Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ու մտերիմները ստացե՞լ են դիվանագիտական անձնագրեր․ ինչո՞ւ են իշխանությունները գաղտնի պահում նման անձնագիր ստացած անձանց շրջանակը

ՀՀ իշխանությունները համառորեն չեն բացահայտում վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ում դիվանագիտական անձնագիր ստացած անձանց շրջանակը։ Սա առնվազն տարակուսելի է՝ հաշվի առնելով այն սկանդալը, որը բարձրացրել էին հենց իրենք ՀՀ-ում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխական իրադարձություններից հետո, հայտարարելով ԱԳՆ-ում աննախադեպ կոռուպցիոն դրսևորումների բացահայտման, մեծ թվով անձանց ստացած դիվանագիտական անձնագրերի, հոռի երևույթների և դրանք շուտափույթ վերացնելու անհրաժեշտության մասին։

Այդ օրերին նրանք վստահեցնում էին, որ այն անձինք, որոնք տրամաբանորեն չպետք է ունենան դիվանագիտական անձնագրեր, չեն ունենա։ Միևնույն ժամանակ տարբեր ԶԼՄ-ներով հրապարակվում էին ցուցակներ, թե նախկին իշխանություններն ում էին «շռայլել» դիվանագիտական անձնագրեր, կամ ովքեր էին զրկվել դրանցից, այդ թվում՝ նախկին ղեկավարներ, նրանց ընտանիքի անդամներ, վարչապետներ, առաջին տիկիններ, գործարարներ, պատգամավորներ և նրանց կանայք, սպորտսմեններ, սփյուռքում գործող գործարարներ, հեղինակավոր անձինք և այլք։

Թերևս, բոլորս ենք հիշում, թե ինչպիսի աղմուկ բարձրացավ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանի ստացած դիվանագիտական անձնագրի շուրջ։ Այդ շրջանում թեժ քննարկումներ էին ծավալվում՝ արդյո՞ք մեծանուն հայերը, հեղինակավոր անձինք պետք է ունենան դիվանագիտական անձնագիր, թե՞ ոչ, և չնայած հասարակության կարծիքներն այս դեպքում հայ ֆուտբոլասերների կուռք Հենրիխ Մխիթարյանի օգտին էին, այնուամենայնիվ նրանից հեղափոխական իշխանությունները վերցրեցին դիվանագիտական անձնագիրը:

Ինչևէ, հայտնի է, որ դիվանագիտական անձնագրեր շնորհելը սահմանված է օրենքով և ամրագրված է, թե որ պաշտոնյաները և նրանց հետ փոխկապակցված անձինք կարող են ունենալ դիվանագիտական անձնագիր:

«Այս պահի դրությամբ 100-ից ավելի դիվանագիտական անձնագիր վերադարձվել է, 254-ը` չեղարկվել»,- այն ժամանակ ասել էր ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակը:

Ովքե՞ր իրավունք ունեն ստանալ դիվանագիտական անձնագիր

Ուշագրավ է, որ օրենքը հնարավորություն տալիս է բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ընտանիքների անդամներին դիվանագիտական անձնագրեր շնորհել, մինչդեռ, հեղափոխությունից հետո դիվանագիտական անձնագրերի շուրջ բռնկված աղմուկի ֆոնին բազում հարցադրումներ էին հնչում, թե ինչու են «Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները՝ երեխաներով, թոռներով հանդերձ, ստացել դիվանագիտական անձնագիր», այդ թեման ամենաշահարկվողներից մեկն էր։ «ՀՀ Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի համաձայն, «Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին և նրանց ընտանիքների անդամներին, Հանրապետության պաշտոնաթող նախագահին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորներին, Կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարներին, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, արտաքին գործերի նախարարությունում և դրան ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց՝ ծառայողական գործուղումների նպատակով, օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագիտական ներկայացուցիչներին, դիվանագետներին, սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-6-րդ մասերում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին՝ ամուսնուն և մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող զավակներին, նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս: Սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձանց դիվանագիտական անձնագիր տրվում է վարչապետի թույլտվությամբ»:

ՀՀ ԱԳՆ-ի՝ դիվանագիտական անձնագրերի ներկայիս թվաբանությունը

Պարզվում է, որ վերջին երկու տարվա ընթացքում քիչ չեն ՀՀ-ում դիվանագիտական անձնագիր ստացած անձինք, ավելին, դիվանագիտական անձնագիր ստացած անձանց թիվը հասնում է մի քանի հարյուրի։

Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի, 2018թ․ մայիսից մինչ օրս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր, որոնցից 764-ին դիվանագիտական անձնագիրը տրամադրվել է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով (ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ներգրավված անձինք, օտարերկրյա պետությունում նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներ, պետական պաշտոն զբաղեցնող և օրենքով անհատապես սահմանված այլ անձինք)», ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչ օրս ՀՀ վարչապետի թույլտությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր (ընդ որում, օրենքում անհատապես չնշված, բայց բոլոր դեպքերում պետական ծառայության հետ առնչվող գործունեության բերումով): Ավելին, նրա փոխանցմամբ, այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից ավելի քան 90 տոկոսով նվազ է:

«Այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ։ 2018թ. մայիսից մինչ օրս ԱԳՆ-ն, ղեկավարվելով 50-րդ հոդվածով, 425 դիվանագիտական անձնագիր հայտարարել է անվավեր»,- նշել էր ԱԳՆ խոսնակն իր ֆեյսբուքյան պարզաբանման մեջ։ Ներկայացված այս թվերը բազում հարցեր են առաջացնում, որոնք ակտիվորեն շրջանառվում են ինչպես մամուլում, այնպես էլ համացանցային հարթակներում, հատկապես, երբ ԱԳ նախարարությունը հրաժարվում է ներկայացնել այն անձանց ցանկը, որոնք դիվանագիտական անձնագիր են ստացել հենց այս իշխանության օրոք։

ՀՀ վարչապետի ընտանիքն ու շրջապատը ստացե՞լ են արդյոք դիվանագիտական անձնագիր

Մենք մեր կողմից թվաբանություն չենք ներկայացնում, սակայն որպես լրատվամիջոց՝ փորձում ենք մոտավոր պատկերացում կազմել դիվանագիտական անձնագիր ստացած անձանց շրջանակի մասին՝ հանրությանը ներկայացնելու համար, թե ինչպես է կոռուպցիան հաղթահարվել ԱԳՆ-ում, եթե այն իսկապես եղել է 2018-ից առաջ։ 168․am-ը խնդրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին՝ տեղեկատվություն տրամադրել, թե ստորև նշված անձանցից ովքեր են ստացել և ունեն դիվանագիտական անձնագիր։ «Դիվանագիտական անձնագրեր ունե՞ն արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, դուստր Մարիամ Փաշինյանը, որդի Աշոտ Փաշինյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը և նրա տիկինը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը և նրա տիկինը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նրա տիկին Գոհար Աբաջյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու նրա տիկին Մարիամ Պահլավունին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա կին Մարիամ Մարգարյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և նրա ամուսին Նարեկ Բաբայանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ՍԴ նախագահն ու անդամները։ Եվս մեկ անգամ խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել, թե այս գործիչներից և անձանցից կոնկրետ ովքեր ունեն դիվանագիտական անձնագիր»,- նման հարց էինք ուղղել Աննա Նաղդալյանին։ Ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակը հստակ պատասխան չի տվել՝ նշելով միայն․ «Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի՝ ի թիվս այլ պաշտոնատար անձանց, դիվանագիտական անձնագրեր տրվում են ՀՀ ԱԺ պատգամավորներին, ՀՀ Վարչապետին, ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին, ՍԴ դատավորներին: Համաձայն նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ դիվանագիտական անձնագրեր տրվում են նաև ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին:

Ձեր հարցման մեջ նշված անձանց շարքից դիվանագիտական անձնագրեր ունեն բացառապես օրենքի վերոնշյալ կետում նշված պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները։ ՀՀ ԱԳՆ-ն հանձնառու է վերոնշյալ օրենքի դրույթների խստագույն պահպանման»։ Վերոնշյալ հարցը պատահական չէինք ուղղել ՀՀ ԱԳՆ-ին, հաշվի առնելով թեմայի նկատմամբ հանրային մեծ ուշադրությունը, հեղափոխական իշխանության թափանցիկ գործելակերպի մասին հավաստիացումները և տարատեսակ հաշվարկները։ Ի դեպ, այստեղ պատահական չէր ընտանիքի անդամներին տրված դիվանագիտական անձնագրերի մասին հարցումը, քանի որ նախկին իշխանությունները մեղադրվում էին ընտանիքի անդամներին դիվանագիտական անձնագրեր «շռայլելու» մեջ, այնինչ օրենքին տրված հղումները ցույց են տալիս, որ դա օրենքի շրջանակում է, և նույնիսկ դա հստակորեն չեն հաստատում իշխանությունները։

Փորձում էինք հասկանալ և ընթերցողին ներկայացնել, թե այս հարցում որակապես ինչպե՞ս է փոխվել ՀՀ ԱԳՆ աշխատանքը, և ինչպե՞ս է ընտրվում այն անձանց շրջանակը, որոնք ստանում են դիվանագիտական անձնագրեր, ի՞նչ կապ ունեն նրանք ընդհանրապես դիվանագիտական ծառայության հետ, կամ արդյո՞ք ՀՀ վարչապետի ընտանիքի անդամներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք ունեն դիվանագիտական անձնագրեր։ Արդյո՞ք ՀՀ վարչապետի ընտանիքի բոլոր անդամներն ունեն դիվանագիտական անձնագիր, հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով մեր բազմաթիվ զանգերը ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն անպատասխան թողեց։ Մենք շարունակելու ենք այս հարցով դիմել համապատասխան պաշտոնյաներին։ Սակայն հարկ է ընդգծել, որ այս՝ հեղափոխական իշխանության օրոք դիվանագիտական անձնագիր ստացած անձանց անվանացանկը գաղտնի պահելը ենթադրությունների տեղիք է տալիս՝ արդյո՞ք դիվանագիտական անձնագրերը պարզապես չեն վերցրել նախկին պաշտոնյաներից ու նրանց ընտանիքի անդամներից և տրվել այս իշխանության յուրայիններին, նրանց փոխկապակցված անձանց, ու ոչ մի «կոռուպցիա» էլ չի հաղթահարվել, այլապես իշխանությունները կցանկանային վստահեցնել հանրությանը՝ ժողովրդին, հպարտ քաղաքացուն, որ ոլորտում համակարգային փոփոխություններ են իրականացրել։

Տեսանյութեր

Լրահոս