Կշարունակի՞ կառավարությունը հովանավորել Գագիկ Ծառուկյանի բիզնեսը

Դեռևս 2019թ. կառավարությունը որոշեց սպառողների հաշվին լավություն անել ցեմենտի արտադրությամբ զբաղվողներին։ Ներմուծվող ցեմենտի, հետո նաև հումքի՝ կլինկերի վրա մաքսատուրք դրեց, ինչը ներքին շուկայում հանգեցրեց ներմուծվող ցեմենտի գների արհեստական բարձրացման։ Դա արվեց մի նպատակով, որպեսզի տեղական արտադրության արտադրանքը կարողանա մրցակցել ներմուծվող ցեմենտի հետ։

Ընթացքում մաքսատուրքի չափերը մի քանի անգամ վերանայվեցին, բայց այսօր էլ շարունակում են պահպանվել։

Ցեմենտի ներմուծման մաքսատուրքը հիմա 14 հազար դրամ է, կլինկերինը՝ 2 հազար։ Այս քայլով կառավարությունը փորձեց պաշտպանել ներքին արտադրությունն իրանական ցեմենտի ներմուծումից։

Հայաստանում կա ցեմենտի արտադրության 2 խոշոր գործարան՝ մեկը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտն» է, մյուսը՝ Հրազդանի ցեմենտի գործարանը։ Թեև արտադրության և սպառման ծավալներով առաջինն էապես գերազանցում է երկրորդին։ Մաքսատուրքերի կիրառման ճանապարհով կառավարությունն այս ոլորտում գործող ընկերություններին վերցրեց պետական հովանավորության տակ. ներքին շուկայում արհեստականորեն բարձրացրեց ներմուծվող ցեմենտի գները, որպեսզի դրանք մնան ջրի երեսին։

Չորրորդ տարին է՝ ոլորտում գործող ընկերություններն օգտվում են այդ արտոնությունից։ Նրանք շահում են, որովհետև ներմուծման նկատմամբ մրցակցության խնդիրներ չունեն, իսկ սպառողները տուժում են։ Նրանք ստիպված են անհամեմատ ավելի թանկ գին վճարել ցեմենտի համար, քան կարող էին վճարել, եթե ներմուծման վրա մաքսատուրք չսահմանվեր։

Բայց կառավարությունը որոշեց գնալ այդ ճանապարհով և սպառողների հաշվին ֆինանսավորել Գագիկ Ծառուկյանի ու ոլորտում գործող մյուս սեփականատերի բիզնեսը։ Լավ է, անշուշտ, որ կառավարությունը մտածում է տեղական արտադրողին պաշտպանելու մասին։ Բայց այնպես չէ, որ ներքին արտադրողի պաշտպանությունը պետք է արվի սպառողի հաշվին։ Սպառողը մեղավոր չէ, որ տեղական ցեմենտը մրցունակ չէ շուկայում։ Ու հիմա ստացվել է այնպես, որ 3 տարուց ավելի է, ինչ սպառողը հավելյալ գին է վճարում նրա համար, որ տեղական արտադրողն իրեն լավ զգա։ Գներն էլ իջեցնելու մասին չմտածի։

Սահմանված տուրքերն այնպիսին են, որ սկսել են տեղական արտադրությանը մրցակցային առավելություն տալ ներմուծվող ցեմենտի նկատմամբ։ Պատահական չէ, որ ներմուծվող ցեմենտի ծավալները գնալով կրճատվում են, իսկ տեղականինը՝ ավելանում։ Եթե 2020թ. Իրանից գրեթե 230 հազար տոննա ցեմենտ էր մտել Հայաստան, ապա 2021թ. այն կազմեց շուրջ 148 հազար տոննա. Կրճատվեց ավելի քան 35 տոկոսով։

Փոխարենը՝ տեղական արտադրությունն աճել է՝ 715 հազար տոննայից դարձել է 853 հազար տոննա։

Այս տարի էլ տեղական ցեմենտի ատադրությունը շարունակում է ավելանալ։

Անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել էր 81 հազար տոննա ցեմենտ։ Այս տարի այն հասել է գրեթե 154 հազար տոննայի։ Աճը 90 տոկոսին մոտ է։

Սա նշանակում է, որ կիրառվող մաքսատուրքերի արդյունքում տեղական արտադրողի ստացած առավելությունները ներմուծման նկատմամբ ավելացել են։ Էական չէ, թե ինչի հաշվին։

Միայն այս հանգամանքը բավական է հասկանալու համար, որ շուկայի գնագոյացման կոնյունկտուրան փոխվել է, ու ժամանակն է վերանայել ներմուծման գործող մաքսատուրքերը։ Չպետք է մոռանալ, որ այդ ամենը տեղի է ունենում սպառողի հաշվին։

Չորրորդ տարին է, սպառողը ֆինանսավորում է ներքին արտադրողին, ու ներքին արտադրողը պետք է բարի լիներ այդ ընթացքում մտածել իր արտադրության տեխնիկական վերազինման ու արտադրողականության բարձրացման մասին, և ոչ թե՝ հույս ունենար, որ մշտապես նստած է լինելու սպառողի վզին։

Ի՞նչ են արել այս ընթացքում տեղական արտադրողները սեփական արտադրության ինքնարժեքը նվազեցնելու և ներմուծման նկատմամբ մրցակցային հնարավորությունները, թեկուզ մասնակի, ավելացնելու համար։

Այս հարցի պատասխանը շատ կարևոր է՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է արդարացված եղել ոլորտում գործող ընկերություններին նման արտոնության տրամադրումը։ Երեք տարին լիարժեք բավարար ժամանակ էր արտադրության տեխնիկական վերազինման ու արդիականացման համար։

Եթե վերազինել են ու արդիականացրել՝ նվազեցնելով ծախսերն ու արտադրանքի ինքնարժեքը, ապա դա միանգամայն ողջունելի է և բավարար հիմք է տալիս՝ մտածելու ներմուծման մաքսատուրքերը վերանայելու մասին։

Եթե չեն վերազինել ու արդիականացրել արտադրությունը և հույսը դրել են նրա վրա, որ մաքսատուրքերը հարատև պահպանվելու են ու իրենց առավելություն են տալու ներմուծման նկատմամբ, ապա դա լրջորեն մտահոգվելու առիթ պետք է տա մաքսատուրքերի արտոնություն սահմանողներին։ Հատկապես որ, այդ քայլին գնալուց տեղական արտադրողի առաջ տեխնիկական վերազինման առումով որևէ պահանջ չեն դրել։

Չեն դրել, բայց դա չի նշանակում, թե սահմանված արտոնությունները պետք է անվերջ պահպանվեն։ Եկել է ժամանակն այս խնդրին կրկին անդրադառնալու համար։ Կա օրենսդրական նախաձեռնություն՝ նվազեցնել ցեմենտի ներմուծման մաքսատուրքը, իսկ կիսաֆաբրիկատներինը՝ ընդհանրապես հանել։ Պատճառաբանությունն այն է, որ նոր իրողությունների պայմաններում հիմա էլ ներմուծողն է հայտնվել անհավասար պայմաններում ու չի կարողանում դիմանալ ներքին արտադրողի հետ մրցակցությանը։ Մի բան, ինչը կարող է առիթ տալ տեղական գործարարներին բարձրացնել իրենց արտադրանքի գները։

Կգնա՞ն իշխանությունները մաքսատուրքերի վերանայմանը, թե՞ ոչ, կերևա առաջիկայում։

Բայց եթե նույնիսկ գնան, դրանից սպառողների շահն առավելագույնը լինելու է այն, որ զսպելու է տեղական արտադրողի աշխորժակը։ Գների նվազում դրանից չի ակնկալվում, ու նման հույսեր չպետք է ունենալ։

Այն, ինչ արել է կառավարությունը՝ ուղղված է ոչ թե ներքին արտադրության զարգացմանը, այլ եղածի պահպանությանն ու կոնսերվացմանը։ Դրանով խաթարվել է շուկայի արդար մրցակցությունը։

Որքան շուտ հնարավոր լինի այն վերականգնել, այնքան լավ ոլորտի հետագա զարգացումների համար։ Այլապես, այն դոփելու է տեղում և հետագայում ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։

Ի վերջո՝ արտոնյալ կարգավիճակը չի կարող անվերջ պահպանվել։ Մրցակցային խնդիրները պետք է լուծվեն տնտեսական և ոչ թե՝ վարչարարական լծակներով։ Դրանք կարող են ժամանակավոր գործիքներ լինել՝ տեղական արտադրողին օգնելու կամ պաշտպանելու համար։ Բայց երբ այն շատ է երկարում՝ դառնում է չարիք։ Ներքին արտադրողը դադարում է մտածել արտադրության արդիականացման ճանապարհով մրցունակության բարձրացման մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս