Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը թռչում դիվանագիտական անձնագրով. ԱԳՆ-ն լռում է
2018թ. սեպտեմբերի վերջին «Հրապարակ» օրաթերթը հրապարակեց 254 անձի անուն, որոնց դիվանագիտական անձնագրերն իշխանության գալուց անմիջապես հետո հետ կանչեց փաշինյանական իշխանությունը:
Այդ ցուցակը, ի դեպ, վերատպել էր նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը:
Ցանկը, սակայն, պարզվեց՝ հանված է ինչպես սկզբնաղբյուր կայքից, այնպես էլ «Հայկական ժամանակի» էլեկտրոնային տարբերակից:
Այդ ցուցակում էին ինչպես ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների ու նրանց ընտանիքի անդամների, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անունները, այնպես էլ, օրինակ, նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանի, Հովիկ Աբրահամյանի, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի, գրող Զորի Բալայանի, Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի, Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի, առողջապահության նախկին նախարարներ Հարություն Քուշկյանի, Լևոն Ալթունյանի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հոր՝ Գեղարքունիքի թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանի անունները, և այլն:
Սրանից երկու տարի անց Արտաքին գործերի նախարարությունից 168.am-ին տեղեկացրել էին, որ 2018թ․ մայիսից մինչ 2020թ. սեպտեմբեր ՀՀ ԱԳՆ-ն տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր, որոնցից 764-ին դիվանագիտական անձնագիրը տրամադրվել է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով (ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ներգրավված անձինք, օտարերկրյա պետությունում նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներ, պետական պաշտոն զբաղեցնող և օրենքով անհատապես սահմանված այլ անձինք)», իսկ 19-ը՝ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ:
Այդ ժամանակ 168․am-ը խնդրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին՝ տեղեկատվություն տրամադրել, թե ստորև նշված անձանցից ովքե՞ր են ստացել և ունեն դիվանագիտական անձնագիր։
«Դիվանագիտական անձնագրեր ունե՞ն արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, դուստր Մարիամ Փաշինյանը, որդի Աշոտ Փաշինյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը և նրա տիկինը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը և նրա տիկինը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նրա տիկին Գոհար Աբաջյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու նրա տիկին Մարիամ Պահլավունին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա կին Մարիամ Մարգարյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և նրա ամուսին Նարեկ Բաբայանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ՍԴ նախագահն ու անդամները։ Եվս մեկ անգամ խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել, թե այս գործիչներից և անձանցից կոնկրետ ովքեր ունեն դիվանագիտական անձնագիր»,- նման հարց էինք ուղղել ժամանակին ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին։
Ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակը հստակ պատասխան չէր տվել, սակայն, ըստ էության, հաստատել էր մեր տեղեկությունը՝ նշելով․
«Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի՝ ի թիվս այլ պաշտոնատար անձանց, դիվանագիտական անձնագրեր տրվում են ՀՀ ԱԺ պատգամավորներին, ՀՀ Վարչապետին, ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին, ՍԴ դատավորներին: Համաձայն նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ դիվանագիտական անձնագրեր տրվում են նաև ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին»: Հավելել էին, որ մեր հարցման մեջ նշված անձանց շարքից դիվանագիտական անձնագրեր ունեն բացառապես օրենքի վերոնշյալ կետում նշված պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները։
Անցավ ևս երկու տարի, և ԱԳՆ-ն իսպառ փակեց անգամ գրավոր հարցմամբ դիվանագիտական անձնագրերի մասին տեղեկություն ստանալու ցանկացած փորձ:
Շուրջ մեկ ամիս առաջ 168.am-ը խիստ հավաստի աղբյուրներից տեղեկացավ, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արտասահման է մեկնում դիվանագիտական անձնագրով: Տիգրան Ավինյանն այժմ որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում, իսկ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը ոչ մի կերպ չի տեղավորվում «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի տրամաբանության մեջ:
168.am-ը ՀՀ ԱԳՆ գրավոր հարցում ուղարկեց: Ցանկացել էինք իմանալ՝ արդյո՞ք ՀՀ քաղաքացի, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ունի դիվանագիտական անձնագիր, և եթե այո, ի՞նչ հիմքով:
ԱԳՆ-ից ստացել էինք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման (մուտքագրվել է հունիսի 8–ին)՝ տեղեկացնում ենք, որ տվյալ տեղեկությունը ենթական է գաղտնագրման՝ ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին ԱԳ նախարարի Հր․ 1002–Ն հրամանի հավելվածի 11–րդ կետի համաձայն»
Մենք փորձեցինք ԱԳՆ-ից ճշտել, թե ԱԳ նախարարի՝ նշված հրամանը երբ է տրվել, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները, սակայն, նշում են, որ հրամանի թիվն ինքնին հուշում է, որ այն տրվել է տարեսկզբին:
Այսինքն՝ ԱԳՆ-ի խոսուն լռությունից կարելի է եզրակացնել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունում աջուձախ դիվանագիտական անձնագիր են բաժանում: Ավինյանի պարագայում, ըստ ամենայնի, այն չեն էլ վերցրել: