Ալեն Սիմոնյանն այդպես էլ չասաց՝ այսօ՞ր էլ է Ակնան (Աղդամը) համարում իր հայրենիքը, թե՞ ոչ
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հիշեցրեցին, որ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ ինքը Ակնայում նկարվել էր և գրառմանը կից գրել. «Բերքաբեր Արցախը: Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է…», այսօր Ակնան իր հայրենիքը չի՞ համարում։
«Տեսեք, Կարսում ծնվել է իմ տատիկը, և Կարսն ինչ-որ չափ իմ հայրենիքն է, որովհետև իմ տատերը, պապերը Կարսից են։ Եվ համեմատել իրավիճակը մինչ պատերազմը և պատերազմից հետո, ֆեյսբուքյան տրամաբանության մեջ , թե՝ այ, դու այս ինչ ժամանակ էս ինչ ես ասել, էն ինչ ես ասել…
Գիտեք ինչ, ամեն ժամանակ, ամեն իրավիճակ քաղաքականություն է, և աշխարհում իրավիճակ է փոխվում…
Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում, հատկապես վերջին տարիներին փորձել է հանրությանն այդ միտքն ասել, որ իրենք բանակցել են այն բանի մասին, որ Արցախն այլևս բանակցային առումով չեն կարող դուրս բերել։ Նա ասում էր, որ կուզի, որ ադրբեջանցի երեխաները գան այստեղ ապրեն։ Կամ, որ ասում էր՝ մարտավարական առումով այդ 800 հեկտարը նշանակություն չունի»,- վարպետորեն խուսափեց պատասխանել բուն հարցին Ալեն Սիմոնյանը և անցավ հին ու արդեն մաշված մեղադրանքներին:
Լրագրողի համառ պնդմանը՝ պատասխանել բուն հարցին՝ Աղդամն իր հայրենի՞քն է, թե՞ ոչ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նրա հարցերին այլևս չի պատասխանելու։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցին, Ալեն Սիմոնյանը նորից փոխանցեց իր տրամադրվածությունը, որ նպատակ ունի այդ հարցով դիմելու ԱԺ խորհրդին, ընդհանուր առմամբ որոշում չկա։
«Կարծում եմ՝ չի կարելի՝ երբ ուզեն՝ գան նիստի, երբ ուզեն՝ ոչ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։