
«Քանի՞ գոլ կխփեմ «Բարսելոնայում» մեկ մրցաշրջանում։ 100». Ռաշֆորդ

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Մարկուս Ռաշֆորդը պատասխանել է հարցին, թե քանի գոլ է պատրաստվում խփել այս մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում։
«100 (ժպտում է։- խմբ.)։ Իրականում՝ առավելագույնը, ինչ կարող եմ։ Գիտեմ, որ ինձ համար անսովոր կլինի խաղալ այլ երկրում և այլ ֆուտբոլային ոճով, բայց ընդունում եմ այս մարտահրավերը։ Կփորձեմ խփել որքան հնարավոր է շատ գոլեր»,- Ռաշֆորդի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
«Կապտանռնագույնները» հուլիսի 23-ին պաշտոնապես հայտարարեցին Ռաշֆորդի տեղափոխության մասին: Ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»՝ վարձակալության հիմունքներով։ Անգլիացի վինգերը խաղալու է թիմի կազմում 14 համարի ներքո։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում 41 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։