Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ կան կառավարության ու «Վիվա Արմենիայի» գործարքի տակ

Անցած տարվա փետրվարին հայտարարվեց հերթական ընկերության կողմից սեփական բաժնետոմսերի 20 տոկոսը կառավարությանը նվիրաբերելու մասին։ Մինչ այդ՝ կառավարությանը սեփական բաժնետոմսերի «կամավոր» նվիրաբերությամբ էին հանդես եկել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ու «Լիդիան Արմենիայի» սեփականատերերը։ Այս անգամ խոսքը «ՄՏՍ Հայաստանի» մասին էր, որի ակտիվները մի քանի ամիս առաջ գնել էր կիպրական ընկերությունը՝ հետագայում այն վերանվանելով «Վիվա Արմենիայի»։

Գնելուց շատ չանցած՝ նոր սեփականատերը որոշեց ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը, «սեփական կամքով», նվիրել կառավարությանը։

Թե ո՞րն էր այդ մեծահոգության պատճառը, այդպես էլ գաղտնի մնաց։ Չնայած դեռ այն ժամանակ շատերն այս ամենի տակ մութ պատմություններ էին տեսնում։

Կառավարությունը գոհունակությամբ ընդունեց անհատույց տրված նվերը։ Նիկոլ Փաշինյանն էլ առիթը բաց չթողեց այն ներկայացնել՝ որպես ժողովրդի կյանքում արձանագրված հերթական կարևոր ձեռքբերումը։ Կառավարության նիստում հայտարարեց, թե սրանով ժողովուրդը, ի դեմս կառավարության, այս ռազմավարական ոլորտում մասնակցություն ու ներկայություն ունենալու հնարավորություն է ստանում։ Բայց դա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չի լինելու։

Կարդացեք նաև

«Կարծում եմ, որ, ընդհանրապես, մենք պետք է ընկերություններին խրախուսենք, որպեսզի քաղաքացիների և բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունն ապահովվի ընկերությունների կառավարման գործում։ Այս առումով ուզում եմ ընդգծել հատկապես հեռահաղորդակցությունը և էլի մի շարք ռազմավարական ոլորտներ»,- «Վիվա Արմենիայի» բաժնետոմսերը ստանալուց հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունն այս նվիրատվությունն ընդունելով՝ նաև այլ ընկերությունների է ուղերձ հղում, որպեսզի թափանցիկություն ապահովեն։ Կառավարության ղեկավարը հատուկ զգուշացրեց, որ եթե հորդորները չազդեն, պետք է գնալ օրենսդրական մեխանիզմների։

Հավանաբար այս հորդորների ու զգուշացումների շրջանակներում են տեղավորվում նաև ՀԷՑ-ի շուրջ սկսված պրոցեսները։ Ժամանակին եղան տեղեկություններ, որ կառավարությունն աչք ունի ընկերության վրա ու հորդորել է, որպեսզի ՀԷՑ-ի սեփականատերերն էլ փայ հանեն կառավարության համար։ Բայց քանի որ սեփականատերերը հրաժարվել են կատարել «գերագույնի» կամքը, դրանից հետո էլ սկսվեցին այն խարդավանքները, որոնք հիմա տեղի են ունենում ՀԷՑ-ի շուրջ։

Սա, իհարկե, այլ պատմություն է, որը կապ չունի «Վիվա Արմենիայի» հետ։ Սակայն, ըստ էության, նույն շղթայի օղակներից մեկն է։

Ժամանակին «Վիվա Արմենիայում» 20 տոկոս բաժնեմաս ստանալը Նիկոլ Փաշինյանը կարևորում էր նրանով, որ ժողովուրդն այս ռազմավարական ոլորտում ներկայություն ու մասնակցություն ունենալու հնարավորություն է ստացել։ Բայց դրանից մեկուկես տարի հետո կառավարությունը որոշել է ժողովրդին զրկել այդ հնարավորությունից։

Չնայած, ինչպես մինչ այդ, այնպես էլ «Վիվա Արմենիայի» բաժնետոմսերը ստանալուց հետո, ժողովրդի կյանքում ոչինչ չփոխվեց։ Ուղղակի ժամանակին դա առիթ էր Նիկոլ Փաշինյանի համար ժողովրդահաճո հայտարարություններ անելու ու ժողովրդի ականջներին հերթական լապշան կախելու համար։ Պատահական չէ, որ նման բարձրագոչ հայտարարություններից շատ չանցած՝ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ընկերության, կամավորության սկզբունքով, իրեն նվիրաբերած բաժնետոմսերը վաճառքի միջոցով վերադարձնել նախկին սեփականատիրոջը։

Հարց է ծագում՝ ինչո՞ւ նվիրեցին, որ հիմա պիտի հետ գնեն։ Ավելորդ 50 մլն դոլար ունեի՞ն կառավարությանը տալու։

Այս հարցերի պատասխանները հայտնի չեն, բայց դրանց տակ են թաքնված այն մութ պատմությունները, որոնք վերջին տարիներին շրջանառվում են կառավարության կուլիսներում՝ որոշ ընկերությունների բաժնետոմսերի նվիրաբերումների հետ կապված։ Կառավարությունը «Վիվա Արմենիայի» բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրատվություն ստացավ այն բանից հետո, երբ համաձայնություն տվեց, որպեսզի կիպրական ընկերությունը կարողանա ռուսականից գնել այդ ակտիվը։

Առաջին փորձի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել էր վաճառքի թույլտվությունը՝ այն պատճառաբանությամբ, որ դա կարող է վնասել Հայաստանի ազգային անվտանգությանն ու պետական շահերին։ Ընդամենը 6 ամիս անց, պարզվեց՝ այդ վտանգը վերացել է։ Նույն գնորդին, որի հետ կապված անվտանգային խնդիրներ էին տեսում, թույլ տվեցին գնել հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ընկերություններից մեկը, կարծես նախկինում ոչինչ էլ չէր եղել։

Այդպես էլ որևէ պարզաբանում չտվեցին, թե ինչ փոխվեց այդ 6 ամսվա ընթացքում։

Դրանից շատ չանցած կառավարությունն ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսի չափով նվեր ստացավ։ Այդ նվերն է, որը հիմա մտադիր են 50 մլն դոլարով վերադարձնել նախկին սեփականատիրոջը։ Այս ամենը մի տեսակ «օրինական կաշառքի» տպավորություն է թողնում։ Մեկուկես տարի առաջ ստացած նվերն ուզում են վաճառել նվիրատուին։ Չնայած պատրաստվում են գումարն ապառիկով ստանալ։ Կառավարությանը նվիրաբերված բաժնետոմսերի դիմաց, այդ բաժնետոմսերի նախկին սեփականատերը կարող է վճարումը կատարել մինչև 2028թ. կեսերը։

Ինչ անուն էլ փորձի տալ սրան կառավարությունը, ակներև է, որ, այսպես կոչված՝ կամավոր նվիրատվությունների տակ մութ պատմություններ են թաքնված, որոնք լուրջ վտանգներ են ստեղծել տնտեսության, ներդրումների ու Հայաստանում սեփականատիրական իրավունքի պաշտպանության համար։ Ոչ մի սեփականատեր, լինի մեծ թե փոքր՝ ոչնչով պաշտպանված չէ իշխանությունների հարձակումներից, ահաբեկումներից, կամայականություններից ու ճնշումներից։

Դժվար է հավատալ նրան, որ խոշոր ընկերությունների սեփականատերերը, առանց ճնշումների, կարող են իրենց սեփականության մի մասը կամավոր նվիրել կառավարությանը, իսկ կարճ ժամանակ անց մի քանի տասնյակ միլիոն դոլարով հետ գնել։ Եթե սրան հավատացողներ կան, թող հավատան։ Բայց նման բաներ հենց այնպես չեն լինում։

Այս ամենի մեջ խնդիրը բնավ էլ միայն անհատի սեփականության իրավունքի ոտնահարումը չէ, այն վտանգում է երկրի ամբողջ տնտեսական մթնոլորտը։ Ցանկացած նման փաստ ահազանգ է մյուսների համար, որ վաղն իրենք էլ կարող են հայտնվել նման ճնշումների տակ։ Այն, ինչ հիմա կատարվում է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի բիզնեսների հետ, դրա վառ օրինակն է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս