Ինչո՞ւ Հայաստանը չի հրապարակում Ադրբեջանին փոխանցված 6 առաջարկները. ինչի՞ց է վախենում իշխանությունը
Իրական դիվանագիտական թնջուկ է ստեղծվել Ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, կարգավորման հայկական ու ադրբեջանական առաջարկների շուրջ: Թեև դեռ մարտ ամսին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել էր ու նաև հրապարակել 5 հիմնական առաջարկներ, որոնք, ըստ Ադրբեջանի, պետք է կազմեին Խաղաղության համաձայնագրի հիմքը, հայկական կողմն էլ, ըստ էության, հայտնել էր, որ դեմ չէ այդ օրակարգին, ու այն ընդամենն ամբողջացման կարիք ունի: Եվ միայն վերջերս պարզվեց, որ հայկական կողմն էլ իր 6-կետանոց առաջարկներն է փոխանցել Ադրբեջանին: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ մայիսի սկզբին Բրյուսելում հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, օրերս առանց մանրամասնելու ակնարկել էր, որ Հայաստանն Ադրբեջանին 6 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել՝ թե միջազգային հանրությունում, թե Բաքվում ըմբռնում կա, որ խաղաղության բանակցությունները պետք է սկսվեն «5+6» օրակարգով, այսինքն՝ Բաքվի և Երևանի առաջարկած օրակարգով համատեղ:
«Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթները, «5+6» կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև մենք երկարաժամկետ գտնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը»,- նշել էր Գրիգորյանը: Իր հերթին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե բոլորը տեսել են Հայաստանի ներկայացրած փաստաթուղթը, և, որ դժվար է դրանք առաջարկներ անվանել։
«Հայկական կողմի փաստաթուղթը եղել է հակազդման տեսքով՝ ընդդեմ Ադրբեջանի առաջարկների: Ես կարող եմ թվարկել 6 կետից բաղկացած արձագանքներից մի քանիսը, և եզրակացնեք՝ որքանով դա կարելի է առաջարկություն անվանել»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ այս կետերի առնչությամբ ասել է, որ Բրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցերը: 168.am-ը հայ-ադրբեջանական առաջարկների մասին մի քանի հարց ուղղեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանին:
– Պարոն Դավթյան, պարզվեց, որ հայկական կողմը ևս որոշ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին, որոնք ի տարբերություն Ադրբեջանի՝ չի հրապարակվում: Ընդհանրապես հայկական կողմը հստակ չի ներկայացնում այն օրակարգը, սկզբունքները, որով պատրաստվում է սկսել, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի բանակցությունների գործընթացն Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, հայկական կողմը չի հրապարակում 6 առաջարկները, որոնք Ադրբեջանը նույնիսկ առաջարկներ չի համարում, և ինչպե՞ս կգնահատեք երկկողմ բոլոր հայտարարություններն այս գործընթացի շուրջ:
– Ես փորձեմ ավելի լայն դիտարկել այս հարցը: Եթե հարցը դիտարկենք այն բոլոր գործընթացների կոնտեքստում, որոնք սկսվել են ապրիլի կեսերից Հայաստանում, նկատի ունեմ փողոցային պայքարը, հատկապես Ադրբեջանում որևէ կերպ լուրջ չէին վերաբերվում այս ամենին, չէին ակնկալում, որ թափ կհավաքի, մարդիկ փողոց կփակեն, դուրս կգան, այդ քարոզն Ադրբեջանում բավականին ակտիվ էր, բայց երբ տեսան Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությունները, տեսան, որ մարդկանց լուրջ զանգված դուրս եկավ փողոց, մարդկանց թափը գնալով ավելացավ, սկսվեցին անհանգստությունները:
– Ի դեպ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը, խոսելով Հայաստանում բողոքի ակցիաների մասին, հայտարարել է, որ «հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, նույնիսկ 5-6 հազար մարդ չկա»:
– Ընդհակառակը՝ ադրբեջանական կողմում անհանգստություններ են առաջացել, որովհետև բոլոր պայմանավորվածությունները Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից վռնդելուց հետո առոչինչ են լինելու: Ես խոսում եմ ոչ թե՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի մասին, ես խոսում եմ դրանից դուրս, օրինակ՝ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք ընդհանուր առմամբ թաքուն են ու չբացահայտված, և, իհարկե, բոլոր այն պայմանավորվածությունների մասին, որոնք եղել են ՀՀ-Ադրբեջան հանդիպումների շրջանակում: Հետևաբար՝ ադրբեջանական կողմից կան ռեալ մտավախություններ և անհանգստություններ՝ եթե գա այնպիսի իշխանություն, որը, բնականաբար, գալու է, որը չի սպասարկելու Ադրբեջանի արտաքին քաղաքական շահերը, իրենք կորցնելու են բոլոր հնարավոր ձեռքբերումները, որոնք սպասվում են:
Պետք է նաև մեկ բան հասկանանք, որ բոլոր այն հայտարարությունները, որոնք արվում են Նիկոլ Փաշինյանի «բերանով», տարբեր մարդկանց կողմից Խաղաղության դարաշրջանի մասին, նրանք նույն Նիկոլ Փաշինյանն են, նրանց պետք չէ տարանջատել, ասել՝ Էդմոն Մարուքյան, Արմեն Գրիգորյան, որովհետև բոլորը մեկի բերանով են խոսում: Այդ վեց առաջարկություններ ասվածը՝ նույնիսկ հեգնեց Բայրամովը, ասաց, որ դրանք հազիվ թե առաջարկություններ լինեն, իսկ նման հայտարարություն անելուց առաջ ադրբեջանական կողմն ունի ծանրակշիռ փաստեր, և, բնականաբար, պետք եղած ժամանակ դրանք կհրապարակվեն, հիմա չեն հրապարակում, քանի որ հնարավորություն կտան ընդդիմությանը նոր մարդկանց հանել փողոց, ավելի արագ տանել այդ գործընթացը խափանման: Դրանք կհանրայնացվեն, երբ, օրինակ, վատ սցենարով ընթանանք, ու ընդդիմությունը պարտվի, պայքարը ձախողվի: Այդ ժամանակ հանրությունն էլ չի կարողանա հակազդել դրան:
– Իսկ ինչո՞ւ հայկական կողմն ինքը չի հրապարակում այդ կետերը: Ի սկզբանե սա տարօրինակ է, քանի որ Ադրբեջանը հրապարակել էր իր կետերը, Էդմոն Մարուքյանը իբրև թե փորձում է փարատել մտահոգությունները՝ ասելով, թե ներառված է վերջնական կարգավիճակի հարցը, բայց կարգավիճակը լայն հասկացություն է, որը նշանակում է, այդ թվում՝ Ադրբեջանի կազմում կարգավիճակ:
– Էդմոն Մարուքյանի կողմից անհանգստությունների փարատելը անտաղանդ քաղաքական գործչի գործողություն է, դրանում մենք համոզվել ենք դեռևս 44-օրյա պատերազմի մեկնարկից առաջ: Կա մի նպատակ՝ ծառայություն մատուցել Նիկոլ Փաշինյանին, և այդ ծառայության գինը հայրենիքն է լինելու: Արցախն Ադրբեջանի կազմում կարգավիճակ դիտարկելը նշանակում է՝ արցախահայերի հայաթափում Արցախից, եթե ոչ հայաթափում, ապա՝ բնաջնջում: Պատմական որևէ ժամանակաշրջան չի եղել, երբ արցախահայերն ու ադրբեջանցիներն ապրել են մեկ երկնքի տակ, խաղաղ և համերաշխ, դա միշտ ուղեկցվել է միջընտանեկան, միջգյուղական բախումներով, առհասարակ վերածվելով պատերազմի: Բայց այս մարդիկ ունեն շահագրգռվածություն այս տարածքներն Ադրբեջանի կազմում թողնելու, այդ թվում՝ ֆինանսական ու որոշակիորեն պաշտոնը զբաղեցնելու նպատակով: Հետևաբար՝ բոլոր պնդումները՝ հատկապես այսօրվա կզած իշխանության կողմից արվող, պետք է դիտարկել մեկ տրամաբանության ներքո՝ հայրենազրկում և հայրենիքի ոչնչացում:
– Ըստ Ձեզ՝ կոնկրետ վերջնական կարգավիճակի վերաբերյալ ի՞նչ ձևակերպում է դրված հայկական առաջարկներում, կամ ի՞նչ նկատի ունի հայկական կողմը՝ ասելով վերջնական կարգավիճակ:
– Հաշվի առնելով Ադրբեջանի բանակցային գործընթացում արվող տարբեր հայտարարություններ, բազմիցս խոսվել է մշակութային կարգավիճակի մասին, հետո խոսվել է ինքնավար մարզի կարգավիճակի մասին 2000-ականների սկզբներին, հետո՝ մշակութային կարգավիճակ, որից հետո Ադրբեջանը նշել է, որ դա հնարավոր չէ: Ես ենթադրում եմ, որ հայկական կողմից կարող է դիտարկվել հայկական համայնքի կարգավիճակ, ինչպես Ադրբեջանում կան ուդիական, հրեական համայնքներ, որոնք ըստ էության համայնքներ էլ չեն, իրենք չունեն համայնքի կարգավիճակը, իրենք ունեն սովորական Ադրբեջանի քաղաքացիություն, կրում են Ադրբեջանի քաղաքացու անձնագիր և, բնականաբար, ենթարկվում են Ադրբեջանի Հանրապետության օրենքներին և չունեն որևէ արտոնյալ իրավունքներ իրենց մշակույթն ու կրոնը զարգացնելու համար: Սա ակնհայտ է: Ենթադրում եմ, որ հայկական կողմի արված առաջարկը ենթադրում է մշակութային ինքնավարություն կամ որպես փոքրամասնություն՝ Ղարաբաղի հայերի համայնք, որի մասին ադրբեջանական կողմը բազմիցս խոսել է: Իրենք կփորձեն ջուր լցնել ադրբեջանական քարոզչության վրա, համաձայնեցնել ձևակերպումը և ստանալ համայնք ձևակերպումը, որպեսզի Ադրբեջանի կողմից ասվի՝ Ղարաբաղում ապրող հայերի հայկական համայնք, բայց այդ ձևակերպումը փուչ է ու լի չափազանց մեծ վտանգներով: