Թոնի Այոմիի հուզիչ հրաժեշտը Օզի Օզբորնին

Լեգենդար կիթառահար Թոնի Այոմին հուզիչ գրառումով է արձագանքել իր երկարամյա ընկերոջ և Black Sabbath խմբի անդամ Օզի Օզբորնի մահվանը։

«Չեմ կարող հավատալ։ Իմ սիրելի, սիրելի ընկերը՝ Օզին, հեռացավ Վիլլա Պարկում մեր համերգից ընդամենը մեկ շաբաթ անց։ Սա սրտաճմլիկ լուր է, և բառեր չեմ կարողանում գտնել։ Այլևս երբեք ոչ մեկը նրան նման չի լինի։ Գիզերը, Բիլլը և ես կորցրել ենք մեր եղբորը»,- գրել է Այոմին։

Նրա խոսքերը ընդգծում են այն խոր ու անկեղծ կապը, որը գոյություն ուներ Black Sabbath խմբի հիմնադիրների միջև՝ տարիներ տևած երաժշտական համագործակցության ու ընկերության ընթացքում։ Վիլլա Պարկում Օզիի վերջին ելույթը խմբի հետ հանդիսատեսի համար հուզիչ պահ էր, որը հիմա դարձել է առավել խորհրդանշական։

«Իմ մտքերն ու ցավակցություններն եմ հղում Շերոնին և Օզբորնների ամբողջ ընտանիքին։ Հանգչիր խաղաղությամբ, Օզ»,- գրել է Այոմին։

Օզի Օզբորնը, որին հաճախ անվանում էին «Խավարի արքայազն», ռոք երաժշտության ամենահայտնի վոկալիստներից էր, որը փոխեց ծանր երաժշտության հնչողությունն ու կերպարը։

Տեսանյութեր

Լրահոս