
Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. ինչպե՞ս կարող են չկատարել Ստոկհոլմյան արբիտրաժի որոշումը, նույնիսկ «Գազպրոմը» կատարեց և 3 մլրդ դոլար վճարեց Ուկրաինային. Վահե Դավթյան
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» կիրակնօրյա հաղորդաշարի ընթացքում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության կողմից հայազգի գործարար, բարերար Սամվել Կարապետյանից Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) խլելուն և Հայաստանի տնտեսության, ներդրումային միջավայրի վրա ծանրագույն հետևանքներին, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներին:
«Եթե Հայաստանն ունենար տնտեսական զարգացման հստակ մոդել, որի ներքո, օրինակ, կարձանագրվեր, որ կրիտիկական նշանակության ենթակառուցվածքները, տրանսպորտային համակարգերը, էներգատրանսպորտային համակարգը, Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) և այլն, պետականացվում են, այսինքն՝ այդ գործընթացն ընտրված է՝ որպես պետական տնտեսական քաղաքականության պրոտեկցիոնիստական մոդել, ապա այդ տրամաբանության մեջ, ինձ համար՝ որպես մասնագետի՝ ընդունելի չէր լինի, բայց գոնե կասեի՝ այս մարդիկ տնտեսական ռազմավարություն ունեն, որոնք տարբեր երկրներ արել են։ Բայց տվյալ դեպքում, մենք գործ ունենք խիստ ֆրագմենտար մոտեցման հետ, այսինքն՝ նույն «Վեոլիա ջուր»-ը, «Որոտանի կասկադը», բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ թողած, որոնք ևս ունեն բավականին լուրջ խնդիրներ, թիրախավորում են բացառապես ՀԷՑ-ը։
Խնդիրներն այստեղ մի քանիսն են:
Առաջին. երբ դու գնում ես ՀԷՑ-ի կամ էներգետիկ որևէ ենթակառուցվածքի, որևէ ընկերության ազգայնացման կամ պետականացման ճանապարհով, ապա դու պետք է մի կողմ դնես այն քաղաքականությունը, որն անվանում ես տնտեսության ազատականացում։ Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի փետրվարի 1-ից պաշտոնապես Հայաստանի հանրապետության էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացված է։ Ի՞նչ է նշանակում ազատականացում. դա նշանակում է պետության մինիմալ մասնակցություն էլեկտրաէներգետիկ շուկային։ Այսինքն՝ 2-3 տարի կառավարությունը թմբկահարում էր տնտեսության ազատականացումը, որպես դեղամիջոց՝ նշելով, որ պետք է բարելավել գնային քաղաքականությունը, բարձրացնել մատակարարման որակը և այլն, այսօր իրականացնում են մի քայլ, որն ամբողջովին հակասում է տնտեսության ազատականացման կոնցեպտին։
Երկրորդ խնդիրը. իհարկե, իշխանությունների այս քայլը ներդրումային մթնոլորտը կտրուկ վատթարացնում է, առանց այդ էլ մենք ունենք շատ վատ ցուցանիշներ օտարերկրյա ուղիղ ներդրումների մասով։ Հիմա մենք գործ կունենանք բարդ իրավիճակի հետ, ընդ որում, առնվազն հայաստանյան տնտեսական համակարգը կվանի օտարերկրյա լուրջ ներդրողներին, մասնավորապես՝ էներգետիկ համակարգում։ Կրկնում եմ՝ դա այն գլխավոր նպատակն էր, որը դրված էր նույն ազատականացման գաղափարի ներքո ՝ օտարերկրյա ներդրումների ներգրավումն էներգետիկ համակարգում։
Հիմա ստացվում է, որ Ստոկհոլմյան միջազգային արբիտրաժը կայացրել է որոշում, որը չի իմպլեմենտացվում Հայաստանի Հանրապետությունում։ Ստոկհոլմյան արբիտրաժ, որը, օրինակ, մի քանի տարի առաջ որոշում կայացրեց և պարտավորեցրեց «Գազպրոմին» շուրջ 3 մլրդ դոլար վճարել Ուկրաինային, և «Գազպրոմն այդ որոշումը կատարեց։ Բայց փաստացի մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության դեպքում դա չի գործում, և սա ևս բացասական միտում է, որն անդրադառնում է Հայաստանի ներդրումային գրավչության վրա։
Երրորդ խնդիրը. արդյո՞ք պետությունը պատրաստ է արդյունավետ կառավարել այդ հսկա համակարգը. իմ խորին համոզմամբ՝ ո՛չ, ինչո՞ւ։ Խնդիրը հետևյալն է. նախ, ՀԷՑ-ն ունի բազմահազարանոց կոլեկտիվ, շուրջ 6700 աշխատակից։ Մենք գիտենք, որ ՀԷՑ-ի ղեկավարությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ առաջարկելով բարձրացնել աշխատավարձերը։ Բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է՝ համարելով, որ դա լրացուցիչ բեռ կհանդիսանա էլեկտրաէներգիայի սակագների վրա։ Եվ սա հաշվի առնելով՝ ընկերությունն իր սեփական ֆոնդերից շուրջ 30 միլիոն հատկացրել է այդ աշխատավարձերի բարձրացմանը՝ պատրա՞ստ է այսօր պետությունը ստանձնել այդ սոցիալական պատասխանատվությունը։ Հարցս հռետորական է։
Իրականում շատ լուրջ հակասություններ կան, այն հայտարարությունների մեջ, որոնք արվում են և Փաշինյանի, և ոլորտի փոխնախարարների կողմից: Ի դեպ, մինչ օրս էներգետիկ գծով փոխնախարար չեն գտել, սա էլ է շատ կարևոր ցուցիչ է։ Եվ ահա տարբեր փոխնախարարներ ասում են, որ ժողովրդին հասցված վնասը պետք է փոխհատուցվի, և այլն։ Լավ, մանիպուլյատիվ, հռետորական մակարդակով հասկանալի է, թե ինչ նկատի ունեն, այսպես ասած՝ «ռոբինհուդյան» մոտեցում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը միակ լիազոր մարմինն է, որը կարող է գնահատական տալ ՀԷՑ-ի արդյունավետությանը, 2023 թվականին հրապարակել է զեկույց։
Առ այսօր այդ զեկույցը տեղակայված է հանձնաժողովի կայքում, և երբ կարդում ենք այն, տեսնում ենք առավել քան դրական գնահատականներ ՀԷՑ-ի գործունեությանը։ Ներդրումային ծրագիրը կատարված է 91 տոկոսով, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է, հոսանքազրկումների, անջատումների ցուցանիշը կտրուկ անկում է ապրել՝ 2022-2023 թվականների ընթացքում, եթե չեմ սխալվում՝ 18 տոկոս է։ Կրճատվել են էլեկտրաէներգիայի կորուստները՝ տեխնիկական կորուստները համակարգում, և այլն։ Մեր հեռուստադիտողները կարող են շատ հանգիստ բացել այդ կայքը և պարզապես ընթերցել՝ նույն այս Կառավարության կողմից հաստատված, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զեկույցը՝ ՀԷՑ-ի գործունեության մասին։
Այս ամենը համադրելով՝ մենք կարող ենք գալ հստակ եզրակացության, որ պարզապես գործ ունենք Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման հետ։
ՀԷՑ-ը ենթադրում է բավականին լուրջ ներդրումներ, և, որպեսզի պետությունը կարողանա այդ ներդրումային ծրագրերը հավուր պատշաճի իրականացնել, ստիպված է լինելու անխուսափելիորեն բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները:
Բացատրեմ տրամաբանությունը. կա որոշակի ներդրումային պարտավորություն, որը ստանձնել է ՀԷՑ-ը, կա սահմանված մոդեռնիզացման աշխատանքների որոշակի պլան, և անկախ նրանից, թե ով է այդ ընկերության սեփականատերը, այդ աշխատանքները պետք է իրականացվեն։
Ըստ այդմ, պետությունը ստիպված է լինելու այդ պարտավորությունները կատարելու համար ներգրավել հավելյալ վարկային միջոցներ միջազգային կառույցներից, որպեսզի իրականացնի ու կյանքի կոչի այդ ներդրումային ծրագիրը։ Առանց դրա հնարավոր չէ այս հսկայական կառույցի արդյունավետ աշխատանքը։ Ինչպես ցույց է տալիս մեր վերջին 10-15 տարվա փորձը, միջազգային վարկերի սպասարկումն առավելապես իրականացվում է սակագների բարձրացման տեսքով։
Այսինքն՝ ներդրումային ծրագրի իրականացման այլ ճանապարհ պարզապես չկա՝ վարկային միջոցի ներգրավում, վարկի սպասարկման համար էլ սակագնի բարձրացում։ Ատոմակայանի մոդեռնիզացման օրինակով խոսենք. ատոմակայանի մոդեռնիզացման համար ռուսական վարկից հրաժարվելուց հետո, պետական բյուջեից հատկացվեց 60 մլրդ դրամ, և այդ վարկի սպասարկման նպատակով սակագինը բարձրացրեցին շուրջ 2,5 դրամով։ Այսինքն՝ մենք՝ քաղաքացիներս, այսօր փաստացի վճարում ենք այդ վարկի սպասարկման համար։ Նույնը լինելու է նաև և ՀԷՑ-ի, և այլ ենթակառուցվածքների մասով։
Եթե մենք դուրս ենք գալիս ՀէՑ-ի խնդրի սահմաններից և փորձում ենք դիտարկել ավելի մակրո մակարդակում, իհարկե, այստեղ մենք գործ ունենք կրկին ռուսական կամ Ռուսաստանի աֆիլացված կապիտալի թիրախավորման հետ, և ես չեմ բացառում, որ առաջիկայում նմանատիպ իրավիճակում կարող են հայտնվել նաև այլ կրիտիկական ենթակառուցվածքներ։ Խոսքը վերաբերում է «Գազպրոմ Արմենիային», այսինքն՝ Հայաստանի գազատրանսպորտային համակարգին, թիրախում է նաև ատոմակայանը, որը, իհարկե, պետական է։
Կրիտիկական մյուս ենթակառուցվածքը երկաթուղին է, որը, այո, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, ի տարբերություն գազատրանսպորտային համակարգի, այստեղ միայն շարժակազմն է, որ մասնավորեցված է ռուսական ընկերության կողմից»,- ասաց Վահե Դավթյանը։
Հայաստանի տնտեսությունն ապաշնորհ կառավարման հետևանքով անկում է ապրում բոլոր ոլորտներում, խոշոր բիզնեսը փախչում է, միջին և փոքր բիզնեսը՝ փակվում: Փաշինյանի կառավարությունը ներդրողներին խրախուսելու փոխարեն՝ քայլեր է կատարում, որոնք ծանր հետևանք են ունենալու երկրի, քաղաքացիների վրա:
Ամերիկյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպման գումարը տրամադրվել էր Հայաստանի պետբյուջեից՝ հարկատուների վճարած գումարներից․ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր, թմրանյութեր պրոպագանդող Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։
«Ավելի կասկածահարույց է միայն Ջենիֆեր Լոպեսի սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 14.4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար: Նրա թիմի սննդի համար 6 միլիոն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3.8 միլիոն դրամ։
Ըստ կառավարության փաստաթղթերի՝ Ջենիֆեր Լոպեսն իջևանելու է «Դվին» հյուրանոցում (Seven Visions Hotels 5), որին երկու օրվա համար նախատեսվում է վճարել մոտ 4 միլիոն դրամ։ Ըստ նախահաշվի՝ Ջենիֆեր Լոպեսին, նրան սպասարկող թիմին Երևանի տարբեր հյուրանոցներում տեղավորելու վրա ծախսվելու է ավելի քան 71.5 մլն դրամ՝ դոլարով արտահայտված՝ 185 հազար դոլար։
Համերգի գործադիր պրոդյուսերին նախատեսվում է վճարել 2.5 միլիոն դրամ աշխատավարձ։ Այս հաստիքից բացի, լինելու է նաև համերգի ծրագրի պրոդյուսեր՝ 5.8 միլիոն դրամ աշխատավարձով։ Համերգի տեխնիկական տնօրինությանը վճարվելու է 29.4 միլիոն դրամ։
6 միլիոն դրամ հատկացվելու է՝ գնումների հետ կապված խորհրդատվական ծառայության, 4.4 միլիոն՝ իրավական խորհրդատվության, նույնքան էլ՝ հաշվապահական ծառայությունների համար։ «Դոպինգ սփեյս»-ն արտիստին դիմավորողին պլանավորվում է վճարել 1 միլիոն 320 հազար դրամ, համերգի տրանսպորտային պատասխանատուին՝ 2.5 միլիոն դրամ, սննդի սպասարկման մենեջերին՝ 2.3 միլիոն դրամ։ Տարածքում լինելու է նաև «օպերացիոն գործընթացների ղեկավար», ով կստանա 3.5 միլիոն դրամ աշխատավարձ մեկ համերգի համար, գեներատորների պատասխանատուն՝ 3 միլիոն դրամ։ «Դոպինգ սփեյս»-ը նախատեսում է 8.5 միլիոն դրամ ծախսել մեքենաների վարձակալության, ուղևորափոխադրման համար»,- իր հոդվածում ներկայացրել էր «Ազատություն» ռադիոկայանը։
Այս կապակցությամբ Վահե Դավթյանը ճիշտ դիտարկում արեց.
«Սա սպառողական հասարակության և սպասարկող պետության մոդել է։ Ըստ այս իշխանությունների՝ պետք չեն մեզ մեծ ենթակառուցվածքային հզորություններ։ Կարծում եմ՝ Ջենիֆեր Լոպեսը շատ անտաղանդ երգչուհի և դերասանուհի է, չեմ հասկանում, թե ինչու հենց նրան ընտրեցին… Այդ շոու-բիզնեսի մոդելը հետևյալն է՝ բերում են տվյալ երգչին, նրա հետ գալիս են՝ ենթադրվում է՝ Վրաստանից, հետխորհրդային տարածքից ինչ-որ երկրպագուներ, հանդիսատես, որոնք գալու են և այստեղ ստեղծեն ակնթարթային շատ կարճաժամկետ ինչ-որ դրական էֆեկտ։ Այսիքն՝ ապահովելու են որոշակի տուրիստական հոսքի ակտիվացում. Սա՛ է ամբողջ տրամաբանությունը, և սա չի բարձրացնելու Հայաստանի հեղինակությունը, ներդրումային գրավչությունը»:
Ո՞րն է ելքն այս իրավիճակից
«Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը բավականին ցածր է, բայց, ցավոք, Հայաստանն այն ժողովրդավարական ինստիտուտներով և մշակույթով առանձնացող պետությունը չէ, որում ցածր քաղաքական վարկանիշը բերում է քաղաքական փոփոխությունների։ Անգամ ցածր վարկանիշով, ենթադրում եմ, նրանք կարող են վերընտրվել, պահպանել իրենց դիրքերը։
Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշի անկումն ուղիղ համեմատական չէ ընդդիմության վարկանիշի բարձրացմանը, որովհետև իշխանության վարկանիշի անկման հետ մեկտեղ՝ կտրուկ անկում է ապրում խորհրդարանական ընդդիմության վարկանիշը, և սա ակնհայտ է։ Փաստացի, մենք հայտնվում ենք քաղաքական վակուումի պայմաններում։
Ցավոք, ընդդիմադիր դաշտում մենք այսօր հետևում ենք խիստ բացասական միտումների։ Կարծում եմ՝ այս վակուումը լրացնելու համար այսօր պետք է նախ՝ ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա, երկրորդը՝ հաջողություն եմ մաղթում Սամվել Կարապետյանի նախաձեռնությանը և կարծում եմ՝ ճիշտ նպատակադրումների պարագայում գուցե հնարավորություն կունենա այս վակուումը լրացնելու։ Բայց, այնուամենայնիվ, համոզված եմ, որ այս նորաստեղծ քաղաքական ուժն առավելապես արդյունավետ կկարողանա դրսևորել բացառապես այդ քաղաքական կոմպոնենտի ճիշտ կիրառման պարագայում։
Հենց սրա համար է, որ ընդդիմության ներսում շատ ճիշտ երկխոսության իրականացում է անհրաժեշտ, որն այսօր առնվազն ես չեմ տեսնում։ Այդ վակուումի լրացման պարագայում գուցե մենք կկարողանանք հասնել որոշակի արդյունքների։ Բայց, ամենակարևորը, վակուումի լրացումն էլ չի բերելու վերջնական արդյունքի, որովհետև դու կարող ես ունենալ շատ փայլուն թիմ, շատ լավ ծրագիր, սիրված լինել ժողովրդի կողմից՝ որպես քաղաքական միավոր, բայց մեզ նման պետություններում չկարողանաս հասնել հաջողության, որովհետև ինտեգրված չես որոշ աշխարհաքաղաքական էկոհամակարգերի մեջ։
Հիմա որոշ մարդիկ կարող են ասել՝ բա ինքնիշխանություն և այլն, առավել քան ակնհայտ է, որ մեզ նման պետություններում՝ Հայաստան, Մոլդովա, Ղրղըզստան, Ուկրաինա և այլն, քաղաքական դերակատարում ստանձնելու, քաղաքական փոփոխություն ապահովելու և իշխանության գալու համար դու պետք է տեղավորվես որոշակի աշխարհաքաղաքական էկոհամակարգերի մեջ։ Այսինքն՝ հիմքում պետք է լինի այդ ինստիտուցիոնալ աշխատանքը, պետք է աշխատանք տարվի արտաքին դաշտում, աշխատանք պետք է տարվի սփյուռքի հետ, որը հսկայական լոբբիստական ցանց կարող է իրենից ներկայացնել, և այդ պարագայում հնարավոր կլինի ձևավորել այն, ինչ մենք անվանում ենք ազգային իշխանություն»,- ասաց Վահե Դավթյանը: