
Կլիմայի փոփոխությունն ավելացրել է դենգեով հիվանդացությունը

Խաղաղ օվկիանոսի կղզիներում դենգե տենդով հիվանդացությունը հասել ամենաբարձր մակարդակին վերջին տասնամյակի ընթացքում, իսկ մի քանի երկրներ հայտարարել են արտակարգ դրություն: Հիվանդացածների կտրուկ աճի պատճառը կլիմայական ճգնաժամն է: Այդ մասին հաղորդում է The Guardian-ը:
Դենգե տենդը, որը Aedes մոծակների կողմից տարածվող վիրուսային վարակ է, առաջացնում է բարձր ջերմություն, սաստիկ գլխացավ, հոդերի և մկանների ցավ, ցան և ծանր դեպքերում կարող է հանգեցնել մահվան: Տապը և բարձր խոնավությունն ստեղծում են կատարյալ պայմաններ մոծակների բազմացման համար:
Համաճարակաբանական հսկողության խաղաղօվկիանոսյան համակարգի (PSSS) տվյալներով, որը համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ, 2025 թվականի սկզբից Խաղաղ օվկիանոսի կղզի պետություններում գրանցվել է դենգեի 16 502 հաստատված դեպք և 17 մահ: ԱՀԿ-ն հայտարարել է, որ տարածաշրջանում հիվանդացության մակարդակը հասել է առավելագույնի 2016 թվականից ի վեր: Առավել տուժածների շարքում են Ֆիջին, Սամոան և Տոնգան:
Խաղաղօվկիանոսյան համայնքի (SPC) գլխավոր տնօրենի տեղակալ Պաուլա Վիվիլին հայտարարել է, որ դենգե տենդի բռնկումները պատմականորեն սեզոնային են եղել:
«Սակայն կլիմայի փոփոխության պատճառով վիրուսի փոխանցման սեզոնները երկարում են, և որոշ շրջաններում հիվանդանալու ռիսկը պահպանվում է կլոր տարի», – ասել է նա։
Դենգեն առաջին իրական հիվանդություններից մեկն է, որը կարելի է վերագրել կլիմայի փոփոխության հետևանքներին, կարծում է համաճարակաբան և Վաշինգտոնի համալսարանին կից Ազդեցության, հիվանդությունների, գենոմիկայի և շրջակա միջավայրի կենտրոնի տնօրեն Ջոել Կաուֆմանը։
«Հորդառատ անձրևները նպաստում են ջրամբարներում ջրի անշարժացման՝ ստեղծելով մեծ հնարավորություններ մոծակների բազմացման համար», – պարզաբանել է նա։
Դենգեն համարվում է այն հիվանդություններից, որոնք կդառնան ավելի տարածված և ավելի լուրջ մոլորակի տաքացմանը զուգընթաց, համոզված է Կաուֆմանը: