
Ղզլքիլիսայից Օֆելյա Սարգսյանի ճանապարհը` դեպի FLEX ծրագիր

Ամերիկյան FLEX ծրագիրը տարիներ շարունակ հնարավորություն է ընդեռնում երիտասարդներին՝ զարգացնելու իրենց ունակությունները, բարելավելու անգլերեն լեզվի իմացությունն ու որոշ ժամանակ էլ ապրելու արտերկրում՝ ԱՄՆ-ում։ Ծալկայի շրջանի Ղզլքիլիսա գյուղից 16-ամյա Օֆելյա Սարգսյանը, ով ընդունվել է մասնակցելու FLEX ծրագրին, կիսվում է իր տպավորություններով ու փորձով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ինչպե՞ս տեղեկացար FLEX ծրագրի մասին։ FLEX-ի մասին տեղեկացել եմ YouTube-ով՝ Annabagy-ի տեսանյութում։ Այդ պահին դեռ 13 տարեկան էի ու 2 տարի կար, որ տարիքս բավարարեր և կարողանայի հայտ ներկայացնել՝ ծրագրին մասնակցելու համար:
Ի՞նչը քեզ ոգեշնչեց դիմել ծրագրին։ Մտածում էի, որ եթե այս երազանքը սրտիս մեջ է, ուրեմն ինչ-որ մեկ այլ իրականության մեջ այն արդեն իրականացել է։ Սա ինձ մոտիվացրեց հավատալ ու քայլ անել։ Բացի այդ, ուզում էի ապացուցել ինքս ինձ և մյուսներին, որ կարող եմ՝ անկախ նրանից, թե որտեղ եմ ապրում։
Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիր ու ինչպե՞ս հաղթահարեցիր դրանք։ Առաջին մասնակցության ժամանակ չկարողացա հաղթահարել նույնիսկ առաջին փուլը… Ինքնավստահության մեծ պակաս կար։ Հետո ինքս ինձ ժամանակ տվեցի մեկ տարվա ընթացքում աշխատել հաղորդակցական և առաջնորդական հմտություններիս վրա։ Արդյունքում հաջորդ տարի հաղթեցի։ Խոչընդոտ էր նաև փոքր գյուղում ապրելը, որտեղ կան առաջնորդային հմտություններ ձեռք բերելու քիչ հնարավորություններ։ Ուստի պետք էր աշխատել ինքս ինձ վրա՝ կարդալով գրքեր առաջնորդության, մտածելակերպի և մոտիվացիայի մասին։ Իսկ արդեն FLEX-ին մասնակցելիս որոշեցի ցույց տալ իմ իսկական եսը՝ հումորով ու անկեղծ Օֆելյային։
Քո կարծիքով՝ ի՞նչն օգնեց քեզ հաղթել։ Ինձ միանշանակ օգնեց հաղթել ինքս իմ ուժերին հավատալը ու միշտ անկեղծ լինելը։ Երբեք չեմ փորձել ինչ-որ «ճիշտ» կամ ստանդարտ պատասխաններ տալ ու միշտ փորձել եմ տարբերվել։ Բացի այդ, կարող եմ կողմնորոշվել ցանկացած դժվար իրավիճակում և գտնել հարցի լուծում, ինչն ինձ բավականին օգնեց FLEX-ի թիմային խաղի ժամանակ։
Ի՞նչ ակնկալիքներ ունես ԱՄՆ մեկնելուց։ Գնում եմ մեկ նպատակով՝ հասնել իմ բարձրագույն պոտենցիալին։ Գիտեմ՝ դժվար է լինելու, բայց հենց դա է ինձ ոգևորում։ Մտքումս ունեմ իմ իդեալական «ես»-ի պատկերը՝ ուժեղ, անկախ, ու հոգեպես հասուն։ FLEX-ը կօգնի ինձ հասնել այդ «ես»-ին։
Քո կարծիքով՝ ի՞նչ հատկանիշներն ու հմտություններն օգնեցին քեզ հաջողության հասնելու։ Անկեղծություն, հումոր, վերլուծական մտածողություն ու ճկունություն։ Կարող եմ արագ լուծումներ գտնել, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։
FLEX-ը շատերին թվում է անհասանելի երազանք։ Ի՞նչ խորհուրդ կտաս այն աշակերտներին, ովքեր վախենում են դիմել։ Չնայած այն բանին, որ ամեն տարի մոտավորապես 5000 դիմորդներից միայն 60 հոգին են կարողանում ընտրվել որպես ծրագիրն հաղթող մասնակիցներ, այն դեռ հասանելի երազանք է, ըստ իս՝ ծրագրի նրբություններին ծանոթ լինելն արդեն իսկ մեծ հաղթանակ է։ Հասկացեք, որ երբեք չեք կարողանա իրականացնել այդ նվիրական նպատակն, քանի դեռ չեք հավատում ձեր ուժերին։ Շատերն ասում էին, որ չեմ կարող հաղթել։ Բայց ես հավատացի ինքս ինձ, գործեցի ու ապացուցեցի, որ նպատակասլաց մարդը միշտ էլ հասնում է իր նվիրական երազանքին։
Սոնյա Նազարեթյան