5 տարի տևած ոդիսականի ավարտը. 2018թ. իշխանափոխությունից հետո ազատ արձակված «Սասնա ծռերը» վերադարձվեցին քրեակատարողական հիմնարկներ

2021թ. փետրվարի 24-ին՝ շուրջ 5 տարի տևած դատավարությունից հետո, Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակեց 2016 թվականին Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման գործով մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 առանցքային անդամների դատական վճիռները։

Հիշեցնենք՝ գնդի գրավման ժամանակ երեք ոստիկաններ էին սպանվել։ Երկու ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մահվան համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման, և դատարանն անփոփոխ էր թողել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Իսկ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահվան համար մեղադրվող Արմեն Բիլյանն արդարացվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Դատավոր Մեսրոպ Մակյանը, այդ ժամանակ, դիմելով սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կնոջը՝ Հասմիկ Ոսկանյանին, ասել էր, որ Արմեն Բիլյանի մեղքը հիմնավորելու համար սպառվել են ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները։

Դատարանը, սակայն, Բիլյանին մեղավոր էր ճանաչել մյուս արարքներում՝ վերջնական պատիժ նշանակելով 4 տարի 11 ամսով ազատազրկումը: Մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը Բիլյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Շուրջ երկու շաբաթ ոստիկանության Երևանի պարեկապահակակետային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի մյուս անդամներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Մխիթարյանը, Գագիկ Եղիազարյանն ու Արեգ Կյուրեղյանը դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման, էդուարդ Գրիգորյանը՝ 6, իսկ Սեդրակ Նազարյանը՝ 8 տարվա։ Մահվան հիմքով դադարեցվեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

Ի դեպ, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Պավել Մանուկյանը դատական նիստերի ընթացքում նշել էր, որ Արմեն Բիլյանը չի սպանել ոստիկան Գագիկ Մկրտչյանին:

Դատարանի վճիռը, բնականաբար, բողոքարկվեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, և նույն՝ 2021թ. դեկտեմբերի 10-ին արդեն հրապարակվեց Վերաքննիչ դատարանի վճիռն այս գործով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը և մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը:

Դատարանը որոշում կայացրեց միայն ամբաստանյալ Արմեն Բիլյանի մասով որոշումը բեկանել և փոփոխել: Դատարանը որոշեց Բիլյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 11-րդ կետերով նախատեսված հանցագործությունների մեջ և դատապարտել ազատազրկման 25 տարի ժամկետով: Բիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:

Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7  տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝  7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Այս վճիռը ևս բողոքարկվեց վերադասության կարգով, և ահա այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Վերաքննիչի բողոքը:

Առավոտից Ազգային ժողովրդավարական բևեռի վերափոխված «Սասնա ծռեր» խմբի և արդեն խմբից դուրս եկած անդամների պաշտպաններն ու համակիրները «գուժում են» այն մասին, որ իրենց բնակության վայրերից խմբի 10 անդամները տարվում են քրեակատարողական հիմնարկներ:

Այս առնչությամբ Դատական դեպարտամենտը հայտարարություն տարածեց:

«Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ հայտնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը 26.05.2022 թվականին մտել է օրինական ուժի մեջ: Հետևաբար՝ 27.05.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով»,- ասված էր Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, Պավլիկ Մանուկյանը մինչև վերջ էլ շարունակում էր պնդել, թե Գագիկ Մկրտչյանին սպանողը Արմեն Բիլյանը չէ, անգամ կարծես իր աներձագին՝ Մխիթար Ավետիսյանին մեղադրեց այդ արարքը կատարելու մեջ:

Իսկ խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը 2021թ. դեկտեմբերին և 2022թ. հունվարին հանդես եկավ հրապարակումներով, որոնցում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին կոչ արեց Արմեն Բիլյանի՝ «սպանության» համար դատապարտումից հետո պատասխանատվությունից չխուսափել, ինչպես նաև ասաց, որ Արմեն Բիլյանի նկատմամբ աղաղակող անարդարության հարցում վերջ է դնում հրապարակային լռությանը և կեղծիքը պարտակելու մեջ մեղադրում նրա նախկին զինակիցների ղեկավարներին:

«2016թ հուլիսի 17-ին, ՊՊԾ գնդի գրավման առաջին պահերին Մկրտչյանը վիրավորվել էր թևից, իսկ մեկ ամիս անց մահացել հիվանդանոցում… որովայնից ստացած վերքերից առաջացած արյան թունավորումից…: Ինքնին խիստ կարևոր հարց է, թե ինչպե՞ս է պատահում, որ մարդը, ով ընդամենը թևից է վիրավորվել ու սեփական ոտքերով հարյուրավոր մետրեր քայլելով դուրս եկել գնդի տարածքից, մի ամիս անց մահանում է որովայնից ստացած վերքերից առաջացած բարդությունից:

Բայց Արմեն Բիլյանի հարցն առաջին հերթին նույնիսկ դրա հետ կապ չունի: Արմենին վերաբերող հարցն այն է, որ ո’չ միայն նա չի եղել Մկրտչյանին վիրավորողը, ո’չ միայն նա որևէ կապ չի ունեցել այդ դեպքի հետ, այլ այդ մասին գիտեն բոլորը՝ խմբի անդամները, քննիչները, դատախազությունը և այլն: Ավելին. նրանք գիտեն իսկական կրակողի ինքնությունը»,- գրել էր Ենիգոմշյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։

Հիշեցնենք նաև, որ 2018թ. իշխանափոխությունից հետո խմբավորման անդամներն ազատ էին արձակվել: Քրեակատարողական հիմնարկում էր գտնվում միայն Սմբատ Բարսեղյանը, իսկ 2021թ. դեկտեմբերի 10-ից հետո՝ նաև Արմեն Բիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս