
Ինչպե՞ս խաղաղեցնեմ միտքս

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան, Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ
«Միտքդ խաղաղեցնելու համար պետք է կատարես մի քանի կարևոր քայլ: Աղոթքը երբեք չպետք է դադարի քո շուրթերից: Պետք է բարելավես ինքնավստահությունդ, վստահ լինես, որ ամեն դեպքում խնդիրը լուծվելու է դրական տրամադրվածությամբ: Պետք է ունենաս վստահություն Աստծո նկատմամբ, որ Տերը երբեք թույլ չի տա, որ քո նկատմամբ վատ բան լինի: Մի դրվագ կա Սուրբ Գրքում:
Աշակերտները Քրիստոսի հետ միասին նավարկում էին, և փոթորիկ եղավ, աշակերտները վախեցած արթնացրին Քրիստոսին: Նա խաղաղեցրեց նրանց միտքը և փոթորիկը: Հարցրեց, թե ինչո՞ւ են թերահավատ: Հավատացե՛ք, վստահե՛ք Աստծուն և մի՛ վախեցեք: Մենք էլ այս նույն մոտիվացիայով պետք է առաջնորդվենք՝ չվախենանք, կարողանանք բարելավել մեր վստահությունը և կառավարենք մեր մտքերը»:
Տեր Զենոն քահանա Բարսեղյան, Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ
«Մտքերը պետք է խաղաղեցնել Քրիստոսով: Եփրեմ Ասորին ասում է, երբ որ հագուստի պարկը դնես մի անկյուն ու չկարևորես այն, ցեցը կուտի այդ հագուստը: Նույն կերպ, եթե այդ մտքերը չկարևորենք, դրանք մեզ չեն խանգարի ապրել, դրանք կխաղաղվեն Քրիստոսով: Հայրերից մեկը հրաշալի խոսք ունի, ասում է, մի՛ մտածիր մեղքի մասին: Երբ դու մտածում ես մեղքի մասին, Աստծո մասին մտածելու ժամանակ չունես: Մենք պետք է սովորենք մտածել Աստծո մասին: Երբ մենք մտածեցինք Աստծո մասին, կլինենք Աստծո ներկայության մեջ, և մեր մտքերը կլինեն Տիրոջով խաղաղված»:
Տեր Պարթև քահանա Մուրադյան, Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ
«Իրական հավատքից բխող աղոթքը հրաշքին հավասար զորություն ունի: Եթե դու ուզում ես, որ քո միտքը խաղաղ լինի, քո կյանքում քեզ պետք է ուղեկից լինի աղոթական վիճակը: Աղոթքով կարող ես և՛ միտքդ, և՛ հոգիդ միշտ խաղաղ պահել: Փոթորկվող աշխարհում շատ կլինեն խռովությունները, սակայն դու կարող ես իրական հավատքից բխող աղոթքով խաղաղեցնել միտքդ»: