Արմեն Բիլյանի նկատմամբ աղաղակող անարդարության հարցում վերջ եմ դնում հրապարակային լռությանս և կեղծիքը պարտակելու մեջ մեղադրում նրա նախկին զինակիցների ղեկավարներին. Ալեք Ենիգոմշյան
Արմեն Բիլյանի անարդարորեն 25 տարվա բանտարկության դատապարտման հարցը, անձնային առումով, մի մարդու ճակատագրի և նրա միայնակ ու հիվանդ մոր ու հիվանդ քրոջ ողբերգության հարցն է: Բայց կոնկրետ անձերի վերաբերող ծանրագույն այդ հանգամանքից բացի, և գուցե դրանից էլ առաջ, այս հարցն արդարության, սկզբունքայնության և բարոյականության հարց է:
Ու այս խոսքի առաջին հասցեատերը ոչ միայն «իրավապահ» ու «արդարադատ» մարմիններն են, այլեւ, ու նրանցից էլ ավելի, Արմենի նախկին զինակիցները՝ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբավորման ղեկավարները: Արմենը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար: 2016թ հուլիսի 17-ին, ՊՊԾ գնդի գրավման առաջին պահերին Մկրտչյանը վիրավորվել էր թեւից, իսկ մեկ ամիս անց մահացել հիվանդանոցում … որովայնից ստացած վերքերից առաջացած արյան թունավորումից… : Ինքնին խիստ կարեւոր հարց է, թե ինչպե՞ս է պատահում, որ մարդը, ով ընդամենը թեւից է վիրավորվել ու սեփական ոտքերով հարյուրավոր մետրեր քայլելով դուրս եկել գնդի տարածքից, մի ամիս անց մահանում որովայնից ստացած վերքերից առաջացած բարդությունից:
Բայց Արմեն Բիլյանի հարցն առաջին հերթին նույնիսկ դրա հետ կապ չունի: Արմենին վերաբերող հարցն այն է, որ ո’չ միայն նա չի եղել Մկրտչյանին վիրավորողը, ո’չ միայն նա որեւէ կապ չի ունեցել այդ դեպքի հետ, այլ այդ մասին գիտեն բոլորը՝ խմբի անդամները, քննիչները, դատախազությունը եւ այլն: Ավելին. նրանք գիտեն իսկական կրակողի ինքնությունը:
Թե ինչո՞ւ ամբողջ ճշմարտությունն իմանալով հանդերձ, «մեղադրող» կողմը 2016թ-ից մինչեւ այսօր համառորեն քավության նոխազ է դարձրել Արմենին, նույնիսկ առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվելուց հետո նա նորից է մեղադրվել ու 25 տարով դատապարտվել, կարեւորագույն հարց է, որի պատասխանը պետք է գտնվի: Բայց դրանից էլ կարեւոր և պատասխանի սպասող հարց է այն, թե ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանն ու խմբի 1-2 ղեկավարները համառորեն պարտակում են ճշմարտությունը, ոչինչ չեն անում անարդարությունն ուղղելու, ու դրանով դառնում «իրավապահ» հանցագործ համակարգի հանցակիցները:
Կարծես դա բավարար չլիներ, նրանք կեղծիքի զոհ և քավության նոխազ Արմեն Բիլյանի անվան շուրջ դեռ 2018թ-ից կարել են «ընկեր վաճառողի» և «ռեժիմի հետ գործարքի գնացածի» հագուստ: Երբ, 2018թ օգոստոսին, Արմենի հարցով Ժիրայրի և խմբի անդամների հետ անպտուղ քննարկումներից հետո (քննարկումներ՝ որոնցից ես անտեղյակ եմ եղել մինչեւ 2021թ), Պավլիկ Մանուկյանը դատական նիստերի մեկի ընթացքում հայտարարեց, որ Արմենը չի եղել ոստիկան Մկրտչյանի վրա կրակողը, այլ մեկ ուրիշը, որի անունը հնչեցրեց, Պավլիկն ու Արմենը Ժիրայրի ու նրա անմիջական շրջանակի կողմից անմիջապես հռչակվեցին «ծախվածներ» ու «գործարքի գնացածներ»: Անընդունելի դրությանը լուծում գտնելու անպտուղ փորձերից հետո անուն հնչեցնելը համարվում է «ընկեր վաճառել». իսկ ի՞նչ պետք է համարվի ճշմարտությունն իմանալով հանդերձ՝ 2016թ-ից այն պարտակելն ու թույլ տալը, որ դեպքին բոլորովին չառնչվող ընկերը զոհ գնա ծանր անարդարության: Ես բոլորի նման իմացել եմ, որ կրակողն Արմենը չի եղել, բայց մինչեւ 2021թ ծանոթ չեմ եղել հարցի ներքին նրբություններին: 2018թ-ից շատ եմ փորձել համերաշխության մթնոլորտում լուծում գտնել այս հարցին, ապարդյուն:
• 2018թ իշխանափոխությունից հետո, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամների մեծամասնությունն ազատ էր արձակվել, խմբի ղեկավար դեմքի մոտ բարձրացրել եմ Արմենին իրավական առումով որակյալ պաշտպանություն ապահովելու անհրաժեշտության և նրան ընդհանրապես կեղծ մեղադրանքից ազատելու անհրաժեշտության ու դրա միջոցների հարցերը: Ստացել եմ դատարկ խոստումներ: Ոչինչ չի ձեռնարկվել, ոչ միայն այն ժամանակ, այլ երբեւէ: Ընդհակառակը: Արմենն օտարման է ենթարկվել և մշտապես խարազանվել: Ճիշտ է, նա իր հերթին 2018թ ամառվանից քամահրանքով է վերաբերվել նրանց նկատմամբ: Բայց նա’ է եղել իր ընկերների կողմից անարդարորեն լքվածը:
• Սկսած 2018թ- օգոստոսից, Արմենն իր մեղադրվածի շարունակվող կարգավիճակի համար պատասխանատու է համարել Ժիրայր Սեֆիլյանին: Նա բանտից պարբերաբար ինձ զանգում էր և ես զգում էի նրա խորը ատելությունը Ժիրայրի նկատմամբ: Չնայած ինձ համար անընդունելի էր Արմենի հանդեպ տեղի ունեցածը և ես հասկանում էի նրա հոգեվիճակը, բավարար տեղեկություններ չունեի Ժիրայրի նկատմամբ նրա մեղադրանքը հիմնավոր կամ ոչ հիմնավոր համարելու, ինչպես նաեւ ընդհանրապես ամբողջ հարցը բավարար չափով վերլուծել կարողանալու ու դատողություններ անելու համար: Իմ պարտքը համարեցի Ժիրայրին տեղեկացնել Արմենի ապրումների մասին, որպեսզի եթե հնարավոր է մի բան անել, արվի: Դա 2019թ-ին էր, այն ամիսներին, երբ Արմենի և’ մայրը և’ քույրը ծանր հիվանդ էին: Ժիրայրին տեղեկացրի թե’ Արմենի ապրումների ու ատելության, թե’ հարազատների վիճակի մասին: Նրա պատասխանը քար լռությունն էր:
• Արմենի մեղադրանքը «հիմնվում» էր մեկ ոստիկանի և խմբի երեք անդամների կեղծ ցուցմունքների վրա: Դատավարության ընթացքում, 2020թ-ին այդ երեք անդամները հրաժարվեցին իրենց ցուցմունքներից, պնդելով, որ դրանք ստորագրել էին ճնշումների տակ և ներողություն խնդրեցին Արմենից: 2021թ փետրվար 24-ին առաջին ատյանի դատարանը Արմենին արդարացրեց ոստիկան Մկրտչյանի սպանության հոդվածից և նա ստորագրության դիմաց ազատ արձակվեց: Նա պայքարի նախկին ընկերների միջից ինձ համարում էր միակ իսկական ընկեր և ազատվելուց հետո հաճախ էր հանդիպում ինձ: Այդ հանդիպումներից ես շատ բան եմ հասկացել ամբողջ հարցի մասին և հանգել եմ սեփական եզրակացությունների: Այդ հանդիպումներում նաեւ զգացել եմ Արմենի ատելության խորությունը Ժիրայրի նկատմամբ: Նա անդադար ասում էր, որ Ժիրայրը պիտի վճարի իր արածի համար: Դա ասում էր ոչ միայն ինձ, այլ հանդիպած բազմաթիվ մարդկանց:
Ապրիլին Արմենը մամուլի ասուլիս տվեց, որտեղ Ժիրայրին անբարոյական հայտարարեց ու այլ անուններով որակավորեց: Ես մտածեցի, որ նախքան հարցն ավելի բարդանա, պետք է փորձել այն առնվազն մեղմացնել: Իմ նախաձեռնությամբ և առանց Արմենին տեղյակ պահելու՝ ասուլիսից մեկ կամ երկու օր անց հանդիպեցի Ժիրայրին մոտիկ, նրա կողմից «լսվող» մարդու: Նրան առաջարկեցի վերջինին համոզել հանդիպել Արմենին, խոստանալով՝ նրա համաձայնության պարագայում ինքս համոզել Արմենին համաձայնել հանդիպմանը: Խոսակիցս առաջարկիս համաձայնվեց: Բայց դա էր. դրան ոչ մի հետադարձ կապ չհաջորդեց: Նույնը կրկնվեց մի քանի ամիս անց, Ժիրայրին մոտիկ մի այլ անձի հետ: Այդ անձի կողմից եւս ստացա դրական արձագանք, առաջարկին համաձայնություն. բայց դրանից հետո ոչինչ, ոչ իսկ հետադարձ կապ: Առանց փաստացի ապացույցներ ունենալու՝ ես կարող եմ վստահորեն ենթադրել, որ երկուսն էլ դիմել են Ժիրայրին ու երկուսն էլ հանդիպել նրա չոր ու կտրուկ մերժման:
• 2021թ դեկտեմբերի 10-ին «վերաքննիչ դատարանը», համարյա բոլորի համար անսպասելի, բեկանեց առաջին ատյանի որոշումը և ոստիկան Մկրտչյանի սպանության մեղադրանքով Արմենին դատապարտեց 25 տարվա բանտարկության: Նա դատարանի դահլիճից անմիջապես տեղափոխվեց բանտ: Սա լրջագույն շրջադարձ էր: Այս շրջադարձը «Սասնա ծռերն» ու Ժիրայրն անձամբ որակեցին ընդամենը որպես «պատժաչափի խստացում» ու անցան առաջ: Վճռի արձակման հաջորդ օրը, դեկտեմբերի 11-ին ես կապվեցի «Սասնա ծռեր» խմբի գլխավոր դեմքին և հանդիպում խնդրեցի: Հանդիպեցինք դեկտեմբերի 12-ի երեկոյան:
Ես նրան ասացի, որ այլընտրանք չի մնացել, պետք է իրենք անեն անհրաժեշտը, որպեսզի, որքան էլ դա դառն չլինի, իսկական կրակողը ներկայանա համապատասխան մարմիններին և այս մեծ անարդարությանը վերջ տրվի: Չկա, առարկայականորեն գոյություն չունի երրորդ տարբերակ: Իսկ այդ երկուսից ո՞րն է ավելի արդարը, կամ նվազ անարդարը: Նա դիմումս շատ կտրուկ կերպով մերժեց: Ես ասացի, որ այդ դեպքում ես հանդես եմ գալու նույնիմաստ հայտարարությամբ: Նա փորձեց ինձ տարհամոզել, իհարկե իզուր: Ունեցավ նաեւ շատ կարեւոր այլ արտահայտություններ, որոնք ցնոր տնօրինություն չեմ հրապարակի: Դեկտեմբերի 13-ի առավոտյան լույս տեսավ հայտարարությունս, որի միտք բանին և վերջին պարբերությունը հետեւյալն է. «Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին չթոթափել պատասխանատվությունը, գտնվել ազնիվ պայքարի բարոյական նշաձողի բարձրության վրա, իրենց խղճի վրա չպահել ծանր բեռ և մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար երկարատեւ դատապարտմանը»: Նախօրեի մերժումից հետո ես չէի սպասում, որ այդ հայտարարությունը նրանց մոտ ինչ որ բան փոխելու է: Դա միայն նպատակ ուներ ընթերցողների մոտ հարցադրումներ առաջացնել:
• Բայց ինձ համար այս ամբողջ կեղծիքը և Արմեն Բիլյանի նկատմամբ դառն անարդարությունը չեր կարող դրանով ավարտվել: Ես դիմեցի նրանց ողջամտության հրավիրելու մի վերջին քայլի: Կոնկրետ հարցում Արմենից խոստում վերցնելուց հետո, 2022թ հունվարի 3-ին «շարժման» գլխավոր երկու դեմքերին ուղարկեցի հետեւյալ նամակը: «Մինչեւ [առաջին ատյանի դատավոր] Մակյանի կողմից 2021թ փետրվարի 24-ին վճռի արձակումը գոյության իրավունք ուներ հետեւյալ տրամաբանությունը. իսկական կրակողի ներկայանալու պարագայում նա միանշանակորեն դատապարտվելու է, մինչդեռ, քանի որ կրակողը Արմեն Բիլյանը չէ, նա ունի կեղծ մեղադրանքից ազատվելու շանսեր: Փետրվարի 24-ի վճիռն ապացուցեց այս տրամաբանության անհիմն չլինելը: Բայց դեկտեմբերի 10-ին վերաքննիչը վերահաստատեց Արմենի դեմ մեղադրանքը և նրան դատապարտեց 25 տարվա բանտարկության:
Այդ տրամաբանությունն այլեւս չի աշխատում: Հիմա այլընտրանք չկա. կամ Արմենը պետք է 25 տարի բանտարկվի մի բանի համար, որի հետ ընդհանրապես կապ չի ունեցել, կամ, որքան էլ դառն չլինի, կրակողը պետք է ներկայանա և պատասխանատվություն ստանձնի: Անկախ ստորեւ ասվելիքից, ես խորապես համոզված եմ և գտնում եմ, որ դուք այլեւս ոչ բարոյական ոչ էլ որեւէ այլ բնույթի իրավունք չունեք ճշմարտությունը պարտակելու և պարտավոր եք անել անհրաժեշտը, որպեսզի կրակողը ներկայանա և Արմենն ազատվի անարդար երկարատեւ բանտարկությունից: Հիմա՝ հետեւյալը:
Ես Արմենից խոստում եմ վերցրել, որ եթե դուք անեք անհրաժեշտը, որպեսզի կրակողը ներկայանա համապատասխան մարմիններին և ստանձնի իր պատասխանատվությունը, որի հետեւանքով անարդարությունը վերջ գտնի և ինքը՝ Արմենը ազատվի, ապա ինքը փակելու է այս ամբողջ պատմության էջը: Արմենը պատրաստվում է հայտարարություններով հանդես գալ, որոնք, վստահեցնում եմ, ուժեղ հարված են լինելու ձեր բարոյական, հետեւաբար քաղաքական վարկին: Ասեմ, որ հայտարարության մեխը լինելու է՝ դեռ 2016թ-ից Գագիկ Մկրտչյանի վիրավորման/մահվան քննչական գործով ձեր և իշխանությունների միջեւ կայացած գործարքի մասին պնդումը: Եթե դուք կատարեք վերեւում նշվածը, ապա կրկնում եմ, ես իրենից խոստում եմ ստացել, որ նա չի անի այդ հայտարարությունները և կփակի այս պատմության էջը: Ինչ վերաբերում է ինձ, եթե դուք չընդունեք և չկատարեք այս առաջարկությունը, ապա ես վերջ եմ դնելու թե’ այս հարցի, թե’ ձեր հետ ունեցած քաղաքական խորը տարակարծությունների կապակցությամբ իմ մինչեւ հիմա ցուցաբերած հրապարակային զսպվածությանը: Մինչեւ 24 ժամ կսպասեմ պատասխանի: Հուսով եմ, որ այն դրական կլինի:
24 ժամից պատասխան չստանալու պարագայում եզրակացնելու եմ, որ չեք պատասխանելու: Ալեք 3 հունվարի 2022թ» Նամակն իրենց ձեռք հասնելուց 3-4 ժամ անց նրանցից մեկից հեռախոսազանգ ստացա: Նա ինձ ասաց, որ բովանդակության մասին պետք է խոսենք, թե իրենք առաջիկա 24 ժամերին այլ պարտավորություններ ունեն, հետեւաբար առաջարկեց ժամկետը 1 օրով երկարաձգել: Ես պատասխանեցի, որ նախ խոսելու առիթներ անցյալում շատ են ունեցել ու իրենք են բոլորը բաց թողել, խոսելու համար շատ են ուշացել, ապա՝ նոր վճռից հետո առարկայականորեն խոսելու նյութ ընդհանրապես չկա, հարցն ունի կամ այո, կամ ոչ պատասխան, առարկայականորեն չկան այլընտրանքներ կամ միջին լուծումներ. հետեւաբար նամակիս բովանդակությունը մնում է անփոփոխ: 24 ժամն անցավ ու այլ պատասխան չստացա: Այսինքն` նրանք մերժեցին վերջին ողջամիտ առաջարկությունը: Դեկտեմբերի 10-ի վճռից հետո, հունվարի 3-ի նամակից առաջ և հետո, «շարժման» անդամներ, ներառյալ ղեկավար դեմքեր, փորձել են Արմենի հարցով իմ առաջարկ-պահանջի «անպատեհ» լինելը «հիմնավորել» հետեւյալ մտքերով.
• Արմեն Բիլյանն ինչո՞վ է լավ Սմբատ Բարսեղյանից, ով եւս երկու ոստիկանի սպանության մեղադրանքով դատապարտվել է նույնպես 25 տարվա ազատազրկման: Պատասխանել եմ՝ Արմեն Բիլյանը ոչնչով լավ չէ Սմբատ Բարսեղյանից, բայց երկուսի պարագաներն ամենեւին համեմատելի չեն: Սմբատը մեղադրվում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար: Տեփանոսյանը մահացել էր գնդի գրավման նախավերջին օրը, գնդից 300-400 մետր հեռավորության վրա մուգ ապակիներով ավտոմեքենայում գտնված պահին ստացած գնդակի պատճառով: Սմբատին՝ նրա մահվան պատասխանատու համարելը ֆանտաստիկայի տիրույթից է և այդ մասին պնդում է նաեւ Տեփանոսյանի հայրը: Բայց տարբեր է Վանոյանի պարագան: Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Սմբատն ընդունել է նրա վրա կրակելու ակտին իր մասնակցությունը: Մինչդեռ Արմենը չի եղել Մկրտչյանի վրա կրակողը և նրա մեղադրական ակտը ամբողջությամբ կառուցված է կեղծիքի վրա:
• Երկրում այս վիճակը երկու տարուց ավելի չի կարող շարունակվել. ուստի Արմենը եւս 20 տարի բանտարկված չի մնա: Պատասխանել եմ՝ Դա ցանկալին իրականի տեղ ներկայացնել է: Անգամ եթե այդպես լինի, թող իսկական կրակողը ներկայանա ու երկու տարի անց վերագտնի ազատությունը:
•Արմենին դատապարտելով 25 տարվա բանտարկության, հակառակորդը հետապնդում է խմբի ներսում խժդժություն առաջացնելու նպատակ: Պետք չէ, Արմենի հարցը արծարծելով, ջուր ավելացնել նրանց ջրաղացին: Պատասխանել եմ՝ Կեղծիքը պահելով Արմենի վրա, խժդժությունն առաջացրել են իրենք, «շարժման» ղեկավարները: Իսկ անգամ եթե ասվածը ճիշտ լինի, ապա հակառակորդի նպատակը ձախողեցնելու լավագույն միջոցը անարդարության վերջ դնելն է, այլ ոչ թե այն շարունակելը: Այդ դեպքում խժդժությունը վերջ կգտնի:
• Հայաստանը գահավիժում է: Շուտով վճռաբեկ ատյանը հաստատելու է ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների բանտարկության վճիռները: Դա նպատակ է հետապնդում ջարդելու երկրում ՄԻԱԿ դիմադրական և ազգային ազատագրական ուժի ողնաշարը: Այս պայմաններում Արմենի հարցի արծարծումը ծառայում է նրանց նպատակին: Պատասխանել եմ՝ «Շարժման»՝ երկրում միակ դիմադրական և ազատագրական ուժը լինելու պնդումը, մեղմ ասած, շատ վիճելի է: Բայց անկախ դրանից, դա կապ չունի խնդրո առարկայի հետ: Արմենի հարցի արծարծումով վճռաբեկ ատյանի կողմից «Սասնա ծռերի» մյուս անդամների բանտարկության վճիռների հաստատման հավանականությունը ոչ ավելանում է, ոչ էլ պակասում: Այս «հիմնավորումը» պարզապես բուն հարցը շեղելու փորձ է: Այսպես, թե’ մինչեւ դեկտեմբերի 10-ի նոր վճիռը, թե’ դրանից հետո՝ կարծում եմ արել եմ այն ամենը, ինչ հնարավոր էր անել, որպեսզի, առանց իմ կողմից հարցը հրապարակայնեցնելու, միաժամանակ արդարությունը հաղթանակեր և նոր բարդություններ չառաջանային: Ցավոք, անխտիր բոլոր փորձերս բախվել են պատի: Ես պատրաստ չեմ համակերպվելու այս կեղծիքին և անարդարությանը, այն էլ յուրայինների կողմից: Ուստի, բոլոր ապարդյուն փորձերից հետո, վերջ եմ դնում այս հարցում իմ հրապարակային զսպվածությանը: Արդեն լսում եմ «Ալեք Ենիգոմշյանը՝ դավաճան», «Ալեքը՝ գործակալ» վայրահաչոցները: Բայց դա ամենը չէ: Հաշվի առնելով այն կատաղի համառությունը, որով թե’ «իրավապահ» մարմինները և թե’ «շարժման» ղեկավարները ամբողջ հինգ ու կես տարի կառչել են այս կեղծիքից ու ամեն գնով փայփայում են այն, ես հակված եմ մտածելու, որ այս հարցի հետեւում մեծ շահեր են թաքնվում: Դիպչելով այդ շահերին, Արմենն ու ես ինքներս մեզ թիրախ ենք դարձնում: Թող լինի այդպես: Անհամեստորեն ասեմ, որ իմ ամբողջ կյանքում ես մեկ ու միակ առաջնորդ եմ ունեցել. դա իմ խիղճն է: Ես չեմ դավաճանի իմ խղճին:
Ալեք Ենիգոմշյան