյուք օղլու, ուստի առաջարկեց գրել Հյուպրուքյան:
Ես այն ժամանակ Հյուպրուք բառի ծագումը չգիտեի, չգիտեի, թե դա էլ անուն է Հյուպերիք, որ շատ քիչ է գործածվում: Երևանում մի քանի տարի առաջ եղել է Հյուպերիք անունով մեկը: Ես չհավանեցի նաև Հյուպերիքյան ազգանունը և մերժեցի:
(Կոստանդնուպոլսում մականունը հաճախ շփոթում են ազգանվան հետ և փոխանակ ասելու ազգանուն, ասում են մականուն, թյուրքերեն՝ լաղաբ, այսինքն՝ փուտանուն): Ես հորս հարցրի, թե քեզ ինչ ծաղրական անուն են տալիս, նա ասաց.
«Ինձ ասում են Կռճին Ակոբ»: Ես հավանեցի այս անունը և վերցրի Կռճինյան ազգանունը, որի իմաստը անծանոթ էր: Ներկայացա հոգաբարձությանը և ասացի, թե իմ ազգանունն է Կռճինյան: Հոգաբարձուներից մեկն ասաց, թե Կռճին բառ չկա, պետք է լինի Կռճիկ և ազգանունս շինեցին Կռճիկյան:
Ընկերներս շարունակ ծաղրում էին ինձ կոչելով կռճիկ, մռճիկ, տռճիկ, խռճիկ, բռճիկ: Տարին լրացավ, տարրական դպրոցը ավարտեցի և մտա միջնակարգ: Ես կռճիկից ձանձրացած, որոշեցի փոխել ազգանունս: Կռճիկ բառի գրաբարն է աճառ, որն ինձ շատ բարեհնչյուն թվաց և ազգանունս դարձրի նոր դպրոցում՝ Աճառյան, որն ընդունեց նաև հայրս:
Սրանից 42 տարի առաջ, Էջմիածնի ճեմարանում, երբ ես այս դեպքը պատմեցի, Մանուկ Աբեղյանը ծիծաղելով ասաց.
«Մի տաճկահայ չտեսանք, որ շինծու ազգանուն չունենար»: Ճիշտ է, բայց Աբեղյանի ազգանունն էլ շինծու է: Նա նախապես կոչվել է Աբեղյան, այսինքն թյուրքերեն բառով «սպիտակ բեղավորյան»: Աբեղյանը անդուրեկան է գտել իրավամբ Աղբեղյանը, միջից ղ-ն հանել է և դարձրել է Աբեղյան, որ հին հայոց նախարարական տոհմերից մեկի անունն է:
Աճառյան «Անձնանունների բառարան»