Հանրության համար վտանգավոր, արգելված և ժամկետանց հատուկ միջոցներ՝ Դիմադրության շարժման հավաքներն ուղեկցող ոստիկանության զորքերի մոտ

Այսօր Դիմադրության շարժման մասնակիցները առավոտյան երթով շրջապատեցին ՀՀ նախագահի նստավայրը` փակելով բոլոր ելքերն ու մուտքերը: Ոստիկանության զորքերը դարձյալ տեղում էին և անգամ հրմշտոցներ սկսեցին խաղաղ ցուցարարների հետ:

Քաղաքացիների աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ ի հավելումն այլ հատուկ միջոցների` այսօր ոստիկանության զորքերը ունեին նաև լրացուցիչ միջոցներ, որոնց շատերի կիրառումը արգելված է և անթույլատրելի խաղաղ հավաքների և ցույցերի ժամանակ այն դեպքում, հաշվի առնելով նաև, որ դրանց մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում կանայք և անչափահասները:

Օրինակ, այսօր ոստիկանության զորքերի ծառայողների մոտ նկատվել են 7.62 մմ ինքնաձիգեր, որոնք գտնվում են ոստիկանության զորքերի հաշվեկշռում: Ոստիկանության տրամադրության տակ` համար 1031 զորամասում եղել է նաև 104 միավոր 5.45 մմ ինքնաձիգեր, որոնք հանձնվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Այսօր ոստիկանության մոտ առկա ինքնաձիգերի վրա նկատվել է նաև ամրակցված փողատակի նռնականետ, որով արձակվում է հզոր լուսաձայնային արկ, որը կիրառվում է հավաքի մասնակիցներից բարձր 25 աստիճան թեքության վրա, որը հզոր լուսաձայնային ազդեցություն է գործում: Նշված նռնականետով օգտագործվում է նաև «VOG-25» մարտական նռնակ, որը, սակայն, ոստիկանության հաշվեկշռում չկա:

Նկատենք, որ ոստիկանության զորքերի հատուկ միջոցների հաշվեկշռում կա միայն 40 մմ լուսաձայնային արկ` «Սվիրել», ինչպես նաև ծխային արկ, որը չի նկատվել այսօր ոստիկանության զորքերի մոտ: Պետք է նշել, որ «Սվիրել» տեսակի նռնակների պիտանելիության ժամկետը լրացել է 2021 թվականի սեպտեմբերին, սակայն ոստիկանության զորքերի մոտ այսօր եղել է 4-ական միավոր «Սվիրել» տեսակի նռնակ: Ժամկետանց նռնակի օգտագործումը չափազանց վնասակար է և՛ այն կիրառողի, և՛ այն զանգվածի համար, որի դեմ այն կիրառվում է: Ժամկետանց նռնակները պետք է հանձնվեին պաշտպանության նախարարությանը ոչնչացման համար, սակայն դրանք այսօր ոստիկանները պատրաստ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ:

Հարկ է նշել, որ մի քանի օր առաջ, նաև` նախորդ տարի` Ազգային ժողովի շենքի բակում նկատված «Պլամյա-Մ» տեսակի էլեկտրոնային եղանակով պայթեցվող նռնակները ևս արգելված են օգտագործել այն հավաքների դեմ, որոնց շարքերում կան 18 տարեկանից ցածր անձինք: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի իրավիճակ կլիներ, երբ նման վայրում, ուր շարված են տվյալ նռնակները, անցնեին երեխաներ կամ հղի կանայք, որոնք այս օրերին բազմահազարանոց հանրահավաքներում և երթերում մեծ թիվ են կազմում:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31–րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է հատուկ միջոցները գործադրել խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ։

Սույն թվականի մայիսի 4–ին Ազգային ժողովի շենքի բակում նկատված «Պլամյա-Մ» տեսակի էլեկտրոնային եղանակով պայթեցվող նռնակներ

2021թ. մարտի 3-ին Ազգային ժողովի շենքի բակում նկատված «Պլամյա-Մ» տեսակի էլեկտրոնային եղանակով պայթեցվող նռնակներ

Նման դեպքում պետք է արձանագրել, որ իշխանությունները չեն խորշում հրահանգել ոստիկանությանը կիրառել արգելված հատուկ միջոցներ, ինչպես նաև ժամկետանց և վտանգավոր նռնակներ խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ, որոնց շարքերում մեծ թիվ են կազմում երեխաները և հղի կանայք: Նման միջոցների կիրառման դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել հանրության համար։

antifake.am

Տեսանյութեր

Լրահոս